Рубрика: Հենրիկ Բաբաջանյան

Հենրիկ Բաբաջանյան կենսագրությունը իր մասին

Հաճախ մնում եմ զարմացած, թե այդ ինչպե՞ս են գրում այն հայտնի մարդկանց անհայտ կենսագրությունը, ովքեր ապրել և ստեղծագործել են մի քանի հարյուր տարի առաջ, այն էլ զարմանալի և նախանձելի մանրամասություններով:
Իհարկե, դա նրանից է, որ նրանք մեծություններ են, նրանց կյանքը ընթացել է բուռն իրադրձություններով, սիրային և քաղաքական արկածներով:
Մի անգամ մի հայոց լեզվի ուսուչուհի ցույց տալով ինձ՝ իր կոլեգային, ասաց,-
-Այս մարդը բանաստեղծ է, ծանոթացիր:
Ես ամոթից կարմրեցի: Ես ի՞նչ բանաստեղծ եմ, ժողովուրդ:
Բանաստեղծը Նարեկացին է, Չարենցը, Թումանյանը, Տերյանը, Սևակը, Շիրազը… և շատ ուրիշները:
Չեմ հիշում ով է ասել ռուս մեծերից. « В России поэт больше, чем поэт»: Այդպիսին են ենձ համար նաև մեր պոետները:

Իմ մասին կարող եմ գրել այսքանը.

Ծնվել եմ Ադրբեջանում՝ Կիրովաբադ քաղաքի մոտ գտնվող Ղարադաղլու գյուղում, ուսուցչի ընտանիքում:
Ավարտիլով գյուղի միջնակարգ դպրոցը, տեղափոխվել եմ Հայաստան ուսումս շարունակելու: Ընդունվել եմ Հոկտեմբերյանի տեխնոլոգիական տեխնիկումը, ծառայել Սովետական բանակում, որից հետո ավարտել ուսումս և վերադարձել գյուղ: Աշխատել եմ « Բանվորական Կիրովաբադ» թերթի արդյունաբերական բաժնում որպես սեփական թղթակից:
Այդ աշխատանքը օրեցօր դարձավ անհետաքրքիր, ստեղծագործական ազատություն չկար, ամեն ինչ դրված էր շրջանակների մեջ: Մարդկանց ցավերի , հոգսերի և դժվարությունների մասին գրածը ոչ մի խմբագիր տպագրելու իրավունք չուներ:Այդ պատճառով էլ աշխատանքից հեռացա: Հետագայում տեղափոխվեցի Պյատիգորսկ, որտեղ միջև օրս էլ բնակվում եմ:
Ամուսնացած եմ, ունեմ երկու դուստր՝ Լուսինէ և Նելլի: Նելլին ավարտել է Պյատիգորսկի լեզվագիտական համալսարանի բանասիրական ֆակուլտետը:
Լուսինէն՝ նախ կարմիր դիպլոմով ավարտել է Պյատիգորսկի գեղարվեստական ուսումնարանը, հետո՝ տեխնոլոգիական համալսարանի դիզայնի ֆակուլտետը, նույնպես գերազանց, այժմ դասավանդում է այդ ֆակուկտետում: Նկարում է, մասնակցում ցուցահանդեսների:
Ես էլ այդ տարիների ընդացքում գրել եմ քառյակներ, առակներ, հետո մշակել, վերամշակել, հղկել, որպեսի նրանք լինեն կարճ, բովանդակալից, առանց անելորդ տողերի և բառերի:
Ինչքա՞ն է հաջողվել, ինչպիսի՞ն են ստացվել այդ ստեղծագործությունները, թող որոշեն ընթերցողները և ժամանակը: Մի բանում համոզված եմ… ավա՜ղ, դրանք ուշացած, հնաոճ և ոչ մոդայիկ են:
Արդեն XXI դարն է, շա՜տ է ուշ: