Ամառային ընթերցանություն 4

Գանձանակ: Էտգար Կերետ

Հայրիկը չէր համաձայնվում գնել ինձ համար այդ խաղալիքը՝ Բարտ Սիմփսոնին: Այ մայրիկը՝ ուզում էր, իսկ հայրիկը ոչ մի գնով չէր համաձայնվում: Ասում էր, թե ես երեսառած եմ: «Էդ ինչո՞ւ պիտի հանկարծ ու գնենք այդ խաղալիքը,- ասում էր նա մայրիկին:- Ինչի՞ համար: Բավական է՝ ծպտուն հանի, դու արդեն նետվում ես՝ կատարելու նրա ամեն մի քմահաճույքը»: Հայրիկն ասում էր, թե ես հարգանք չունեմ փողի հանդեպ, և եթե հիմա՝ մանկուց չսովորեմ, ապա էլ ե՞րբ… Երեխաները, որոնց համար, հենց մտքներովն անցնում է, Բարտ Սիմփսոն են գնում, ավարա են մեծանում և կրպակներ թալանում: Վարժվում են, որ իրենց ամեն ինչ հեշտությամբ է տրվում: Եվ ահա, Բարտի փոխարեն նա ինձ համար գնեց ճենապակե անճոռնի մի խոզուկ, մեջքին՝ հարթ ճեղքով: Այ, հիմա ես մարդ կդառնամ, ոչ թե…
Ամեն առավոտ պարտավոր էի մի բաժակ կակաո խմել, թեկուզև  զզվում էի: Սերուցքով կակաոյի համար՝ մեկ շեկել, առանց սերուցքի՝ կես շեկել: Իսկ եթե հանկարծ սիրտս խառներ ու փսխեի, ոչինչ չէի ստանա: Դրամը մեջքի ճեղքով նետում էի Խոզուկի մեջ: Եթե ցնցում էի, մեղմ զնգոց էր լսվում: Երբ Խոզուկը լցվի այնքան, որ էլ չզնգա, սքեյթբորդով Բարտ կստանամ: Հայրիկն է այդպես ասել: Այդպես, ասել է, ավելի դաստիարակչական կլինի:
Իսկ Խոզն, այնուամենայնիվ, հմայիչ էր, և քիթն էլ դիպչելիս այնքան սա՜ռն էր: Նետում ես շեկելը ճեղքի մեջ՝ Խոզը ժպտում է, կես շեկել ես նետում՝ էլի ժպտում է: Բայց հրաշալին այն է, որ ժպտում է նաև առանց դրա, հենց այնպես: Ես անուն էլ էի ընտրել նրան՝ Պեսախզոն: Դա այն մարդու անունն էր, որն ինչ-որ ժամանակ ապրել էր մեր հասցեում: Հայրիկը ոչ մի կերպ չէր կարողանում ցուցանակից քերել-ջնջել նրա անունը: Պեսախզոնը նման չէ իմ մյուս խաղալիքներին. շա՜տ հանդարտ է: Նա առանց հոսանքի է, առանց զսպանակների ու մարտկոցների, որոնք անվերջ փչանում են: Հարկավոր է միան հետև ել, որ հակարծ սեղանից ցած չգլորվի: «Պեսախզոն, զգույշ եղիր, չէ՞ որ դու ճենապակուց ես»,- ասում եմ, երբ հայտնվում է սեղանի եզրին. նա սիրում է ցած նայել: Պեսախզոնը ժպտում է և համբերատար սպասում, որ ափերիս մեջ առնեմ իրեն ու դնեմ հատակին: Ես ուղղակի խենթանում եմ նրա համար, նրա այդ ժպիտի համար: Միայն հանուն նրա էի ամեն առավոտ սերուցքով կակաո խմում: Որ շեկելը խցկեմ մեջքը և համոզվեմ՝ նրա ժպիտը մազաչափ անգամ չի փոխվում: Ես սիրում եմ քեզ, Պեսախզոն,- այդժամ ասում եմ նրան:- Իմ ամենաազնիվ բարեկամ, ես սիրում եմ քեզ մայրիկից ու հայրիկից առավել: Եվ միշտ կսիրեմ, անգամ եթե դու մեծանալով՝ ավազակ դառնաս ու կրպակները ավերես: Բայց եթե հանկարծ սեղանից ցած թռչե՜ս, տես հա՜…

Երեկ հայրիկը եկավ, սեղանից վերցրեց Պեսախզոնին, շրջեց և  սկսեց ուժեղ թափահարել:
— Զգույշ, հայրիկ,- ասացի,- նրա փորիկը կցավի:
Բայց հայրիկն ինձ չէր լսում:
— Նա այլև ս չի զրնգում։ Գիտե՞ս՝ դա ի՞նչ է նշանակում, Յոավի: Նշանակում է՝ վաղը դու անվավոր Բարտ Սիմփսոն կստանաս:
— Ո՜ւխ,- ասացի,- սքեյթբորդով Բարտ Սիմփսո՜ն… հրաշալի է… Միայն հերիք է ցնցես Պեսախզոնին, նրան հաճելի չի:
Հայրիկը տեղը դրեց Պեսախզոնին և  գնաց մայրիկի ետևից: Վերադարձավ՝ մի ձեռքով մայրիկին ձգելով, մյուսով՝ մուրճը բռնած:
— Դե,- ասաց նա,- ի՞նչ էի ասում: Երեխան սովորում է գնահատել իրերը: Ճի՞շտ է, Յոավի:
— Իհարկե, սովորում է,- ասացի,- իհարկե, իսկ մո՞ւրճն ինչի համար է:
— Քո համար,- ասաց հայրիկն ու մուրճը ձեռքս տվեց,- միայն զգո՜ւյշ:
— Իհարկե, զգույշ կլինեմ,- ասացի:
Եվ իրոք զգույշ էի: Բայց մի քանի րոպեից հայրիկը չհամբերեց ու ասաց.
— Դե, ջարդիր վերջապես այդ Խոզին:
— Ի՞նչ,- հարցրեցի,- Պեսախզոնի՞ն:
— Այո, այո, Պեսախզոնին,- ասաց հայրիկը:- Դե, քեզ տեսնեմ, ջարդիր, դու ազնվորեն ես վաստակել Բարտ Սիմփսոնին: Դրա համար շատ ջանք ես թափել:
Պեսախզոնը ժպտում էր ինձ ճենապակե խոզուկի տխուր ժպիտով՝ հասկանալով, որ եկել է իր վերջը: Թող գետնի տակն անցնի այդ Բարտ Սիմփսոնը. ես չեմ կարող մուրճով խփել ընկերոջս գլխին:
— Սիմփսոն չեմ ուզում,- և  հայրիկին վերադարձրեցի մուրճը,- ինձ Պեսախզոնն էլ հերիք է:
— Դու չհասկացար,- ասաց հայրիկը,- այդպես է պետք: Տուր այստեղ, ես ինքս կջարդեմ:
Հայրիկը վրա բերեց մուրճը. հանկարծ ես նկատեցի մայրիկի մոլորված հայացքն ու Խոզուկի հոգնած ժպիտը և  հասկացա, որ հիմա իմ քայլն է, եթե ինչ-որ բան չանեմ, Պեսախզոնի վերջը եկել է:
— Հայրիկ,- կառչեցի նրա ոտքից:
— Ի՞նչ, Յոավի,- ասաց հայրիկն, ու մուրճը բռնած ձեռքը քարացավ օդում:
— Խնդրում եմ, տուր ինձ ևս մի շեկել: Թույլ տուր՝ վաղը կակաոյից հետո մի վերջին շեկել էլ գցեմ նրա մեջ: հետո կջարդենք, վաղը, խոստանում եմ:
— Եվս մի շեկե՞լ:- Հայրիկը ժպտաց և  մուրճը դրեց սեղանին:- Տեսնո՞ւմ ես, ես հասա նրան, որ երեխան ավելի գիտակից դառնա:
— Այո, գիտակից,- ասացի,- վաղը:
Արցունքները խեղդում էին, բայց ես ինձ զսպեցի: Եվ միայն երբ ծնողներս դուրս եկան սենյակից, ամուր-ամուր գրկեցի Խոզուկին ու լաց եղա: Պեսախզոնը լռում էր ու ցնցվում ձեռքերիս մեջ:
— Մի մտածիր,- շշնջում էի նրա ականջին,- ես կփրկեմ քեզ:
Սպասեցի մինչև  հայրիկը, մեծ սենյակում հեռուստացույց նայելուց հետո, գնաց քնելու: Այնժամ վեր կացա և  Պեսախզոնին գրկած՝ հանդարտ, թաքուն անցա պաշտգամբով: Միասին լիակատար խավարում երկար գնացինք: Հասանք փշածածկ մի դաշտ:
— Խոզերը դաշտերում են մեռնում,- ասացի Պեսախզոնին և  իջեցրի հողին,- ասա այսպիսի փշոտ դաշտերում: Այստեղ քեզ համար լավ կլինի:
Պատասխանի էի սպասում, բայց Պեսախզոնը լռում էր: Սիրտ տալու համար թեթև խփեցի քթին: Նրա դառնացած հայացքը ցնցեց ինձ. հասկացել էր, որ ինձ էլ երբեք չի տեսնի:

 

  1. Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.

ա)  Ո՞րն է պատմվածքի արժանիքը (արժանիքները): Ընտրե՛ք տարբերակներից մեկը (մի քանիսը) և հիմնավորե՛ք.։ Հիմնավորե՛ք նաև, թե ինչո՛ւ չընտրեցիք մյուս մտքերը․

  • պատումի անմիջականությունը, անկեղծությունը
  • սյուժեն հետաքրքիր է
  • անսպասելի լուծումներ են տրված
  • կերպարներն ամբողջական են և համոզիչ
  • զգացմունքայնությունը շատ է
  • ստեղծագործության մեջ կարևոր գաղափար է ներկայացված
  • հիմնավորված են բոլոր գործողությունները, արհեստական լուծումներ չկան
  • արժանիք չունի:

 

բ)  Բնութագրե՛ք պատմվածքի հերոսներին․

  • հորը
    Հայրը շատ խիստ տղամարդ էր և ուներ իր պահանջները, իր դաստիարակության ձևը։ Երեխան չէր հասկանում, թե ինչու է հայրը այդպես վարվում, ինչու չի գնում նրան այդ խաղալիքը, կամ ինչու է ուզում ջարդել խոզին։ Հենց այս հանգամանքն էր հորը դարձնում բացասական այս պատմության մեջ, քանի որ նա չէր բացատրում երեխային, թե ինչի համար է պետք է անել այն, կամ այս։ 
  • տղային։
    Տղան փոքրիկ երեխա էր, ով ապրում էր իր աշխարհում, որտեղ նա ուներ իր մտերիմ ընկեր Պեսախզոնին։ Նա չէր ուզում կորցնել մեկին ստանալու համար մյուսին։ Նա հավատարիմ մնաց իր ընկերոջը և ոչինչ չարեց նրա հետ, նույնիսկ այն դեպքում, երբ դա ընդհամենը խոզուկ էր, որի մեջ նա գցում էր իր կոպեկները։