Մեր պատմիչները և մեր գուսանները

Նվեր մեր ժողովրդական վեպի` «Սասունցի Դավիթ»-ի հազարամյակին:

Մեր հոյակամ հին վանքերի մութ խուցերում, մենության մեջ,
Պատմիչները մեր վշտահար, մեղմ կանթեղի լույսով անշեջ,
Մի նշխարով, մի կում ջրով և ճգնությամբ գիշերն անքուն,
Պատմությունը մեր գրեցին մագաղաթի վրա դժգույն _
Եղեռները, նախճիրները հորդաների արյունըռուշտ:
Փլուզումը հայրենիքի և ոսոխի սուրը անկուշտ:
Եվ ողբացին լայնահառաչ դժխեմ բախտը Հայաստանի
Եվ հուսացին արդարություն մի խուլ աստծու դատաստանի:
***
Մեր գեղջուկի պարզ խրճիթում, սուրբ օջախի շուրջը նստած՝
Գուսանները մեր խանդավառ, առջևները գինի ու հաց,
Վիպերգեցին հաղթանակը դյուցազների մեր մեծազոր
Եվ ծաղրեցին պարտությունը ոսոխների մեր բյուրավոր:
Եվ հյուսեցին պատմությունը հավերժացող ժողովրդի,
Վառ հավատով փառքերը մեր ավանդեցին որդոց որդի.
Տեսան շքեղ մեր ապագան, անընկճելի ազատ ոգին,
Հայրենիքի սիրո համար միշտ բարձրացած Թուր -Կեծակին:    

4

Դեպի լյառը Մասիս։ Եղիշե Չարենց

Դեպի լյառը Մասիս։ Եղիշե Չարենց

Կարդա պոեմը և կատարիր առաջադրանքները։

  1. Համացանցից դուրս գրիր Խաչատուր Աբովյանի կենսագրության մասին քեզ հետաքրքրող տեղեկատվությունները։

Հուլիսի 8-12-ը – Հաղբատի վանքում ստանում է Եփրեմ կաթողիկոսի թույլտվությունը ուղևորվելու Վենետիկ՝ ուսումը շարունակելու: Հուլիսի 13-14-ի գիշերը ճանապարհ է ընկնում, բայց չհասած Ղարաքիլիսա՝ արգելափակվում է այստեղ: 16-ին սկսվում է ռուս-պարսկական երկրորդ պատերազմը:

Читать далее «Դեպի լյառը Մասիս։ Եղիշե Չարենց»

Կիկոսի վերադարձը: Արմեն Հայաստանցի

Կիկոսի վերադարձը: Արմեն Հայաստանցի

1․ Կարդացեք պատմվածքը։

2․ Գրե՛ք ձեր հիմնավորված վերաբերմունքը։

Դեռ վերնագիրը մեզ հուշում է, որ պատմվածքը հանրահայտ Թումանյանական Կիկոսի մասին է, իսկ «վերադարձ» բառը վերնագրում հետաքրքրություն է ավելացնում։ Հետաքրքիր վերնագրի հետ զուգահեռ, ցավով, բայց պետք է արձանագրեմ, որ պատմվածքը մի փոքր անհաջող էր թվում։ Չեմ կարող վստահաբար ասել, որ կերպարը կարողացավ ինձ ամբողջովին համոզել իր անկեղծությամբ և դեպքերի զարգացմամաբ։ Կարծում եմ, որ Կիկոսի և նրա ընտանիքի կերպարները պետք է ավելի միամիտ և ավելի խղճուկ տպավորություն թողնեին ընթերցողի մոտ, ինչ որ տեղ նաև պահելով Թումանյանական «կոմեադիան»՝ «խղճահարություն առաջացնող միամտությունը»։ Ինձ համար սա մի նոր Կիկոսի բացահայտում էր, նոր կերպար՝ հին անունով, ով կապ չուներ իր բնօրինակի հետ։

Պետրոս Դուրյան

1․ Համացանցից դուրս բերեք հետաքրքիր կենսագրական փաստեր Պետրոս Դուրյանի մասին։

Դուրյանն ասում է, որ «հայրը օրական հաց ճարող, բայց պատվավոր երկաթագործ մ՚ է»։ Հայրը՝ Աբրահամը, եղել է դարբին։

Կարիքի մեջ գտնվող ընտանիքին օգնելու համար պատանին փորձում էր հարմար աշխատանք գտնել։ Լինում է դեղագործի աշակերտ, խմբագրատան քարտուղար, տնային ուսուցիչ, դերասան։ Բայց այդ զբաղմունքներից ոչ մեկը նրա սրտով չէր։ Նա շատ էր տանջվում, որ ծնողներին չի կարողանում օգտակար լինել։

Читать далее «Պետրոս Դուրյան»

Վարդան Այգեկցի

  1. Կրկնեք. Մխիթար Գոշ
  2. Վարդան Այգեկցի. կենսագրություն: Դուրս գրեք տվյալներ, որոնք ձեզ հետաքրքրեցին և ուզում եք հիշել:

Այգեկ վանքում գրել է 22 ճառ, բարոյախրատական 5 թուղթ, կազմել է «Արմատ հավատո» ժողովածուն։ Իր խրատներով ու քարոզներով Վարդան Այգեկցին պայքարում էր դրամասիրության, գողության, ամբարատավանության, ոխակալության, որկրամոլության, հարբեցողության, մարդկային այլ արատների դեմ, քարոզում սեր և համերաշխություն։

Ասելիքն ավելի հասկանալի դարձնելու համար նա իր քարոզները համեմում էր իրիսկ հորինած, ինչպես և արդեն հայտնի զանազան առակներով ու զրույցներով։ Նա գրել է ավելի քան 30 առակ։ Այգեկցին սկիզբ է դրել առակավոր ճառի տեսակին։ Իր խրատական ճառերում նա վերամշակել, օգտագործել է Եզոպոսի և այլ գրավոր առակներ, ինչպես նաև՝ հայ ժողովրդական առակները ու զրույցները, որոնք գրի են առել Այգեկցին և այլ մատենագիրներ, նովելներ են, զվարճալի անեկդոտներ և խրատական փոքրիկ պատմություններ։

Այգեկցու հետնորդները մինչև անգամ XVII դար, նրա առակների մատյանը հարստացրել են՝ ավելացնելով նորանոր առակներ, նորավեպեր և անեկդոտներ։ Այդպես հայտնվեց «Վարդանյան Առականին», որը պարունակում էր շուրջ 500 առակ։

Հիշենք նաև, որ Ակսել Բակունցը մեծ հմտությամբ աշխարհաբարի է վերածել «Աղվեսագիրքը»՝ նոր կյանք տալով միջնադարյան առակներին։ Առակները կարճ են, պարունակում են այն ժամանակաշրջանի հասարակության սոցիալական կյանքի նկարագիրը։ Նրա առավել հայտնի առակներից

  1. Համառոտ գրեք առակներում արտահայտված գաղափարը:

Առակներ

Իմաստուն զինվորը

Մի իմաստուն զինվոր պատերազմ էր գնում և նա երկու ոտքով էլ կաղ էր: Եվ զինվորներից մեկը նրան ասաց.

-Ով ողորմելի, ո՞ւր ես գնում։ Քեզ իսկույն կսպանեն, որովհետև փախչել չես կարող:

Եվ նա ասաց.

-Ո՜վ անմիտ, ես չեմ գնում պատերազմ` փախչելու, այլ կանգնելու, կռվելու և հաղթելու:

Իշխան և այրի կին

Մի իշխան կար, խիստ չար ու անիրավ: Նույն քաղաքում ապրում էր մի այրի կին, ու իշխանը, հարկ պահանջելով, նեղում էր նրան, և այրի կինն աղոթում էր, որ իշխանը երկար կյանք ունենա:

Գնացին ասացին իշխանին, որ քո չարության համար աղոթում է այրին: Եվ իշխանը եկավ ու ասաց նրան.

— Ես քեզ բարիք չեմ արել, ո՜վ կին, դու ինչու՞ ես աղոթում ինձ համար:

Այրի կինն ասաց.

— Քո հայրը վատ մարդ էր, ես անիծեցի, և նա մեռավ: Հիմա դու նստեցիր նրա տեղը՝ ավելի խիստ ու չար եղար: Եվ այժմ վախենում եմ, որ դու մեռնես ու քո որդին քեզնից ավելի չար լինի:

Եզը և ձին

Եզը և ձին խոսեցին իրար հետ: Եզն ասաց.

— Դու ով ես, կամ ի՞նչի ես պետք:

Ձին ասաց.

— Ես ձին եմ, ինձ թագավորները, իշխանները և պարոնները զարդարում են ոսկով և արծաթով ու բազմում են ինձ վրա:

Եզն ասաց.

— Ամբողջ աշխարհի բարեկեցությունն եմ ես, որովհետև ես եմ վաստակում, չարչարվում և հոգնում, իսկ դու և քո թագավորն ուտում եք: Բոլոր մարդիկ ուտում են իմ վաստակը, եթե չվաստակեմ, դու և քո թագավորն իսկույն կմեռնեք: Եվ դու երախտամոռ մի լինիր:

Սայաթ-Նովա

  1. Սայաթ Նովայի կենսագրությունը: Դուրս գրեք տվյալներ, որոնք ձեզ հետաքրքրեցին և ուզում եք հիշել:

Սայաթ-Նովայի կենսագրական տվյալները տարբեր ուսումնասիրողների ուժերով հիմանականում քաղված են նրա ստեղծագործություններում տեղ գտած հիշատակումներից և հաճախ իրարամերժ են։

Ըստ Մորուս Հասրաթյանի՝ միջին դարերում և մինչև 20-րդ դարի սկզբները, հատկապես Արևելքի ու Կովկասի մարդիկ իրենց ծննդավայրը համարել են ոչ այնքան իրենց, որքան իրենց հոր և պապի ծննդավայրը։ Սայաթ-Նովան մի քանի տաղերում հիշատակել է, որ ինքը հալեպցի պանդուխտ Կարապետի և Թիֆլիսի արվարձան Հավլաբարի բնակիչ Սառայի որդին է։ Նախնյաց հայրենիքը, ամենայն հավանականությամբ, եղել է Կիլիկյան Հայաստանը, հոր՝ մահտեսի Կարապետի ծննդավայրը՝ Ադանան կամ Հալեպը։

Կարծիք կա, թե երգիչը սկզբից ևեթ ընդունել է Սայաթ-Նովա (Սէյաթ Նէվա) գրական կեղծանունը, որը տարբեր ուսումնասիրողներ տարբեր ձևով են բացատրում՝ համարել են պարսկերենից թարգմանաբար «երգի/ձայնի որսորդ սիրահար», կամ պարզապես «երգի որսորդ» (պարսկերեն սայադ — որսորդ, նովա — երգ, մեղեդի)։ Կա թարգմանության ավելի քիչ հավանական տարբերակ թուրքերենից՝ «Սայադի թոռ»։ Այս դեպքում հնարավոր է, որ երգչի պապի անունը Սայադ լինի, մի անուն, որը տարածված է եղել հայերի մեջ

Սայաթ-Նովայի մանկությունն ու պատանեկությունն անցել է Թիֆլիսում։ Սովորել է գրել-կարդալ հայերեն, վրացերեն, իմացել է նաև արաբերենի այբուբենը։

12 տարեկանից նրան տվել են արհեստի, սովորել է ջուլհակություն և կարճ ժամանակում այնքան է հմտացել, որ կտավը հինելու և գործելու նոր դազգահ է պատրաստել։

1759 թվականի կեսերին ավարտվել է Սայաթ-Նովայի՝ որպես բանաստեղծի ու երգահան-երաժշտի կյանքը։ 1759 թվականին Հերակլ II-ի հարկադրանքով նա քահանա է ձեռնադրվել Տեր Ստեփանոս անունով և շատ չանցած ուղարկվել Կասպից ծովի հարավային ափին գտնվող Բանդարե Անզալի նավահանգիստը։ Այստեղ երգիչն «ապաշխարել» և արտագրել է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը։ 

Մեզ է հասել Սայաթ-Նովայի ավելի քան 230 խաղ, որոնք ամփոփված են իր սեփական ձեռքով գրած, որդու՝ Օհանի կազմած ու արտագրած և վրաց թագավորի գրագիր Պենդելենց Հովանեի վավերագրած դավթարներում, բանահյուսական զանազան ժողովածուներում, կամ մնացել են ժողովրդի հիշողության մեջ և աստիճանաբար գրի առնվել ու հրատարակվել։

Իբրև սիրերգու՝ նա գեղեցիկի ու կատարյալի երկրպագու է, ամենանվիրական ու նրբին զգացմունքների արտահայտիչ, չնայած դրանց համար օգտագործած պատկերներն ու համեմատությունները՝ արեգակի փար, ռաշ ձի, թովուզի տախտ, փռանգի սուրաթ ևն շատ են ծավալային ու երբեմն էլ՝ անսովոր։

  1. Կենսագրական ակնարկ /պարտադիր չէ, բայց շատ հետաքրքիր է/
  2. Սայաթ-Նովա. խաղեր: Կատարեք ձայնագրություններ

Դուն էն գլխեն իմաստուն իս

Դուն է՛ն գըլխեն իմաստուն իս, խիլքդ հիմարին բաբ մի՛ անի,
էրազումը տեսածի հիդ միզի մե հեսաբ մի՛ անի,
Յիս խոմ էն գըլխեն էրած իմ, նուրմեկանց քաբաբ մի՛ անի,
Թե վար, գիդիմ, բեզարիլ իս, ուրիշին սաբաբ մի՛ անի։

Չը կա քիզ պես հուքմի-հեքիմ, դուն Րոստոմի Զալ, թաքա՚վուր,
Ասկըդ ասկերումը գոված՝ համ դո՛ւն իս գոզալ, թաքա՚վուր,
Թե էսանց էլ սուչ ունենամ՝ գլուխս արա՛ տալ, թաքա՚վուր,
Մըտիկ արա քու ստիղծողին՝ նահախ տիղ ղազաբ մի՛ անի։

Յարալուն հեքիմ էնդուր գուզե՝ դիղ տալու է, ցավ տալու չէ,
Քանի գուզե արբաբ ըլի՝ ղուլը աղին դավ տալու չէ,
Դուն քու սիրտը իստակ պահե, յադի խոսկը ավտալու չէ,
Ասծու սերը կանչողի պես դըռնեմեդ ջուղաբ մի՛ անի։

Ամեն մարթ չի՛ կանա խըմի՝ իմ ջուրը ուրիշ ջըրեն է՛,
Ամեն մարթ չի՛ կանա կարթա՝ իմ գիրը ուրիշ գըրեն է.
Բունիաթս ավազ չիմանաս՝ քարափ է, քարուկըրեն է,
Սելավի պես՝ առանց ցամքիլ, դուն շուտով խարաբ մի՛ անի:

Քանի գուզե քամին տանե՝ ծովեմեն ավազ չի՛ պակսի.
Թեգուզ ըլիմ, թեգուզ չըլիմ՝ մեջլիսներուն սազ չի՛ պակսի,
Թե կու պակսիմ, քիզ կու պակսիմ՝ աշխարիս մե մազ չի՛ պակսի,
Սայաթ−Նովու գերեզմանը Հինդ, Հաբաշ, Արաբ մի՛ անի։

Աշխարհումս ախ չիմ քաշի

Աշխարհումըս ա՛խ չիմ քաշի, քանի վուր ջա՛ն իս ինձ ամա.
Անմահական ջըրով լիքըն օսկէ փընջան իս ինձ ամա.
Նըստիմ` վըրէս շըվաք անիս` զարբաբ վըրան իս ինձ ամա.
Սուչս իմա՛ցի, է՛նէնց սպանէ` սուլթան ու խան իս ինձ ամա։

Մէջքըդ` սալբու-չինարի պէս, ռանգըդ փըռանգի ատլաս է,
Լիզուդ` շաքար, պըռօշըդ` ղանդ, ակռէքըդ մարգրիտ, ալմաս է.
Օսկու մէջըն մինա արած, աչքիրըդ ակնակապ թաս է.
Պատուական անգին ջավահիր, լալ-բադէշխան իս ինձ ամա։

Յիս էս դարդին վո՞ւնց դիմանամ, մակա՞մ սիրտըս ունիմ քարած.
Արտա՛սունքս արուն շինեցիր, խիլքըն գըլխէս ունիմ տարած,
Նուր բաղ իս` նուր բաղչի մէջըն` բոլորքըդ վարթով չափարած.
Վըրէդ շուռ գամ բըլբուլի պէս` սիրով սէյրան իս ինձ ամա։

Քու էշխըն ինձի մաստ արաւ. յիս զարթուն իմ, սիրտս է քընած.
Աշխարհս աշխարհով կըշտացաւ, իմ սիրտըս քիզնից սով մընաց.
Յա՜ր, քիզ ինչո՞վ թարիփ անիմ` աշխարհումըս բա՛ն չըմընաց.
Կրա՛կէ, ծովէմէն դուս էկած ռաշ ու ջէյրան իս ինձ ամա։

Ի՞նչ կու’լի` մէկ հիդըս խօսիս, թէվուր Սայաթ-Նովու եար իս.
Շուղքըդ աշխարհըս բռընիլ է` արեգագի դէմըն փար իս.
Հուտով հիլ, միխակ, դարիչին, վարթ, մանիշակ, սուսանբար իս,
Կարմըրագուն` դաշտի ծաղիկ, հովտաց շուշան իս ինձ ամա։

Թամամ աշխարհ պտուտ էկա

Թամամ աշխարհ պըտուտ էկայ, չըթուղի Հաբաշ, նազա՛նի,
Չըտեսայ քու դիդարի պէս` դուն դիփունէն բաշ, նազա՛նի,
Թէ խամ հագնիս, թէ զար հագնիս, կու շինիս ղո՛ւմաշ, նազա՛նի.
Էնդու համա քու տեսնողըն ասում է` վա~շ, վա~շ, նազա՛նի:

Դուն պատուական ջավահիր իս, է՛րնէկ քու առնողին ըլի,
Ով կու գըթնէ, ա՛խ չի քաշի, վա~յ քու կորցընողին ըլի.
Ափսուս վուր շուտով միռիլ է, լուսըն քու ծընողին ըլի.
Ապրիլ էր, մէկ էլ էր բերի քիզի պէս նաղաշ, նազա՛նի:

Դուն էն գըլխէն ջուհարդար իս, վըրէդ զարնըշան է քաշած,
Դաստամազիդ թիլի մէջըն մէ շադա մարջան է քաշած,
Աչքիրըդ` օսկէ փիալա, չարխէմէն փընջան է քաշած,
Թերթերուկըդ նիտ ու նաշտար, սուր ղալամթըրաշ, նազա՛նի:

Էրեսըդ, փարսէվար ասիմ, նըման է շամշ ու ղամարին.
Բարակ մէջքիդ թիրման շալըն նըման է օսկէ քամարին,
Ղալամըն ձեռին չէ կանգնում, մաթ շինեցիր նաղաշքարին.
Յիփ նըստում իս` թութի ղուշ իս, յիփ կանգնում իս` ռաշ, նազա՛նի:

Յիս էն Սայաթ-Նովասին չիմ, վուր աւզի վըրայ հիմանամ.
Աջաբ միզիդ ի՞նչ իս կամում, սըրտէդ մէ խաբար իմանամ.
Դուն` կըրակ, հագածըդ` կըրակ, վո՞ւր մէ կըրակին դիմանամ.
Հընդու ղալամքարու վըրէն ծածկիլ իս մարմաշ, նազա՛նի:

Աշխարհըս մէ փանջարա է

Աշխարհըս մէ փանջարա է. թաղիրումէն բէզարիլ իմ,
Մըտիկ տըվողըն կու խուցվի. դաղիրումէն բէզարիլ իմ.
Էրեգ լաւ էր, կանց վուր էսօր. վաղիրումէն բէզարիլ իմ.
Մարդ համաշա մէ՛կ չի ըլի. խաղիրումէն բէզարիլ իմ:

Դօվլաթըն էյթիբար չունէ, յիփոր կ’էրթայ իր շըքարով,
Լաւ մարդն էն է` գլուխըն պահէ աշխարհումըս էյթիբարով.
Աշխարհըս միզ մընալու չէ` իմաստնասիրաց խաբարով,
Գ’ուզիմ թըռչի բըլբուլի պէս. բաղիրումէն բէզարիլ իմ:

Ո՞վ կ’օսէ, թէ` յիս կու ապրիմ առուտէմէն ինչրու մուտըն.
Աստըձու ձեռումըն հիշտ է մարդու աշխարհք ելումուտըն.
Ղուրթս է՛նդուր ճանփայ չէ գընում` շատացիլ է խալխի սուտըն.
Քըսա՛նըն` մէ՛ ղուլ չին պահում. աղիրումէն բէզարիլ իմ:

Աշխարհըս միզ մընալու չէ, քանի նըստինք զօղ ու սափին.
Հում կաթնակի՛ր` Աթամի զա՛թ, նա՛լաթ ըլի էդ քու բափին.
Հանփիրութինըս հատիլ է, չիմ դիմանում խալխի գափին,
Դօստիրըս դուշման ին դառի. եաղիրումէն բէզարիլ իմ:

Սայաթ-Նովէն ասաց` դարդըս կանց մէ ճարըն շատացիլ է.
Չունիմ վաղվան քաղցըր փառքըս, հիմի դարըն շատացիլ է.
Բըլբուլի պէս է՛նդուր գուլամ` վարդիս խարըն շատացիլ է.
Չին թողնում վախտին բացվիլու. քաղիրումէն բէզարիլ իմ:

Ազատություն․ Միքայել Նալբանդյան

Ազատություն

Ազատ աստվածն այն օրից,
Երբ հաճեցավ շունչ փչել,
Իմ հողանյութ շինվածքին
Կենդանություն պարգևել.
Ես անբարբառ մի մանուկ
Երկու ձեռքս պարզեցի,
Եվ իմ անզոր թևերով
Ազատությունն գրկեցի։

Մինչ գիշերը անհանգիստ
Օրորոցում կապկապած
Լալիս էի անդադար,
Մորս քունը խանգարած,
Խնդրում էի նորանից
Բազուկներս արձակել.
Ես այն օրից ուխտեցի
Ազատությունը սիրել։

Թոթով լեզվիս մինչ կապերը
Արձակվեցան, բացվեցան,
Մինչ ծնողքս իմ ձայնից
Խնդացին ու բերկրեցան,
Նախկին խոսքն, որ ասացի,
Չէր հայր, կամ մայր, կամ այլ ինչ.
Ազատությո՜ւն, դուրս թռավ
Իմ մանկական բերանից։

«Ազատությո՞ւն», ինձ կրկնեց
Ճակատագիրը վերևից.
«Ազատությա՞ն դու զինվոր
Կամիս գրվիլ այս օրից։
Ո՛հ, փշոտ է ճանապարհդ,
Քեզ շատ փորձանք կը սպասե.
Ազատություն սիրողին
Այս աշխարհը խիստ նեղ է»։

— Ազատությո՜ւն,— գոչեցի,—
Թող որոտա իմ գլխին
Փայլակ, կայծակ, հուր, երկաթ,
Թող դավ դնե թշնամին,
Ես մինչ ի մահ, կախաղան,
Մինչև անարգ մահու սյուն,
Պիտի գոռամ, պիտ կրկնեմ
Անդադար. ազատությո՜ւն։

Մեսրոպ Մաշտոցը և հայ գրերի գյուտը

1․ Կարդացե՛ք, դո՛ւրս գրեք հատվածներ, որոնք անհրաժեշտ եք համարում հիշելու համար։

Անշուշտ, գոյություն են ունեցել նախամեսրոպյան գիր և գրականություն: Սակայն դրանք, կենտրոնացած լինելով մեհյաններում և սահմանափակ կիրառվելով, քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու շրջանում հեթանոսական մյուս արժեքների հետ ոչնչացվեցին:

Մեսրոպ Մաշտոցը ծնվել է Տարոն գավառի Հացեկ կամ Հացեկաց գյուղում 361թ.

Շուտով նա համոզվում է, որ, չնայած շուրջ 80-ամյա պաշտոնական կրոն լինելուն, քրիստոնեությունն անհասկանալի է ժողովրդական զանգվածներին, որոնց շրջանում շարունակում էր ուժեղ դիրքեր պահպանել հեթանոսությունը: Բանավոր խոսքը բավարար չէր, անհրաժեշտ էր հայերեն թարգմանել «Աստվածաշունչ»-ը և քրիստոնեական գրականությունը, դրանով իսկ քրիստոնեությունը հասու դարձնելով ամբողջ ժողովրդին: Իսկ դա հնարավոր էր միայն հայոց գրերի ստեղծման դեպքում:

Քաջ գիտակցելով, որ այդ մեծ գործն իրականացնելու համար անհրաժեշտ է հայոց կաթողիկոսի և թագավորի աջակցությունը, Մաշտոցը, առժամանակ թողնելով քարոզչությունը, վերադառնում է Վաղարշապատ: Այստեղ նա համոզվում է, որ կաթողիկոս Սահակ Պարթևը նույնպես մտածում է հայոց գրեր ստեղծելու մասին:

Հայոց գրերը ստեղծելու նպատակով Մեսրոպ Մաշտոցն իր աշակերտների հետ ճանապարհ է ընկնում Ասորիքի Ամիդ, Եդեսիա և Սամոսատ քաղաքները, ուսումնասիրում օտարալեզու մատյանները, խորհրդակցում ասորի և հույն գիտունների հետ և 405թ. ստեղծում հայոց գրերը: Այբուբենի 36 տառերը լիովին արտահայտում էին հայերենի հնչյունական համակարգը:

Մեսրոպ Մաշտոցը մեծ գործունեություն ծավալեց նաև վրաց և աղվանից գրերը ստեղծելու ասպարեզում: Ուղևորվելով Վիրք և Աղվանք, նա, տեղի գիտունների հետ համագործակցելով, ստեղծում է վրաց գրերը և գրեր գարգարացիների լեզվի համար, որոնք սովորաբար կոչում էին աղվանական:

Գնում է Գողթն գավառը և ապրում է մենակյացի կյանքով։ Այդտեղ թաքնված հեթանոսական աղանդը, որ Տրդատի օրերից մինչև այդ ժամանակ ծածուկ էր մնում և Արշակունյաց թագավորության տկարանալու ժամանակ երևան եկավ, նա վերացրեց գավառի իշխանի օգնությամբ, որի անունն էր Շաբիթ։

2․ Գտե՛ք շտեմարանում հարցեր, որոնց պատասխանը կա այս երկու հատվածումներում։

Կորցնելով պետական անկախությունը՝ հայ ժողովուրդը կորցրեց այն կարևոր լծակը, որով պաշտպանվում էր ռազմատենչ հարևաններից:

Մեր ժողովրդի համար այդ օրհասական պահին հայ գործիչները հուժկու շարժում սկսեցին՝ ապահովելու հայության մշակութային անկախությունը: Ստեղծվեց ազգապահպանության մի նոր ու հզոր զենք՝ ի դեմս հայոց գրերի: Դրանք հայ ժողովրդին հարատևություն ու կենսունակություն պարգևեցին հետագա փորձություններով լի դարերի ընթացքում: Հայ ժողովրդի հանճարեղ զավակ Մեսրոպ Մաշտոցի ձեռքով ստեղծվեցին հայոց գրերը, որոնցով մինչև օրս գրում ու կարդում ենք մենք:

Մինչև Մեսրոպ Մաշտոցը հայերն ստեղծել են հարուստ ու ճոխ բանահյուսություն, բայց արքունի գրագրության մեջ օգտագործել են հունարենը, արամեերենը և պարսկերենը: Անշուշտ, գոյություն են ունեցել նախամեսրոպյան գիր և գրականություն: Սակայն դրանք, կենտրոնացած լինելով մեհյաններում և սահմանափակ կիրառվելով, քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու շրջանում հեթանոսական մյուս արժեքների հետ ոչնչացվեցին:

Մեսրոպ Մաշտոցը ծնվել է Տարոն գավառի Հացեկ կամ Հացեկաց գյուղում 361թ.: Նա երիտասարդ հասակում ստանում է հունական և ասորական փայլուն կրթություն և, գալով Վաղարշապատ, ծառայության է անցնում հայոց արքունիքի դպրատանը: Նախկին զինվորը դառնում է իր ժամանակի ամենաուսյալ մարդը՝ ինքնակրթությամբ հարստացնելով իր գիտելիքները: Նա հոգևորական է ձեռնադրվում և իր աշակերտների հետ գնում քարոզելու Գողթան գավառում (Նախճավան գավառի հարևանությամբ): Շուտով նա համոզվում է, որ, չնայած շուրջ 80-ամյա պաշտոնական կրոն լինելուն, քրիստոնեությունն անհասկանալի է ժողովրդական զանգվածներին, որոնց շրջանում շարունակում էր ուժեղ դիրքեր պահպանել հեթանոսությունը: Բանավոր խոսքը բավարար չէր, անհրաժեշտ էր հայերեն թարգմանել «Աստվածաշունչ»-ը և քրիստոնեական գրականությունը, դրանով իսկ քրիստոնեությունը հասու դարձնելով ամբողջ ժողովրդին: Իսկ դա հնարավոր էր միայն հայոց գրերի ստեղծման դեպքում: Հայոց այբուբենի ստեղծումը, բացի քրիստոնեական դավանանքը քարոզելուց, անհրաժեշտ էր հայոց բազմադարյան բանահյուսության գոհարները, ժողովրդական վեպերն ու երգերը և այլ ստեղծագործություններ գրի առնելու համար:

Քաջ գիտակցելով, որ այդ մեծ գործն իրականացնելու համար անհրաժեշտ է հայոց կաթողիկոսի և թագավորի աջակցությունը, Մաշտոցը, առժամանակ թողնելով քարոզչությունը, վերադառնում է Վաղարշապատ: Այստեղ նա համոզվում է, որ կաթողիկոս Սահակ Պարթևը նույնպես մտածում է հայոց գրեր ստեղծելու մասին: Վռամշապուհ արքայի օգնությամբ նրանք բերել են տալիս այսպես կոչված Դանիելյան հայկական գրերը և շուտով համոզվում, որ դրանք չեն համապատասխանում հայերենի հնչյունական համակարգին: Հայոց գրերը ստեղծելու նպատակով Մեսրոպ Մաշտոցն իր աշակերտների հետ ճանապարհ է ընկնում Ասորիքի Ամիդ, Եդեսիա և Սամոսատ քաղաքները, ուսումնասիրում օտարալեզու մատյանները, խորհրդակցում ասորի և հույն գիտունների հետ և 405թ. ստեղծում հայոց գրերը: Այբուբենի 36 տառերը լիովին արտահայտում էին հայերենի հնչյունական համակարգը: Այբուբենն այնքան կատարյալ էր ստեղծված, որ գործնականում առանց փոփոխության օգտագործվում է մինչև այսօր: Դեռևս Ասորիքում Մաշտոցն ու նրա աշակերտները սկսում են թարգմանել «Աստվածաշնչի» որոշ հատվածներ և վերադառնում հայրենիք:

Վաղարշապատում Մեսրոպ Մաշտոցին և նրա աշակերտներին ցույց տրվեց փայլուն ընդունելություն: Հայոց մեծ լուսավորչին դիմավորելու համար նրան ընդառաջ գնաց Վռամշապուհ թագավորը՝ հայոց ավագանու և ժողովրդի բազմության ուղեկցությամբ: Հանդիպումը տեղի ունեցավ Ռահ (Երասխ) գետի ափին:

Մանուկներին սկսեցին սովորեցնել նորաստեղծ այբուբենով: Եվ եթե մինչ այդ ուսուցումը Հայաստանում գլխավորաբար հունարեն և ասորերեն լեզուներով էր, ապա Մեսրոպ Մաշտոցը և Սահակ Պարթևը հիմք դրեցին հայոց ազգային դպրոցին: Հայոց դպրոցներ բացվեցին նաև Բյուզանդիայի իշխանության տակ գտնվող հայկական երկրամասերում: Հայոց առաջին դպրոցներից մեկը Հայոց Արևելից կողմերում բացվեց Ամարասի վանքում:

Մեսրոպ Մաշտոցը մեծ գործունեություն ծավալեց նաև վրաց և աղվանից գրերը ստեղծելու ասպարեզում: Ուղևորվելով Վիրք և Աղվանք, նա, տեղի գիտունների հետ համագործակցելով, ստեղծում է վրաց գրերը և գրեր գարգարացիների լեզվի համար, որոնք սովորաբար կոչում էին աղվանական:

Մեսրոպ Մաշտոցը մեծ հայրենասեր էր, իսկ նրա կյանքն իսկական սխրագործություն: Երկարատև բեղուն գործունեությունից հետո նա մահացավ 440թ. և թաղվեց Ամատունիների տոհմական կալվածք Օշական գյուղում: Նրա գերեզմանի վրա սկզբում մատուռ, այնուհետև եկեղեցի կառուցվեց, որոնք դարձան ժողովրդի ուխտատեղիներ: Դրանից մի փոքր առաջ իր մահկանացուն էր կնքել նրա հովանավոր ու գործի օգնական կաթողիկոս Սահակ Պարթևը:

2․ Երանելի Մեսրոպի մասին

Աղբյուր՝ Մովսես Խորենացի, Հայոց պատմություն,
փոխադր․.՝ Ս. Մալխասյանցի

Տեսնելով, որ Հայոց թագավորության վերջը հասել է, Մեսրոպն [աշխարհի] խռովություններն իր համբերության նյութ դարձրեց։ Նա Տարոնի Հացեկաց [գյուղից] էր, սնվել ու սովորել էր Մեծն Ներսեսի մոտ և նրա վախճանվելուց հետո արքունական դռանը քարտուղար էր նշանակվել։ Նա սիրեց մենակեցության վարքը, ինչպես ասել է մեկը, թե ալեկոծված նավը շտապում է դեպի նավահանգիստը, իսկ ժուժկալող մարդը անապատ է փնտրում։ Այսպես էլ նա, աշխարհային զբաղմունքներից փախչելով, դեն գցելով մարմնական պատիվը, գնում էր երկնավորի հետևից։ Գնում է Գողթն գավառը և ապրում է մենակյացի կյանքով։ Այդտեղ թաքնված հեթանոսական աղանդը, որ Տրդատի օրերից մինչև այդ ժամանակ ծածուկ էր մնում և Արշակունյաց թագավորության տկարանալու ժամանակ երևան եկավ, նա վերացրեց գավառի իշխանի օգնությամբ, որի անունն էր Շաբիթ։ Այստեղ աստվածային նշաններ երևացին, ինչպես սուրբ Գրիգորի ժամանակ, մարմնավոր կերպարանքով դևերը հալածված ընկնում էին Մարաց կողմերը։ Սրանից ոչ պակաս բաներ արեց և Սյունյաց աշխարհում նրա Վաղինակ իշխանի օգնությամբ։
Երբ երանելի Մեսրոպն ուսուցանում էր, ոչ փոքր նեղություն էր կրում, որովհետև ինքն էր թե՛ կարդացողը և թե՛ թարգմանողը, և եթե մի ուրիշն էր կարդում, երբ ինքն այնտեղ չէր լինում, ժողովրդին անհասկանալի էր մնում թարգմանիչ չլինելու պատճառով։ Ուստի նա միտքը դրեց մի հնար գտնել, հայոց լեզվի համար տառեր ստեղծել և աշխատանքի անձնատուր լինելով՝ զանազան փորձերով չարչարվում էր։

Անվերնագիր։ Եղիշե Չարենց

Անվերնագիր

Կնոջս և բարեկամիս՝ Իզաբելլային

Իմ մահվան օրը կիջնի լռություն,
Ծանր կնստի քաղաքի վրա,
Ինչպես ամպ մթին կամ հին տրտմություն,
Կամ լուր աղետի՝ թերթերում գրած։
Ծանոթ կնոջ պես այրի կամ դժբախտ,
Բարեկամուհու նման տխրատեսք,
Լուրը կշրջի փողոցները նախ,
Ապա կմտնի դուռ-դարպասից ներս…
Իբրև ծերունի մի թերթավաճառ՝
Հուշիկ քայլերով և համարյա կույր,
Կշրջի բոլոր տներն անպատճառ
Ու կհայտնվի ամեն մի բակում։
Ստվերի նման, սահած տնից-տուն,
Կկանգնի անտես հյուրի պես մռայլ,
Կկանգնի, ինչպես դժնի լռություն՝
Տարածված ամբողջ քաղաքի վրա։
Եվ համր մի պահ՝ գիշերվա կեսին,
Բոլորի սրտում կկանգնի հանկարծ
Անհաղորդ, ինչպես հեռավոր լուսին,
Իմ դեմքը՝ արդեն հավիտյան հանգած։
Եվ մարդիկ՝ երեկ կյանքիս անծանոթ,
Եվ երբեք, երբեք դեմքս չտեսած,
Եվ մարդիկ՝ միայն երբեմն ինձնով
Իրենց ֆանտաստիկ առասպելն հյուսած,
Եվ մարդիկ՝ անգամ երգերիս անգետ,
Մարդիկ, որ թեև կյանքիս արձագանք՝
Մնացել են լոկ վկա անտարբեր
Եվ կարծել են, թե ես վաղո՜ւց չկամ,—
Այդ բոլոր մարդիկ իմ մահվան բոթից,
Որպես ընդհանուր աղետից սարսած՝
Զարմացած կզգան ինձ այնքա՜ն մոտիկ
Եվ հանկարծ այնքա՜ն թանկ ու հարազատ…
Եվ երկրում, ինչպես բարձրանա փոշի,
Եվ հոգիներում, ինչպես հուշ հառնի,—
Ելնելով անցած օրերիս նաշից,
Իմ ուրվականը պիտի սավառնի։
Եվ քաղաքներում, և գյուղերում խուլ,
Անցորդներն՝ իրար անծանոթ անգամ,
Աչքերում իրար և հայացքներում
Պիտի միևնույն թախիծը կարդան…
Եվ դեմքով տխուր և լուռ աչքերով
Պիտի միևնույն սուգը հաղորդեն,
Երգերիս հանդեպ անսահմա՜ն ներող,
Մոռացած բոլոր հանցանքներս արդեն…
Կբանան ոմանք իմ գիրքը գուցե,
Կթերթեն դանդաղ, կկարդան տողեր,
Տարտամ շարժումով գիրքը կգոցեն,
Եվ թախիծը խոր հուշս կողողե։
Եվ գուցե միայն սենյակում մի խուլ,
Գլուխը թեքած պատկերիս վրա՝
Կնայի մի կին աչքերիս տխուր,
Եվ կարցունքոտվեն աչքերը նրա։ —
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Եվ ինչպես կյանքում՝ տարինե՜ր առաջ,
Հուշերում հանկարծ անցյալը բուրի,
Երազանքներում գուցե իմ անցած
Եվ արդ իմ հառնած գրքում հուշերի…
Այն, որ ե՛ս էի, որ ի՛մն էր առաջ,
Արդեն չի հառնի և ոչ մի գրքում
Եվ ո՛չ մի գրքում՝ աշխարհում գրած,
Եվ ո՛չ մի գրքում, և ո՛չ մի գրքում…