Рубрика: Հայրենագիտություն

Արտաշեսյաններ

Արտաշեսն ու Տիգրանը հայ ժողովրդի սիրելի արքաներն են, նրա պաշտելի հերոսները:

Նրանց համար ամենակարևորը հայրենիքի հզորացումն ու բարգավաճումն էր: Հայոց քաջարի արքաների մասին ստեղծված զրույցները, ավանդապատումները, առասպելները հարյուրամյակ­ներ են ապրել ու գրի առնվել մեր պատմիչների կողմից:

Արտաշես Առաջին (Ք.ա. 189-160 թթ.)

Արտաշես I-ը Արտաշեսյան արքայատոհմի (Ք.ա. 189-1 թթ.) հիմնադիրն է:

Ք. ա. 189 թ. դառնալով Հայոց թագավոր, նա հաջորդաբար Մեծ Հայքի սահմանների մեջ վերամիավորեց իրենից առաջ բռնությամբ անջատված հայկական հողերը:

Արտաշես արքան ստեղծեց հզոր բանակ: Նրա թագավորու­թյան ժամանակ մեր երկրում շատ նշանավոր գործեր կատար­վեցին: Ամենից առաջ նա շենացրեց ու բազմամարդ դարձրեց երկիրը: Իր գրաված երկրներից տարբեր ազգությունների մարդ­կանց բերեց և վերաբնակեցրեց Հայաստանի լեռնային վայրերում, դաշտերում ու հովիտներում: Նրա օրոք Հայոց աշխարհում, ըստ Մովսես Խորենացու՝ «անմշակ հող չմնաց»:

Արտաշեսը Հայոց աշխարհի ծովակների և գետերի վրա նա­վագնացություն է սահմանում, զարգացնում երկրագործությունը, ձկնորսությունը: Նա կարգավորում է Հայոց բուն տոմարը, այսինքն՝ տարին տարբեր շրջանների, ամիսների, շաբաթների, օրերի բաժանելու գիտությունը:

Արաքսի ափին հայոց արքան հիմնադրում է նոր մայրաքաղաք, որը նրա անունով կոչվեց Արտաշատ:

Реклама
Рубрика: Հայրենագիտություն

Դվին, Անի, Բագարան, Շիրակավան, Կարս

Դվին — 4-րդ դարի 30-ական թթ. հայոց Խոսրով Կոտակ թագավորը Արտաշատից ոչ հեռու գտնվող բլրի վրա հիմնեց երկրի նոր մայրաքաղաքը’ Դվինը (քաղաքն այդպես էր կոչվում համանուն բլրի անունով)։ Արշակունյաց թագավորության անկումից հետո Դվինը մարզպանական Հայաստանի կենտրոնն էր։ 5-րդ դարի երկրորդ կեսին, երբ կաթողիկոսական աթոռը Վաղարշապատից տեղափոխվեց այստեղ, Դվինը դարձավ նաև Հայաստանի հոգևոր, մշակութային կենտրոնը։

Այդ ամենի հետ միասին Դվինը ևս մի կարևոր դեր կատարեց։ Բանն այն է, որ 4-5-րդ դարերում Հայաստանի քաղաքների մեծ մասը հետադիմել էր։ Իսկ Դվինը, ընդհակառակը, վարչական կեն­տրոն լինելու շնորհիվ շարունա­կում էր մնալ որպես ար հեստ­ների և առևտրի խոշոր կենտրոն։ Արհեստագործության շատ ճյու­ղեր, որոնք այլ քաղաքներում գրեթե վերացել էին, Դվինում պահպանվեցին: Այսպիսով, Դվինը դարձավ արհեստագործու­թյան ավանդույթների պահպանողն ու փոխանցողը։ Դվինի ավերակներն այժմ փռված են Արտաշատի Վերին Դվին, Ներքին Դվին, Հնաբերդ և այլ գյուղերի տարածքներում։

Բագարան, Շիրակավան, Կարս — Բագրատունյաց թագավորու­թյան օրոք Հայաստանը չորս մայրաքաղաք է ունեցել՝ Բագա­րան, Շիրակավան կամ Երազ- գավորս, Կարս և Անի։

885 թ. Բագրատունյաց Հա­յաստանի մայրաքաղաք դարձավ Բագարանը։ Այստեղ էր գտնվում Բագրատունիների տոհմական դամբարանը։

Բագրատունյաց հաջորդ գահակալը՝ Աշոտ Երկաթը, իր թագավորության վերջում իր եղբորը՝ Աբասին, նշանակեց Կարս քաղաքի կառավարիչ։ Աշոտ Երկաթից հետո թագավոր դարձած Աբասը չտեղափոխվեց Շիրակավան։ Բագրատունյաց Հայաստանի նոր մայրաքաղաք դարձավ Կարսը։ Կարսում Աբաս արքան մեծ շինարարություն սկսեց։ Կառուցապատվեց քաղաքի միջնաբերդը, որտեղ թագավորական պալատն էր և այլ շինություններ։ Կարսագետի ափին կառուցվեց Ս. Առաքելոց Մայր եկեղեցին։ Դրանից հազար տարի հետո Եղիշե Չարենցն իր «Երկիր Նաիրի» վեպում հայրենի քաղաքի մասին կգրի. «Առաքելոց եկեղեցին ամենամեծ ու ամենանվիրական հրաշալիքն է, զարդն է, զարմանքն է այդ հնամյա քաղաքի»։

Անի — Պատմիչներն Անի քաղաքն անվանել են «մեծ», «տիեզերա­հռչակ»։ Այդ անուններին Անին արժանացել է իր հրաշալի պալատների, տաճարների, կամուրջների և այլ կառույցների համար։ Տպավորիչ են անգամ նրա ավերակները։

Անին Բագրատունյաց Հայաստանի չորրորդ և վերջին մայրաքաղաքն էր։ Մայրաքաղաք դառնալուց հետո Անին այնպիսի թափով է զարգանում և ընդարձակվում, որ Սմբատ II արքան ստիպված է լինում կառուցել նոր պարիսպներ։ «Սմբատյան»
կոչված այդ պարիսպների շուրջ երկուսուկես կիլոմետր և մինչև 10-12 մետր լայնությամբ խանդակ էր փորված, որը լցվում էր ջրով։

Պաշտպանական նպատակներից բացի այն օգտագործվում էր նաև ոռոգման համար։ Պա­րիսպներն ունեին քանդակներ և արձանագրու­թյուններ։ Անիի գլխավոր դարպասի՝ Ավագ դռան վրա քաղաքի զինանշանն էր՝ վազող հովազի բարձրաքանդակը։ Պաշտպանական կարևոր նշանակություն ունեին նաև Անիի կամուրջները։ Դրանցից մեկը ափերի հետ կապվում էր փայտե շարժական տախտակամածների միջոցով։ Վտանգի դեպքում տախտակամածը բարձրաց­վում էր։ Կար նաև քարանձավային և ստոր­գետնյա Անի’ իր սրահներով ու խորշերով, որոնք հիանալի թաքստոցներ ու ծուղակներ էին։

Անիի գլխավոր փողոցը 4-5 մետր լայնություն ուներ։ Այս փողոցով էր անցնում ջրմուղի հիմնական գիծը։ Ջրմուղը ոչ միայն կավե, այլև երկաթե խողովակներ ուներ։

Անին եկեղեցաշատ քաղաք էր։ Քաղաքի մասին խոսելիս, հաճախ ասվում էր’ Անին հազար ու մեկ եկեղեցի ունի։ Քաղաքն ուներ իր համալսարանը, մատենադարանը։

Հայոց հռչակավոր մայրաքաղաքն արհեստի և առևտրի խոշորագույն կենտրոն էր։ Անեցի վաճառականները առևտուր էին անում Բյուզանդիայի, Պարսկաստանի, Հնդկաստանի, Չինաս­տանի և այլ երկրների հետ։ Հետագա դարերում Անին բազմիցս հարձակումների է ենթարկվել, ավերվել է և կրկին վերակառուցվել։ Պատերազմները, երկրաշարժերն ու այլ աղետները կամաց- կամաց քայքայեցին քաղաքը։ 16-րդ դարում այն սովորական մի գյուղ էր, իսկ երկու դար հետո այնտեղ այլևս բնակիչներ չկային։

Անին միջնադարյան Հայաստանի ամենալավ ուսումնասիրված քաղաքներից է։ Հայոց հռչակավոր մայրաքաղաքի մասին գրվել են տասնյակ գրքեր, բազմաթիվ երգեր, բանաստեղծություններ և գեղարվեստական այլ գործեր։

Рубрика: Հայրենագիտություն

Հայոց մայրաքաղաքները. Վան, Արմավիր

Իր պատմության ընթացքում Հայաստանը տասներկու մայրա­քաղաքներ է ունեցել՝ Վան, Արմավիր, Երվանդաշատ, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ, Դվին, Բագարան, Շիրակավան, Կարս, Անի և Երևան։

Վան — Ք. ա. 9-րդ դարի երկրորդ կեսին, ինչպես հայտնի է, Սարդուրի I արքան հիմնադրեց Տուշպա (Տոսպ, Վան) մայրաքաղաքը:

Քաղաքի հիմնադիր արքայի օրոք Վանի կենտրոնում վեր խոյացող լեռան լանջերին կառուցվում են բազմաթիվ զինանոցներ, պահեստներ, դիտակետեր, իսկ միջնաբերդի ստորոտում՝  հզոր պարիսպ։

Վանի բերդը — Դրանից հետո էլ՝ Երվանդունիների օրոք, Վանը դարձյալ Հայաստանի մայրաքաղաքն էր։ Արքայանիստ քաղաքը որոշ ժամանակ կրում էր Երվանդավան անունը։ Քաղաքի բուռն զարգացումը շարունակվեց նաև Արտաշեսյանների ժամանակ։ Տիգրան Մեծն այստեղ բազմաթիվ արհեստավորներ ու առևտրականներ բնակեցրեց։ Քաղաքը ծաղկում էր ապրում նաև 10-11-րդ դարերում Վասպուրականի Արծրունյաց թագավորության
օրոք։ 19-րդ դարում Վանը Արևմտյան Հայաստանի կարևոր կեն­տրոններից էր, այստեղ հատկապես զարգացած էին արհեստները։ Մեծ համբավ ունեին վանեցի ոսկերիչներն ու արծաթագործները։ Մեծ եղեռնի ժամանակ հայկական Վանը ոչնչացվեց։

Այժմ Վանը գավառական ոչ մեծ քաղաք է ներկայիս Թուրքիայի տարածքում։

Արմավիր — Ներկայիս Արմավիրի մարզի Հայկավան գյուղի մոտ մի մեծ բլուր կա։ Բլրի գագաթին պա­րիսպների, պալատների, տա­ճարների և այլ շինությունների հետքեր կան։ Դրանք բոլորն ի հայտ են եկել պատմական Հայաստանի Արմավիր քաղաքի՝ մեր օրերում կատարված պե­ղումների հետևանքով։ Գրեթե երեք մետր բարձրությամբ հողագույն պատերն ու աղյուսաշեն սենյակները վկայում են, որ ժամանակին այստեղ ծաղկուն քաղաք է եղել։ Մովսես Խորենացին Արմավիրի հիմնադրումն ու անվան ծագումը կապում է Հայկ Նահապետի թոռ Արամայիսի անվան հետ։

Արմավիրը մշակութային ու կրոնական խոշոր կենտրոն էր։ Այստեղ բազմաթիվ մեհյաններ և հեթանոսական այլ սրբավայրեր կային։ Իսկ քաղաքի շրջակայքում Սոսյաց անտառն էր, որի ծառերի տերևների սոսափյունով քրմերը գուշակություններ էին անում։ Ք. ա. 3-րդ դարի վերջերին, երբ Հայաստանի նոր մայրաքաղաք դարձավ Երվանդաշատը, Արմավիրի դերը նվազեց։

Արմավիր մայրաքաղաքն այժմ չկա։ Բայց նրա անունով կա Արմավիր մարզկենտրոնը, Հայաստանի այլ բնակավայրեր և Արմավիր հայաշատ քաղաքը Հյուսիսային Կովկասում։

Рубрика: Հայրենագիտություն, Վախթանգ Անանյան

Վախթանգ Անանյան Հոգատարություն

Ի՜նչ հաջող են հեգնում մեր գյուղացիները։ Եվ այնպես նուրբ, որ հավատալդ չի գալիս, թե ձեռք են առնում քեզ։
Լոռու ձմեռանոցներից մեկի մոտ փափախը գլխին, մազոտ դեմքով մի ծերունու հանդիպեցինք։
— Բարի աջողում, որսի եք գնո՞ւմ,— հարցրեց նա մեր հրացաններին նայելով։
— Հա՛։ Կխտարի ենք գնում,— հաստատեց ընկերս։

Читать далее «Վախթանգ Անանյան Հոգատարություն»

Рубрика: Հայրենագիտություն

Մովսես Խորենացի

xorenaci

Խորենացին որպես Պատմահայր և ազգային մշակույթի խոշոր ներկայացուցիչ

Մովսես Խորենացին բացառիկ ու հան­ճարեղ անուն է հայոց պատմության մեջ: Նրան անվանում են Պատմահայր, Քերթո­ղահայրն փիլիսոփա: Նա սերունդներին է թողել ազգի պատմությունը՝ սկսելով անհիշելի ժամանակներից, առասպելա­կան պատմություններից մինչև իր ապրած ժամանակաշրջանը՝ 5-րդ դարը: Նրանից առաջ որևէ մեկն այսպիսի պատմություն չէր գրել: Ընդունված է համարել, որ Խորենացին հայերին տվեց իրենց ծննդյան վկայականը: Նա բացատրեց, թե ովքեր են հայերը, ինչ ծագում ունեն, որտեղից են գալիս:

Ինչպես մի թռչուն այս ու այն տեղից հավաքելով մի ծեղ, մի տերև, մի սեզ, մի փետուր, միակ իր կտուցի օգ­նությամբ հյուսում է բույն ձագուկների համար, այնպես էլ Խորենացին զանազան կցկտուր, անկապ, ավելի կամ պակաս հավանական տեղեկություններ այստեղից-այնտեղից հավաքելով, իր հմտության ու տաղանդի շնորհիվ կցկցել, միացրել, հարմարեցրել է իրար այդ նյութերը և ստեղծել է իր հոյակապ պատմագրական շենքը իր ազգի համար:

Ստեփան Մալխասյանց

Խորենացին իր ժամանակակիցներին և հետագա սերունդ­ներին ցույց տվեց, որ հայերը ծագում են Նոյի որդիներից, այսինքն աստվածաշնչյան ազգ են: Դրանով իսկ Պատմահայրը հայ ժո­ղովրդին դասեց ժամանակի քաղաքակիրթ ազգերի շարքը՝ միա­ժամանակ չկտրելով նրան իր դարավոր արմատներից (Հայկ, Արամ, Արա): Հայոց անցյալը հերոսական շատ էջեր ուներ: Խորենացին ցանկանում էր, որ իր հայրենակիցները լավ իմանան իրենց ազգի փառավոր անցյալը, հպարտանան իրենց հերոսներով և շարունակեն նախնիների արժանավոր գործերը:

Մովսես Խորենացին մեծ հայրենասեր էր։ Նրա համար ամենամեծ երջանկությունը փառավոր, անկախ, հզոր հայրենիք ունենալն էր: Իսկ հայրենիքին ծառայելը, այն շենացնելը մարդկային ամենամեծ առաքելությունն է: Նա իր մատյանով հենց այս էր ցանկանում ուսուցանել ապագա սերունդներին:

Մովսես Խորենացու կենսագրության մասին որոշ տեղեկու­թյուններ մեզ հասել են շնորհիվ նրա «Հայոց պատմության»: Այդ տեղեկություններից էլ իմանում ենք, որ Մովսես Խորենացին եղել է Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի աշակերտներից և նրանց կողմից ուղարկվել Ալեքսանդրիա՝ ուսում ստանալու: Ալեքսանդրիայում ապագա Պատմահայրը սովորում է մի շարք գիտություններ: Փայլուն կրթությունը հնարավորություն է տալիս նրան դառնալու իր ժամանակի կրթված և բազմակողմանի զարգացած գործիչ­ներից մեկը:

Հայրենասեր պատմիչը հասկանում էր, որ հայ ազգի գոյա­տևման համար անհրաժեշտ են միաբանություն, համերաշխու­թյուն, ազգասեր թագավորներ, աշխատասեր ու ստեղծագործ ժողովուրդ:

Խորենացու «Հայոց պատմությունը» այն մշակութային արժեքներից է, որոնք երբեք չեն հնանում:

Խորենացու մեջ կա ինչ-որ արտակարգ, զարմացնող և կախարդող մի բան… Խորենացին հետագա բոլոր սերունդներին մոտ հեղինակ է: Ըստ երևույթին դա պետք է բացատրել խորաթափանց մտքով ու բացառիկ ներք­նատեսությամբ, որոնք օգնել են նրան իր պատմության մեջ՝ դարերի փորձի վրա ստեղծել հայ ժողովրդի պատմական բախտի փիլիսոփայությունը և կռահումներ անել ոչ միայն անցյալի, այլ նաև գալիքի մասին:

Рубрика: Հայրենագիտություն

ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵԾԱՆՈՒՆ ԵՐԿԱՑԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ․ Գրիգոր Նարեկացի

hqdefault

Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա։

Եղիշե Չարենց

Մաշտոցյան գրերի գյուտից և թարգմանական հզոր շարժումից հետո ձևավորվեց հայ ինքնուրույն գրականությունը: Մեր առաջին հեղինակները պատ­միչներն են, որոնք գրեցին հայոց պատմության մասին գրքեր, մատյաններ:  Մովսես Խորենացին առաջինը գրեց հայ ազգի ամբողջական պատմությունը, իսկ Փավստոս Բուզանդը, Եղիշեն, Ղազար Փարպեցին և մյուսները, գրեցին մեր ազգի պատմության որոշակի ժամանակահատվածներ ներկա­յացնող պատմություններ:

Այդ բոլոր պատմությունները շատ արժեքավոր են, քանի որ ներկայացնում են մեր ժողովրդի անցյա­լը, հերոսական դրվագները, հաղթանակները, պարտությունները: Սակայն այդ պատմությունները արժեքավոր են նաև որպես գրական ստեղծագործություններ: Հենց դրանք հանդիսացան այն ամուր հիմքը, որի վրա հետագայում կառուցվեց հայ գրականու­թյունը:

Հայ գրականությունը հարուստ է, բազմազան ու հետաքրքիր: Յուրաքանչյուր հայ մարդ պետք է կարդա, սիրի և արժևորի երկար դարերի պատմություն ունեցող այդ գրականությունը:

Գրիգոր Նարեկացի

Հայ գրականության պատմության մեջ բացառիկ ու անկրկնելի երևույթ է Գրիգոր Նարեկացու ստեղծագործությունը: Նա ապրել է 10-րդ դարում Ռշտունյաց աշխար­հի գողտրիկ ու գեղատեսիլ մի վայրում: Դա բնության մի հրաշալի անկյուն էր, որ գտնվում էր Վանա լճի հարավային ափի մոտ, Աղթամար և Առտեր կղզիների դի­մաց: Այն շրջապատված էր Մոկաց և Ռշտունյաց բարձրագագաթ լեռներով: Հենց այդտեղ էր գտնվում սպիտակ, սրբատաշ քարերով կառուցված Նարեկավանքը, ուր և ապրել ու ստեղծագործել է Նարեկացին։

Քիչ հեռու գտնվել է ինը քարասենյակներով մի քարաժայռ, որն ըստ ավանդության, համարվում է Նարեկացու աղոթատեղին։

Նարեկացին մեզ թողել է բազ­մաթիվ տաղեր, կրոնական բնույթի գործեր և մի հանճարեղ պոեմ, որի վերնագիրն է «Մատյան ողբերգու­թյան»։ Այս պոեմը մեր ժողովուրդը սիրով անվանում է Նարեկ։ Հայ ժո­ղովուրդը մի առանձին սիրով է վերաբերվել Նարեկին: Մյն համար­վել է հրաշագործ գիրք, որը կարող է փրկել մարդու և հոգին, և մարմինը։ Նարեկը համարվում էր փրկարար միջոց. այն դնում էին հիվանդի գլխի տակ, նրանից տարբեր հատվածներ կարդում և հավատում, որ հիվանդը կապաքինվի։ Նարեկացին հավատում էր, որ յուրաքանչյուր մարդ, ով կկարդար իր մատյանը, կարող էր փրկության հույս ունենալ։ Դեռևս իր ապրած ժամանակներից Նարեկացու անունն ու գործը սրբացվել են։

Рубрика: Հայրենագիտություն, Հովհաննես Թումանյան

Պարույր Սեվակ Անլռելի զանգակատուն

Հազար ութ հարյուր վաթսունինն թվին

Հայոց այգիներն ի՞նչ պտուղ տվին,

Հայոց արտերում ի՞նչ բերք էր հասել,-

Դժվար է ասել:

 

Սակայն այդ թվին Մայր Հայաստանի

Արգանդը եղավ սրբորեն բեղուն:

Մի մանուկ ծնվեց Լոռվա Դսեղում…

Նա հետո պիտի դառնա պատանի,

Եվ երիտասարդ, և այր իմաստուն,

Անբախտ Մարոյին լացով սպանի,

Մեր հառաչանքը հասցընի Աստծուն:

Մրմուռից դաղված նրա բերանով

Սարոյի նանը պիտի ողբ ասի,

Մսրա զորքի հետ Դավիթը խոսի,

Գիքորը կանչի. «Էստի՜ համեցեք…»:

Նա պիտի երգի՝ ինչ է կամեցել
Իր մոխրակալած-հրակեզ հոգին
Եվ՝ որքան տրտում — նույնքան կենսագին՝
Տարիներ հետո նա պիտի դառնա
Մի ժողովրդի ազնիվ կենսագիր…
Միևնույն թվին, Լոռուց շատ հեռու՝
Անատոլուի խավար խորքերում
Մեկ ուրիշ մանուկ լույս աշխարհ եկավ:
Մինչ հայրը նրա՝ Գևոն կոշկակար,
Գոգնոցը հանեց, արխալուղ հագավ,
Հարևան-դրկից՝ մի-մի շիշ օղով՝
Նրա տուն մտան՝ աչքալուսանքի:
Հետո հերթն եկավ կանանց հոսանքի.
Մի թաս խավիծով կամ ձվածեղով՝
Ծննդկանի շուրջ նստեցին նրանք՝
Որդուն մաղթելով արևշատություն,
Նորատի մորը՝ շուտ ապաշխարանք,
         Աղվորիկ մի հարս,
         Բարի տատություն…
……………………
……………………
         Երևի այդօր —
         Եթե ոչ մարդկանց,
Գեթ ամենալուր և ամենազոր բնության համար —
         Տոն էր անսովոր.
Չէ որ նա գիտեր, թե ում է ծնել,
         Լսում էր չէ որ,
Թե ինչ նվագներ և ինչ անհամար,
Ինչ հայաշխարհիկ երգեր են հնչում
Այդ երկու թխլիկ նորածինների
Դեռ ոչինչ չասող առաջին ճիչում…
Երևի այդօր ցերեկը ձգվեց՝
Քնից նոր զարթնած կտրիճի նման,
         Իսկ ստվերները՝
Հարված սպասող շնիկների պես պոչերը քաշած՝
         Լուռ կծկըվեցին…
Երևի ահեղ ջրվեժներն այդօր
Հոսեցին անձայն, ինչպես նկարում,
         Եվ լույսը երգեց,
         Քարը պար եկավ…
Անատոլուի ավազուտներում երևի այդօր
Մարդիկ — քնի մեջ — ըմպեցին զովը Լոռվա ձորերի,
Ջահել այրու պես ծարավ արտերը և այգին պապակ
Հագուրդ ստացան կրքոտ Դևբեդի ջրից անապակ…
Իսկ Լոռվա ձորում քուն մտած մարդկանց
         Երազ այցելեց,
Մի հրաշալի՜ց-անսովո՜ր երազ.
Հարավից չված հազարան մի հավք,
Սոխակի ձայնով-ուժով անգըղի,
Աքլորների հետ լուսայգ շեփորեց կտուրներն ի վար,
Հետո դարավոր կաղնու փչակը կտցով քչփորեց
         Եվ — մե՜կ էլ հանկարծ —
Իր կտցի վրա այնտեղից հանեց
         Շողեր ծալծըլված,
         Շողեր դարսիդարս՝
Օձունի վանքի Շարակնոցի պես:
Մինչ այդ շողերը, ծալ-ծալ բացվելով,
Հենց այն է պիտի — ծլընգ հա՜ ծլընգ — զնգային կարմիր,
Հազարան հավքը հրթիռվեց-գնաց՝
Վերև սուրացող ասուպի նման,
Եվ… թառե՞ց արդյոք Լուսաստղի վրա,
Թե՞ ինքը դարձավ Լուսաստըղ մի նոր…
…Երևի այդօր — քանի՜ դար հետո —
Երկինք ու երկիր հաշտվեցին նորից…
…Երևի այդօր — քանի՜ դար հետո —
«Հայաստան» բառից պոկվեցին — ընկան
         «Ռուսա»-ն ու «Տաճկա»-ն…
Рубрика: Հայրենագիտություն, Հովհաննես Թումանյան

Հովհաննես Թումանյան

Հովհաննես Թումանյանը հայ ժո­ղովրդի ազգային մեծ բանաստեղծն է:

Ժողովուրդը նրան անվանում է «Ամենայն հայոց բանաստեղծ»: Նա ծնվել է 1869 թ.

Լոռու Դսեղ գյուղում: Թումանյանը գրել է բանաստեղծություններ, պոեմներ, զրույց­ներ ու հեքիաթներ, քառյակներ, պատ­մվածքներ, ակնարկներ և այլն:

Թումանյանը անսահման հարազատ է յուրաքանչյուր հայի: Քանի որ նա գրել է և մեծերի, և փոքրերի համար, նրա ստեղ­ծագործությունները հայ մարդուն ուղեկ­ցում են իր ամբողջ կյանքի ընթացքում:

Մի մանուկ ծնվեց Լոռվա Դսեղում…

Տարիներ հետո նա պիտի դառնա

Մի ժողովրդի ազնիվ կենսագիր…

Պարույր Սևակ

Թումանյանը անսահման հայրենասեր մարդ և բանաստեղծ էր: Նա իրենն էր համարում հայրենիքի և վիշտը, և ուրախությունը: Հայ անվանի գրող Ավետիք Իսահակյանը իր հուշերում պատմում է մի դրվագ Թումանյանի կյանքից: Նա ներկայացնում է իրենց այցելությունը Անի: «Մոտենում ենք Անիի հոյակապ պարիսպներին,- գրում է Իսահակյանը,- Օհաննեսը հուզված է, ոչինչ չի ասում, միայն արագացնում է քայլերը’ հայացքը շարունակ պարիսպներին: Նա հիացմունքով դիտում էր ամեն մի բեկոր’ արվեստի կնիք կրող: Լուռ, մտասույզ թափառում էր’ անցյալի հետ ներքին խոսակցությամբ տարված, կանգնում էր հրաշակերտ
շենքերի առաջ, հայացքը լարած նայում էր սյուներին, կամար­ներին, քանդակներին, ապա աչքերը գոցում, կարծես մի երաժշտություն էր լսու՝’ ոչ սովորական, ոչ այս աշխարհից։

….Երբ պարիսպներից դուրս էինք գալիս արդեն, Օհաննեսը վերջին անգամ նայեց Անիին և ասաց. «Ինչքան մարդ պիտի անբան-անասուն լինի, որ ձեռք բարձրացնի այս հրաշալիքների վրա։ Միթե այս գեղեցկությունը պիտի մեռնի առանց հետք թողնելու հայկական և ուրիշ ժողովուրդների արվեստի վրա»։

Рубрика: Հայրենագիտություն

Շառլ Ազնավուր

Картинки по запросу շառլ ազնավուր

Վաղինակ Միքայելի Ագնավուրյանը ծնվել է 1924 թվականին Փարիզում։ Նա ամբողջ աշխարհին հայտնի է որպես Շառլ Ազնավուր՝ ֆրանսիացի տաղանդավոր եր­գիչ, երգահան, բանաստեղծ ու դերասան։ Այն մեծագույն փառքը, որն այսօր ունի հայազգի մեծ երգիչը, ձեռք է բերվել համառ աշխատանքի ու երկար տարիների տառա­պանքի միջոցով։

Ելույթս ունեցավ այն ավարտը, ինչ տենչում ու սպասում էի այդքան տարիների դժվարությունների, նվաստացումների ու բոլոր տեսակի թշնամիների միջով։ Ինձ նորից ու նորից են կանչում։ Ես կանգնած եմ՝ չիմանալով ինչ անել։ Մինչ փառքի թևերը գրկում են ինձ, ժողովուրդն ինձ վերցնում է իր սրտի վրա, իսկ իմ սիրտը հալչում է հուզմունքից։ Ես կանգնած եմ ծափերի տարափի տակ, անշարժ, շվարած, արցունքներն աչքերիս։ Այո’։ Այդ երեկո ես նվաճեցի Փարիզը։

Շառլ Ազնավուր, «Ազնավուրը Ազնավուրի մասին» գրքից

Ամբողջ աշխարհին հայտնի է, որ Ազնավուրը հայ ժողովրդի զավակն է: Ճիշտ է, նա ծնվել, մեծացել, կրթություն ստացել ու որպես երգիչ կայացել է Ֆրանսիայում, սակայն մշտապես հպարտանում է, որ իրեն բախտ է վիճակվել լինելու հայ ժողովրդի զավակը: 1976 թվականին գրած «Նրանք ընկան» բանաստեղ­ծության մեջ Ազնավուրը ողջ աշխարհին հայտնում է, որ ինքը հայ է. այն ժողովրդի զավակն է, որը դարձավ 1915 թ. Մեծ եղեռնի զոհը: Բանաստեղծը համոզված է, որ անմեղ զոհերի հիշատակը միշտ պետք է վառ պահել, և ողբերգությունը երբեք չպիտի մոռացվի.

Ազնավուրը հայ ժողովրդի հետ էր նաև 1988 թ. դաժան երկրաշարժի ժամանակ: Այդ օրերին նա գրեց «Քեզ համար, Հայաստան» ազդեցիկ երգը: Այն ասես սպեղանի լիներ մեծ ողբերգության մեջ հայտնված հայ ժողովրդի համար.

Եթե քո բախտն ես անգամ անիծում,

Քո աչքերի մեջ, Հայաստան երկիր,

Հույսի մի շող եմես ուզում տեսնել,

Ուզում եմ տեսնել ցանկություն, ձգտում,

Ճակատագիրդ ձեռքդ առնելու,

Ճակատագիրդ ամուր պահելու:

Շառլ Ազնավուրը իր ժողովրդի հետ է նրա և տխրության, և ուրախության պահերին: Հայ ժողովուրդն էլ իր հերթին իր անսահման սերը մեծ երգահանի նկատմամբ արտահայտել է՝ նրա անունով կոչելով Երևանի հրապարակներից մեկը, արձանը կանգնեցնելով Գյումրիում։

Рубрика: Հայրենագիտություն

Արամ Խաչատրյան

aram_ilich_hachaturjan_vals_iz_muziki_k_drame_maskarad

Հայ մեծ երգահան Արամ Խաչատրյանի անունը հայտնի է ամբողջ աշխարհում: Խա­չատրյանի ստեղծագործությունները ծանոթ են բոլոր ազգերին, դրանք հնչում են ռադիոյով, հեռուստատեսությամբ, կինոֆիլմերում: Դժվար թե գտնվի մեկը, ով չի լսել Խաչատրյանի «Սուսերով պարը» «Գայանե» բալետից: Ա. Խաչատրյանի երաժշտական ընդունակու­թյունները նկատվել են շատ վաղ հասակում, սակայն նոտաները նա սովորել է 19 տարեկանում:

Դա 1922 թվականն էր, երբ ապագա մեծ երաժիշտն ընդունվում է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարան (թավջութակի դասարան): Դրա հետ միաժամանակ նա սովորում է Մոսկվայի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետում: Սակայն երաժշտությունն ավելի է գրավում Խաչատրյանին. նա շատ կարճ ժամանակում դառնում է ուսումնարանի լավագույն սաներից մեկը և հնարավորություն ստանում համերգներով հանդես գալ Մոսկվայի կոնսերվատորիայի դահլիճներում: Շուտով նա ընդունվում է Մոսկվայի պետական կոնսերվատորիա:

Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները արդեն համա­մարդկային արժեք են. նրա «Գայանե», «Սպարտակ» բալետները բեմադրվել և բեմադրվում են աշխարհի շատ երկրներում: Հայտնի են նաև կոմպոզիտորի սիմֆոնիաները, կոնցերտները և այլ երաժշտական ստեղծագործությունները: Խաչատրյանը բարձր էր գնահատում նաև երաժշտության դերը կինոյում: Նա գտնում էր, որ լավ երաժշտությունը նպաստում է ֆիլմի գաղափարի ամբողջական ընկալմանը: Հենց այս սկզբունքով էլ նա գրել է «Պեպո» և «Զանգեզուր» կինոնկարների երաժշտությունը:

Խաչատրյանը կենդանիներ շատ էր սիրում: Գերմանիայում նրան արքայական պուդել էին նվիրել, որի անունը Լյադո էր դրել (ըստ լյա և դո նոտաների): Կոմպոզիտորը հաճույքով էր զբոսնում կադոյի հետ: Վերջինիս հանդեպ տածած սիրո մասին է վկայում Խաչատրյանի «կադոն լուրջ հիվանդացել է» պիեսը’ նվիրված շանը:

Արամ Խաչատրյանի վաստակը մեծ գնահատականի է արժանացել. նրա անու­նը կրում են Հայաստանի ֆիլհարմոնիայի մեծ դահլիճը, դաշնակահարների և կոմ­պոզիտորների ամենամյա մրցույթը։ Նրա անունով փողոց կա Երևանում, իսկ արձանը կանգնեցված է Երևանի Ա. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի դիմաց։