Рубрика: Կենսաբանություն 8

Մարսողական համակարգ

 

Մարսողության նշանակությունը: Օրգանիզմի կենսագործունեության բնականոն ընթացքի և էներգիայի պաշարները լրացնելու համար անհրաժեշտ է ընդունել որոշակի քանակությամբ սննդանյութեր: Սննդամթերքի հիմնական բաղադրիչները՝ սպիտակուցները, ճարպերը, ածխաջրերն ու հանքային աղերն են: Դրանցից սպիտակուցները, ճարպերը և ածխաջրերի զգալի մասը բարդ օրգանական միացություններ են և ունեն խոշոր չափսեր, ինչի արդյունքում չեն կարող անցնել աղիների պատով և ներթափանցել արյան և ավշի մեջ: Այդ պատճառով այդ նյութերը պետք է նախապես ճեղքվեն՝ վերածվելով ջրում լուծելի մանր և պարզ միացությունների:

Մարսողության սկզբնական փուլում սննդանյութերը մանրացվում և խառնվում են մարսողական հյութերի հետ: Այնուհետև մարսողական հյութերի ազդեցության տակ խոշոր և բարդ օրգանական միացությունները քայքայվում են ավելի պարզ միացությունների և դառնում են լուծելի ու մատչելի ներծծման համար:

Մարսողական համակարգը կազմված է մարսողական խողովակի օրգաններից և մարսողական գեղձերից:
Մարսողական օրգաններն են բերանի խոռոչը, ըմպանը, կերակրափողը, ստամոքսը, 12-մատնյա աղին, բարակ, հաստ աղիները, ուղիղ աղին և հետանցքը:

Մարսողական գեղձերն են թքագեղձերը, լյարդը, ենթաստամոքսային գեղձը, նաև ստամոքսի ու աղիների լորձաթաղանթում գտնվող հսկայական քանակությամբ մանր գեղձերը:

մարս-w500
Մարսողական խողովակի պատերն արտաքինից պատված են շարակցական հյուսվածքային թաղանթով, միջին շերտը հարթ մկանային կազմություն ունի: Այդ մկանաթելերի կծկման շնորհիվ աղիների պարունակությունը տեղաշարժվում է, և, ի վերջո, չմարսված նյութերը հեռացվում են օրգանիզմից: Մարսողական խողովակի պատերի ներքին շերտը լորձաթաղանթն է, որը կազմված է գեղձային էպիթելից:
Մարսողական համակարգի խանգարումները առաջացնում են մի շարք հիվանդություններ, ինչպես նաև պատճառ են դառնում գիրության:
Գիրությունը (մարմնի ավելորդ քաշ) շատ բարդ խնդիր է, քանի որ դրա առաջացման պատճառները ավելի շատ են, քան դրա դեմ պայքարի արդյունավետ միջոցները: