Рубрика: Հայոց լեզու 7, Հովհաննես Թումանյան, Գրականություն 7

Հատվածներ Հովհաննես Թումանյանի նամակներից

1.Ըստ տրված հատվածների բնութագրիր Հովհ. Թումանյանին:

Ծերության օրերում ես էլ հրապուրվել եմ կամ թեկուզ սիրահարվել, բայց սա զուտ ճաշակի զմայլմունք է և… էհ, ուրիշ ի՞նչ անենք: Հետո ի՞նչ դուրս կգա, չգիտեմ, միայն առայժմ մի քանի ոտանավոր են դուրս եկել:

*******

Կինը էական նշանակություն ունի մարդու վրա, մանավանդ զգայուն մարդու վրա: Երբ որ մարդ ու կին մի ներդաշնակություն չեն կազմում, երբ որ մեկը չի հանդիսանում իբրև լրություն մյուսի, այնտեղ մարդկային կյանքը և ամուսնությունը կորցնում է իր գերագույն խորհուրդը, դառնում է մի անտանելի, չնչին, բայց մաշող պայքարի հանդես և դժբախտության աղբյուր: <<Բայց մուկը ո՞վ, թռլոնը ո՞վ, որ իրար հետ ապրեն սիրով>>:

*******

Մեր կանանցից մարդ չի դուրս գալ, և մենք միշտ չկերած` կկշտանանք, ախորժակդ այնպես կփակեն, որ երբեք քաղց չզգաս, գնաս ու որձկալով ման գաս: Բայց ախար մարդ միշտ ունի մի քնքուշ էակի հետ գեղեցիկ-գեղարվեստական կապերով կապված լինելու կարոտը, երազային կյանքով երբեմն ապրելու տենչը: Եվ անշուշտ դու համաձայն ես, որ այս ավելի օրինավոր ու ընդունելի կապ է, քան թեկուզ վանքի եկեղեցում կատարված և մետրիքական մատյան մուծած ամուսնական կապը: Այս էլ կյանքի ամենախախուտ կողմերից մինն է` մարդիկ առհասարակ դժգոհ են, կնշանակի` էսպես չպիտի լինի: Ուրիշ տեսակ պետք է կարգադրվի, թե չէ բոլորս անբախտ ենք, և ամուսնացածներ, և ամուրիներ… Երևի բոլոր անասուններն այդ կողմից մեզնից ավելի են բախտավոր: Նրանք և ազատ են, և… ժուժկալ: Մենք կարծում ենք, ազատությունը կվնասի: Մենք միշտ վախենում ենք ազատությունից, այնինչ բոլորս կուզենայինք, որ ազատ լինեինք… Այսպես, չգիտենք, ընչի հավատանք, ինչ սիրենք, ինչ ցանկանանք – տարուբերվում ենք մի մեծ վարանքի մեջ, բարոյական մի անեզր ալեկոծության մեջ, նավահանգիստ չենք հասնում, փարոս չենք տեսնում, և մեր բոլոր մխիթարությունն այն է, որ ազնիվ են մեր տանջանքները:

******

Տխուր, սաստիկ տխուր մարդիկ ենք, թեև քիչ են խոր զգացողները:

******

Լավ ես ասում` թե կյանքը — կյանք է: Բայց մի մոռանար, որ մարդն էլ մարդ է: Մարդ հոգնում է, փոխվում է, կոտրվում է, և մինչև անգամ` մեռնում. այնուհետև դարձյալ կյանքը-կյանք է, բայց մարդը — էլ որտե՞ղ է…Չէ, քիչ մխիթարանք կա դրա մեջ:

*******

Մեջտեղը եթե մի խնդիր կա, մարդու վայելքի կամ ուրիշ խոսքով՝ երջանկության խնդիրն է – էդ էլ ինձ համար հոգու խաղաղությունն ու սրտի մաքրությունն է: Բայց էս էլ քիչ բան չի, հա~: Գրեթե ամեն բան է ու ամենամեծ ուժը, ինչ որ կարող է ունենալ մարդ արարածը: Էս դրության մեջ է, որ նա մոտենում է և հաղորդակից է լինում աստվածներին:

*********

Մեր կյանքը, չնչին բացառությամբ, հյուսված է այսպիսի օրերից՝  խեղդուկ է օդը, ժամերը ձանձրալի, երկինքն էլ կարծես վերևից ճնշող մի ծանր, բանտային կամար լինի: Այն, ինչ որ մաքուր ու վեհ է, չի երևում, չի շարժվում, իսկ ինչ որ շարժվում ու կյանք է հորինում իբրև — այն էլ շատ է նողկալի: Մեր կյանքին պակասում են մարդուն աստվածային տիպ պարգևող, ոգի ու ձգտում ներշնչող վսեմ բաները, նրանց հետ և պոեզիան: Բայց թող անկեղծ խոսեմ՝ ամենից առաջ պոեզիան: Ամեն բան, ինչ որ զուրկ է պոեզիայից, արժանի է ջնջվելու, ինչպես այս օրերը, որ միայն տրտունջ են հարուցանում:

********

Կարոտը ինձ համար ամենաթանկագին զգացումն է: Առհասարակ հագուրդը, կուշտ լինելը –ավելի ճիշտ – հղփանալը իջեցնում է մարդուն ներքև: Կարոտից է առաջ գալիս ամեն բարձր բան: Իդեալներն ի՞նչ են որ – հոգու կարոտներ: Եվ հենց սրա համար է լավ մենակությունը: Մենակության մեջ ամենավսեմ հաճույքներ կան, և դրանք այն րոպեներն են, երբ մարդու հոգին լա~յն, խաղա~ղ, անվրդո~վ ծփում է և սիրտը քաղցր-քաղցր ճմլում՝ երբեմն որոշ, երբեմն անորոշ կարոտներով: Մենակությունը աստվածային դրություն է:

********

Ես հետզհետե փիլիսոփայությունն եմ սիրում և բանաստեղծության մեջ էլ այն, որ ոչ արտասուք ունի, ոչ հուզմունք, այլ մի վեհափառ խաղաղություն, մի վոլիմպիական, վսեմ, արհամարհոտ թռիչք դեպի լավագույն աշխարհները և ավելի ջինջ ու մաքուր մթնոլորտները:

********

Էհ, սիրելիս, մենք առանց այն էլ կուչ եկած ենք. եթե միշտ նրա մասին մտածես, որ քեզ ավելի կուչ ածես, պրծանք: Այնուհետև՝ էլ դու չես – այլ մի ուրիշ մարդ, որ թերևս ավելի լավ ապրի, ավելի քիչ լինի ենթակա ձախորդությունների ու տագնապների, բայց այդ բոլորի հետ միասին էլ չի կարող նա այնպես շփերթ ու խելագար թևերը տարածել, այնպես հանդուգն ու անզուսպ մտածել:

Реклама
Рубрика: Հայոց լեզու 7, Հովհաննես Թումանյան, Ստեղծագործում ենք

Իմ Թումանյանը…

Թումայանը այն գրողն է, այն մեծն է, որին ես ճանաչում, սիրում և հարգում եմ դեռ խոր մանկությունից: Ես ինչքան ինձ հիշում եմ, գիտեմ նրա բանաստեղծությունները, ստեղծագործություններից` գոնե մեկը անգիր: Ինձ թվում է, որ Թումանյանից մի փոքրիկ մասնիկ կա ամենքիս մեջ և այն արթնանում է այն ժամանակ, երբ մենք ասմունքում ենք Թումանյան: Դա անկրկնելի տպավորություն է, որը ամեն մեկի մոտ տարբեր է: Կոնկրետ ես ամեն ագամ Թումանայն կարդալիս, ասմունքելիս զգում եմ ինձ հպարտ, ինքնավստահ: Ըստ իս Թումանյանի մասին պետք է իմանա ցանկացած հայ: Եթե մարդ ուզում է հայ կոչվի պետք է անպայման իմանա, թե Թումանյանը ով է և գոնե մեկ քառյակ, կամ մեկ ստեղծագործություն ասմունքի: Դա հայ լինելու ամենագլխավոր հատկանիշն է: Շատ կարևոր իրադարձություն է բոլոր հայերի համար Թումանյանի 150 ամյակը: Մենք բոլորս էլ գնահատում ենք Թումանյանի կատարած աշխատանքը, որը նա կարողացել է պահպանել մինչ այսօր և նվիրել մեզ, որից հետո մենք այդ մեծ և թանկարժեք նվերը նվիրելու ենք հաջորդ սերունդներին:

Շնորհակալ ենք Թումանյան…

Рубрика: Հայոց լեզու 7, Հովհաննես Թումանյան, Վահան Տերյան, Եղիշե Չարենց

Վ. Տերյան, Հովհ. Թումանյան և Եղ. Չարենց…

Վահան Տերյան. Հրաժեշտի խոսքերից

Ո՛չ տրտունջ, ո՛չ մրմունջ սգավոր,
Հեռացի՛ր, մոռացի՛ր ինձ հավետ.
Իմ ուղին միշտ մթին, մենավոր,
Կըգնամ իմ դժկամ ցավի հետ
Ւմ ճամփան՝ անվախճան մի գիշեր,
Ւնձ շոյող ոչ մի շող չի ժպտա.—
Հեռացի՛ր, մոռացի՛ր, մի՛ հիշիր,
Ինձ այդպես, քրոջ պես մի՛ գթա…
Հուսաբեկ, մութ ու մեգ թող լինի,
Ւմ վերև թող արև չըխնդա.
Լոկ երկունք, լոկ արցունք թող լինի,
Ինձ այդպես, քրոջ պես մի՛ գթա…

Հովհաննես Թումանյան. Ինձ մի՛ խընդրիր, ես չեմ երգի…

Ինձ մի՛ խընդրիր, ես չեմ երգի
Իմ տխրությունն ահագին,
Աղեկըտուր նըրա ձայնից
Կը խորտակվի քո հոգին…
Ոչ, քեզ համար այսպիսի երգ
Երգելու չեմ ես երբեք։

Ես երգեցի սարի վըրա,
Անապատ է այնտեղ հիմա,
Սև՜, ամայի անապատ…
Հառաչանքից այրված սարում
Էլ ծաղիկ չի դալարում։

Բույր ու զեփյուռ ես կուզեի
Եվ արշալույս ոսկեվառ,
Որ մի պայծառ երգ հյուսեի
Ու երգեի քեզ համար…
Բայց իմ սիրտը բըռնած են դեռ
Հուր հառաչանք, սև գիշեր։

Եղիշե Չարենց. Գիշերն ամբողջ հիվանդ, խելագար

Գիշերն ամբողջ հիվանդ, խելագար,
Ես երազեցի արևի մասին:
Շուրջս ո՛չ մի ձայն ու շշուկ չկար –
Գունատ էր շուրջս՝ գիշեր ու լուսին:
Ես երազեցի արևի ոսկին,
Տենչացի նրա հրաշքը խնդուն՝
Ուզեցի սիրել շշուկն իմաստուն՝
Արևանման, արնավառ խոսքի, –
Բայց շուրջս այնպես գունատ էր, տկար –
Խոսքեր չկային, ու արև չկար …

Рубрика: Հովհաննես Թումանյան, Գրականություն 7

Հովհաննես Թումանյան. Քառյակներ

Սովորած քառյակները կրկնել, մյուսները՝ սովորել :

Զուր եմ փախչում, ինձ խաբում,
Հազար կապ է ինձ կապում.
Ամենքի հետ ապրում եմ,
Ամենքի չափ տառապում:
**********

Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես,
Նենգ ու դավ եմ տեսել ես,
Տարել, ներել ու սիրել,-
Վատը` լավ եմ տեսել ես։
**************

Քանի՜ ձեռքից եմ վառվել,
Վառվել ու հուր եմ դառել,
Հուր եմ դառել` լույս տվել,
Հույս տալով եմ սպառվել։

**************

Հոգիս` տանը հաստատվել―
Տիեզերքն է ողջ պատել.
Տիեզերքի տերն եմ ես,
Ո՞վ է արդյոք նըկատել։
****************

Ո՜նց է ժպտում իմ հոգին
Չարին, բարուն,― ամենքին.
Լույս է տալիս ողջ կյանքիս
Ու էն ճամփիս անմեկին։
******************

Ի՜նչ ես թռչում, խև-դև սի՛րտ,
Հազար բանի ետև, սի՛րտ,
Ես ո՞նց հասնեմ հազար տեղ
Քեզ պես թափով, թեթև, սի՛րտ։
********************

Հին աշխարհքը ամեն օր
Հազար մարդ է մըտնում նոր,
Հազար տարվան փորձն ու գործ
Ըսկըսվում է ամեն օր։

********************

Ազատ օրը, ազատ սերը, ամեն բարիք իր ձեռքին,
Տանջում, տանջվում, որոնում է, ու դժբախտ է նա կըրկին.
Է՜յ անխելք մարդ, ե՜րբ տի թողնես ապրողն ապրի սրտալի,
Ե՞րբ տի ապրես ու վայելես Էս աշխարքը շեն ու լի։
**************************

Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անհոգ մարդ, միտքդ երկար, կյանքըդ կարճ,
Քանի՜ քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
Ի՜նչ են տարել նըրանք կյանքից, թե ի՛նչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ:

********************

Ո՞ր աշխարքում ունեմ շատ բան, միտք եմ անում` է՞ս, թե էն.
Մեջտեղ կանգնած միտք եմ անում, չեմ իմանում` է՞ս, թե էն.
Աստված ինքն էլ, տարակուսած, չի հասկանում ինչ անի.
Տանի՜, թողնի՜,- ո՞րն է բարին, ո՞ր սահմանում` է՞ս, թե էն։
***********************

Ամեն անգամ քո տվածից երբ մի բան ես դու տանում,
Ամեն անգամ, երբ նայում եմ, թե ի՞նչքան է դեռ մնում,-
Զարմանում եմ, թէ` ո՜վ շռայլ, ի՜նչքան շատ ես տվել ինձ,
Ի՜նչքան շատ եմ դեռ քեզ տալու, որ միանանք մենք նորից։
***********************

Հազար տարով, հազար դարով առաջ թէ ետ, ի՜նչ կա որ.
Ես եղել եմ, կա՜մ, կլինեմ հար ու հավետ, ի՜նչ կա որ,
Հազար էսպէս ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր,
Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՜նչ կա որ։
*********************

— Էս է, որ կա… Ճիշտ ես ասում. թասդ բե՛ր։
Էս էլ կանցնի` հանց երազում, թասը բե՛ր։
Կյանքն հոսում է տիեզերքում զնգալեն,
Մեկն ապրում է, մյուսն սպասում. թասդ բե՛ր։

*********************

Ես շընչում եմ միշտ կենդանի Աստծու շունչը ամենուր.
Ես լըսում եմ Նըրա անլուռ կանչն ու հունչը ամենուր.
Վեհացնում է ու վերացնում ամենալուր իմ հոգին
Տիեզերքի խոր մեղեդին ու մըրմունջը ամենուր։
************
Իմ կընունքին երկինքը` ժամ, արևը` ջահ սըրբազան,
Ծիածանը նարոտ եղավ, ամենքի սերն` ավազան.
Սարը եղավ կընքահայրըս, ցողը` մյուռոն կենսավետ,
Ու կընքողըս Նա ինքն եղավ, որ սահմանեց ինձ պոետ։

************

Տիեզերքում աստվածային մի ճամփորդ է իմ հոգին.
Երկրից անցվոր, երկրի փառքին անհաղորդ է իմ հոգին.
Հեռացել է ու վերացել մինչ աստղերը հեռավոր,
Վար մնացած մարդու համար արդեն խորթ է իմ հոգին։

Рубрика: Հովհաննես Թումանյան

Անդարձ ճամփորդներ

Իմ անցած կյանքն ու հին տարին,

Երկու անզոր ծերի նըման,
Զըրույց տալով գընում էին
Դեպի աշխարհն հավերժական։

Մինն ասում էր.— Ես ունեի
Թարմ ու բուրյան ծաղիկներ,
Ու բոլորը մարդկանց տըվի
Գարնան գըրկովն առատաբեր։

Մյուսն ասում էր.— Ես ունեի
Շատ ըզգացմունք ու կորով,
Ու ողջ ես էլ նըրանց տըվի
Սիրանըվեր երգերով։

Մինն ասում էր.— Ես թողեցի
Ձըմե՛ռ ու սև՛ էն հովտում։
Մյուսն ասում էր.— Ես թախծալի
Մի սիրտ բեկված ու տըրտում։

Մինը ասավ.— Բայց կըծաղկի
Էն հովիտը նորից նոր։
Մյուսը էստեղ ոչինչ չասավ,
Ու գնում էր գլխակոր…

Էսպես իմ կյանքն ու հին տարին,
Երկու անզոր ծերի նըման,
Զըրույց տալով գընում էին
Դեպի աշխարհն հավերժական։

Рубрика: Հայոց լեզու 7, Հովհաննես Թումանյան

Հովհ. Թումանյան

  1. Կրկնել Հովհ. Թումանյանի հետևյալ բանաստեղծությունը.

Երկու սև ամպ

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գնում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քշում, տանում։

Ու անդադար գնում էին՝

Քշված հողմի կատաղությամբ,
Իրար կպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

 2. Ձայնագրել-տեսագրել Հովհ. Թումանյանի բանաստեղծություններից: 

Օ՜, լո՛ւռ կաց, ընկե՛ր, այդ ինչ ես երգում…

Օ՜, լո՛ւռ կաց, ընկեր. այդ ի՞նչ ես երգում.
Ինչո՞ւ ես խաղաղ հոգիս փոթորկում
Ուրախ օրերի սիրելի երգով
Եվ սիրտս վառում անցյալի կրակով…

Քո ձայների հետ վաղուց հեռացած
Մի ուրիշ պատկեր մտքումս երևաց.
Ահա, կենդանի կանգնեց առաջիս,
Եվ ահա՛, դարձյալ կարոտ ականջիս
Հնչում է նորա ձայնը սրտալի,

Որպես երբեմն, երբ սիրված էի։
Եվ մտքումս, ահա, լուսավորվեցան
Հին ցնորքներս, անցքեր զանազան,
Գծերը հոգուս ծանոթ դեմքերի,
Տեսարանները հայրենի երկրի,

Այն օրհնյալ երկրի, ուր մի ժամանակ
Վայելում էի լիուլի հրճվանք…
Բայց զրկված եմ ես այժմ բոլորից.
Դու հիշեցնում ես կորուստս նորից—
Երջանկությունս մռայլ վիճակում

Եվ այդպես անգութ սիրտս կտրատում…
Ո՛հ, ներում եմ քեզ, չեմ հանդիմանում.
Չըգիտես, հոգիս, թե ի՛նչ ես անում.
Սակայն մի՛ երգիր այդ երգը ինձ մոտ.
Թո՛ղ, երգիր ուրիշ մի երգ անծանոթ։

Рубрика: Հայոց լեզու 6, Հովհաննես Թումանյան

Մայրենի դաս. աշ. Փարվանա Հ. Թ.

2. Համառոտ պատմել:
Աբուլ սարի վրա կար մի ամրոց` Փարվանա: Այդ ամրոցում իշխում էր Փարվանա արքան: Նա ուներ մի դուստր, շատ գեղեցիկ և ուզում էր նա իր դստեր համար քաջ և ահեղ փեսացու գտենլ: Ասաց նա հավաքված կտրիճներին, որ ով կարողնա մյուսներին հաղթե,լ կդառնա իր աղջկա ամուսինը: Բայց աղջիկը չհամազայնեց: Նա ասաց, որ ամենաքաջը կարող է լինել տմարդի, իսկ նա չէր ուզում այդպիսի մարդւո հետ ամուսնանալ: Այդ պատճառով աղջիկը որոշեց ամուսնանալ նրա հետ, ով կկարողանար բերել իրեն անմահ ճրագը: Բոլոր կտրիճները գնացին և այլևս չվերադարձան: Անցան տարիներ: Արքայադուստրը մտածում էր, թե ով առաջինը կգա իր մոտ, բայց տարիներ անցան և ոչ ոք չեկավ: Այդ ժամանակ արքայադուստրը այնքան լաց եղավ, որ ամբողջ արքունիքը լիճ դարձավ` իր մեջ վերցնելով նաև թագավորի ամրոցը: Այսպես այդտեղ առաջացավ Փարվանա անունով մի լիճ, իսկ այն բոլոր կտրիճներն այնքան ման եկան, որ վերջում թիթեռներ դարձան և ամեն անգամ ճրագ տեսնելիս հարձակվում են ճրագի վրա և փորձում են վերցնել այդ ճրագը, որպեսզի տանեն իրենց սիրավ արքայադստեր մոտ: Եվ այդպես այրվում են Փարվանա կտրիճները:

3. Անգիր սովորել առաջին մասը:

ՓԱՐՎԱՆԱ

I
Բարձրագահ Աբուլն ու Մըթին սարեր
Մեջք մեջքի տըված կանգնել վեհափառ,
Իրենց ուսերին, Ջավախքից էլ վեր՝
Բըռնած պահում են մի ուրիշ աշխարհ:Ասում են՝
էնտեղ արծըվի նըման,
Ծիծղուն, կապուտակ երկընքի ծոցում,
Նըստում էր էն սեգ սարերի արքան
Իրեն Փարվանա ճերմակ ամրոցում:Փարվանա արքան մի աղջիկ ուներ.Ու ոչ մի որսկան դեռ իրեն օրում
Էնքան գեղեցիկ եղնիկ չէր տեսել`
Իր որսն անելիս Մըթին սարերում:

Աշխույժ մանկությամբ զարդարում էր նա
Ծերության օրերն ու սարերն իր հոր,

Ու ապրում էր ծեր արքան Փարվանա
Իրեն էն քընքուշ ծաղկով բախտավոր:

Մեծ բախտը սակայն առաջևն էր դեռ.
Եկավ էն օրն էլ հասավ երջանիկ,
Ու ղըրկեց արքան ուրախ դեսպաններ

Ամեն մի ամրոց, ամեն արքունիք:

— Ո՜րտեղ է, ասավ, էն քաջը, թե կա,
Իմ չընաշխարհիկ դըստերն արժանի,
Թող առնի իր ձին, իր զենքն ու զըրահ,
Գա՜, ցույց տա իրեն, իր բախտը տանի…

Читать далее «Մայրենի դաս. աշ. Փարվանա Հ. Թ.»

Рубрика: Հայոց լեզու 6, Հովհաննես Թումանյան

Ընկերին.. Հովհաննես Թումայան

Իմ վեհ տենչերի, չըքնաղ վըշտերի,

Վառ երազների մըտերիմ ընկեր,
Դու էլ ինձ նըման պանդուխտ ու գերի,
Անզուսպ կարոտով ձըգտում ես միշտ Վեր։

Այնտե՜ղ, մեր հոգու սուրբ հայրենիքում,
Խաղաղ օրերի պայծառ լույսի տակ
Ապրում է սերը, ժըպիտը ծաղկում,
Ուրախ երգերը թընդում ներդաշնակ…

Բայց, ա՜խ, նա այնքան, այնքա՜ն է հեռու,

Ու՝ մինչև այնտեղ կըհասնենք մենք դեռ,
Այնքա՜ն ենք լալու, այնքա՜ն տանջվելու,
Իմ տանջանքների մըտերի՛մ ընկեր։

Рубрика: Հայոց լեզու 6, Հովհաննես Թումանյան

Թումանյանը համարվում է ամենայն հայոց մեծ բանաստեղծ…

250px-Հովհաննես_Թումանյան

Թումանյանը համարվում է ամենայն հայոց մեծ բանաստեղծ…

Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին Լոռվա Դսեղ գյուղում: 1877-1879 թվականներին Թումանյանը սովորել է Դսեղի ծխական դպրոցում։ 1883 թվականից բնակվել է Թիֆլիսում:  1883-1887 թվականներին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, սակայն նյութական ծանր դրության պատճառով 1887 թվականին կիսատ թողնելով ուսումը` աշխատել է Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետև Հայ Հրատարակչական միության գրասենյակում մինչև 1893 թ.: 1899 թվականին նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամներն էին Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Ղազարոս Աղայանը, Պերճ Պռոշյանը, Նիկոլ Աղբալյանը և ուրիշներ։ Որոշ ընդմիջումներով խմբակը գոյատևել է մինչև 1908 թ.: 1888 թվականին տասնինը տարեկան հասակում Թումանյանն ամուսնանում է տասնյոթամյա Օլգա Մաճկալյանի հետ: Նրանք ունեցան 10 երեխա՝ Մուշեղ, Աշխեն, Նվարդ, Արտավազդ, Համլիկ, Անուշ, Արփենիկ, Արեգ, Սեդա, Թամար: Ամենամեծը Մուշեղն էր, իսկ ամենափոքրը Թամարը: Թումանյանը գրականության զարգացման հիմնական աղբյուրներ համարել է բանահյուսությունը՝ լեգենդները, առակներն ու ավանդությունները, հեքիաթները («Աղավնու վանքը», «Չարի վերջը», «Գառնիկ ախպերը», «Մի կաթիլ մեղրը» և այլն)։ Այս սկզբունքով են ստեղծված նաև «Սասունցի Դավիթ» (անավարտ), «Թմկաբերդի առումը» պոեմները, «Ախթամար», «Փարվանա» բալլադները։

Рубрика: Հովհաննես Թումանյան

Բանաստեղծը ծերացել է…

Բանաստեղծը ծերացել է.
Թունդ մրրիկը, որ անցել է,
Հետք է թողել լայն ճակատին,
Եվ աչքերում աստվածային

Կայծը դարձյալ ցոլանում է.
Բայց նա, կարծես, սըլանում է
Դեպի երկինք, կամքով որի
Իջավ երկիր— ոգևորի։

Ինձ շատ է դուր եկել այս բանաստեղծությունը, որովհետև նրա մեջ կա մի հետաքրքիր իմաստ, որը գտնելու համար պետք է շատ մտածել և փնտրել: