Բանաստեղծություններ. Մատթեոս Զարիֆյան

Գողություն

Կիսամութին մեջ հոգիիդ

Պիտի իջնեմ այս իրիկուն․
Քանի մը վարդ աղվափըթիթ
Պիտի գողանամ ու տանիմ տուն։

Պիտի արդյոք վշտանա՞ս դուն․․․

Գարո՜ւն է, քո՛ւյր, ամեն տունի․․․

Իմ տունս, տե՜ս, ծիլ մը չունի․․․

 

Իրիկվան ծովը

Երբ իրիկվան ծովը դիտես՝
Կը տեսնես, խո՜ր, իրերն անտես․․․
Ա՜հ, իրիկվան
Ծովն ա՜յնքան
Կը տժգունի
Ու դող ունի՝
Որ կը տեսնես, աստղերու պես,
Հըստա՜կ-հըստա՜կ իրերն անտես․․․

Մատթեոս Զարիֆյան

Մատթեոս Զարիֆյան՝ բանաստեղծություններ

Ան չէ

Հոգիս կը տանջե
Ջութակ մը հեռու.
Իզու՜ր շուքերու
Կը նայիմ — Ան չէ՜…

Ահ, նվագը՜ն այս խոր
Ամառ գիշերվան.
Կարծես թե կուլան
Աստղերը բոլոր…

Իզու՜ր շուքերու
Կը նայիմ — Ան չէ՜,
Հոգիս կը տանջե
Հոգի մը հեռու…

Աշնան իրիկուն

Դեռ կը համենա
Բլուրին վըրա
Լացը սրինգին…

ՈՒ դեռ երկնքին
Իջել կը վախնան
Աստղերը աշնան…

Հատ-հատ կը թափին
Այս լուռ ծովափին
Արցունքներ անտեր…

Իսկ ես չե՜մ գիտեր՝
Տանիմ դեպի ու՛ր
Այս սիրտըս թափուր…

Դեռ կը համենա
Բըլուրին վրա
Լացը սըրինգին…

Աշուն գիշեր

Լուսնկայ գիշերվան
Թափառողն եմ լռին․
Ծեր վարդեր կը դողա՜ն
Որ ցուրտէն չըսառին․․․

Լուսնի լու՜յս ամեն դի,
Նույնիսկ ի՜մ աչքերուս․
Բայց ինչո՞ւ կը կաթի
Սա արցունքն այտերուս․․․

Լուսնկայ գիշերվան
Թափառողն եմ լըռին․
Երազներս կը դողա՜ն
Որ լուսնէն չը սառին․․․։