Դասամիջոցի փոփոխություն․ Չաչանակ TV

download

Ըատ նախագծի, Մայիսյան հավաքի շրջանակներում 15․05-ին պետք է տեղի ունենար Չաչանակների կլոր սեղանը դասամիջոցի փոփոխման հարցով։ Կլոր սեղանին ներկա էին Տիար Բլեյանը, Էրիկ Թելունցը, ում մտահղացումն էր փոխել դասամիջոցի ժամերը։ Մինչև կլոր սեղանը մենք մի փոքրիկ խոսաքցություն ունեցանք Էրիկ Թելունցի հետ, որտեղից էլ որ պարզեցինք, որ դասամիջոցի փոփոխման միտքը թերի է իրականացվել։ Նրա գաղափարն էր փոփոխել միայն 2-րդ դասաժամի դասամիջոցըւ և դարձնել այն 10 րոպե, իսկ 20 րոպեանոց դասամիջոցի մասին խոսաքցություն չկար։ Էրիկ Թելունցի միտքը բոլորը հավանեցին, բայց պարզվեց, որ երկարօրյայի ժամերին կխանգարի այդ փոփոխությունը և հենց այդ պատճառով էլ այնպես դարձավ,  որ 10 րոպեանոց դասամիջոցը մնաց, բայց միայն 20 րոպեանոցի հաշվին։ Ինչպես այրդեն գիտեք, այդ տարբերակը սովորողների և դասավանդողների մեծամասնությանը հարմար չէր, հենց այդ պատճոռով էլ կազմակերպվեց կլոր սեղանը։ Կլոր սեղանի ընթացքում մենք ներկայացրեցինք մեր ուսումնասիրությունը մասնակիցներին և առաջարկեցինք վերադարձնել կամ փոփոխել նոր կարգը։ Քննարկման արդյունքում որոշվեց վերադարձնել անցած կարգը, բայց առաջացավ մեկ այլ հարց։ 4-5 դասարանցիների համար ավելի հարմար է 10 րոպեանոց դասամիջոցը դպրոցից դպրոց գնալու համար։ Որոշ ժամանակ անց ընդունվեց այդպիսի փոփոխություն, որ 2+րդ դասաժամի 10 րոպեանոց դասամիջոցը մնում է, իսկ 20 րոպեանոց երկար դասամիջոցը փոփոխման չի ենթարկվում։ Կրկին ուզում եմ նորհակալություն հայտնել բոլոր հարցաթերթիկի մասնակիցներին մասնակցության և աջակցության համար, քանի որ սա ոչ միայն Չաչանակների «հաղթանակն է» այլ նաև նրանց։

Միամիտ գեղցու խելոք աղջիկը․․․Կիրակնօրյա ընթերցանություն

  1. Կարդալ հեքիաթը։Գրել հիմնավորված կարծիքը հեքիաթի մասին։
    Հեքիաթը շատ հավանեցի։ Իսկպաես հետարքիքր էր և գեղեցիկ։ Արարատյան բառբառն էլ հետաքրքրություն էր տալիս ստեղծագործությանը։ Խելացի աղջիկը կարողացավ իր խելացի լինելով գտնել իսկական երջանկությունը և արտաքին տեսքը ընդհանրապես կապ չունի երջանիկ լինելուն, չէ որ աղջիկը արքաորդուն գերեց իր խելացիությամբ, ոչ թե արտաքին տեսքով։
  2. Տրված բառարանի օգնությամբ բացատրել անհասկանալի բառերը՝ Արարատյան բարբառի բառարան։
  3. Կարդալ հայերենի բարբառները։

Հին ժամանակով Լոռու գեղերից մնում ապրում էր մի պառավ մարդ։ (Ասենք թե էդ գեղը հենց հայի Գյառ-Գյառն էր)։ Նա ուներ էրկու աղջիկ։ Մինը մարդու էր տվել Փամբակում, մինն էլ տանն էր։ Էդ տան աղջիկը շատ խելոք էր, տնարար ու շատ էլ սիրուն։ Խելքով ու շնորհքով սաղ գեղումը գովական էր։ Էնպես շնորհքով ձեռք ուներ, էնպես սուր միտք, որ ամենքը ասում էին, թե նրա շնորհքը տվովի ա, աստվածատուր ա, թե նա իմաստուն ա ու հնարագետ։ Մի օր աղջիկը ասավ հորը.

— Ապի, գնա տես մեծ քիրս, փեսեն, էրեխեքը ո՞նց են ու խաբարը բեր։

Ալևորը վեր կացավ, գնաց Փամբակ, մի քանի օր մեծ աղջկա մոտ կացավ ու ետ էկավ։ Ճամփին նրան ռաստ էկան էրկու ջահել տղա։ Երբ հասան Փամբակա ջրին, նրանցից մինը ասավ.

— Հայրիկ, ջրի վրա կարմունջ չկա, արի մինս ու մինս կարմունջ դառնանք, մեկելներն էլ վրովն անց կենան։

Ալևորը զարմացավ, ասեց.

— Այ որդի, ոնց որ տեսնում եմ, դու֊ք խելոք տղերք եք, ամա հիմի էնպիսի սարսաղ բան եք ասում, էդ ո՞նց կլինի։ Մի մարդ կարա՞ էս ջրի վրա կարմունջ դառնա։

Էդ տղերքն էլ բան չասին: Չիմն էլ բոբիկացան ու ջուրն անց կացան։ Երբ որ հասան Դվալա սարին, նրանցից մինն ասավ.

— Հայրիկ, էս սարը շատ բարձրն ա։ Մենք մինչև սարի գլուխ հասնիլը շատ կբեզարենք։ Արի մինս ու մինս նարդիվան դառնանք, մեկելներս էլ վրովը բարձրանանք սարը։

— Այ որդի,— ասավ ալևորը,— Էլի մի սարսաղ բան ասեցիր, մի մարդ կարա էս եքա սարին նարդիվան լինի՞։

Անծանոթ տղերքը էլ բան չասացին, բարձրացան Դվալա սարը. էդ սարի գլխից Լոռին ոտքիդ տակին ա, թամաշ արին, ի՞նչ տեսան. սար ու ձոր ալ ու ալվան ծաղիկի մեջ կորած, դեզերն էլ կանաչ արտերով, անդ ու անտառով զուգված զարդարված։ Չորս կողմը սարեր, կլոր պար բռնած, մեջտեղը ձորեր՝ խոր ու ահռելի, աջ ու ձախ կտրած։

Դվեր եկան Դվալա սարից։ Մայիս ամիսն է, արտերն եկել, հասկեր էին քշել ու ցնծին էին տալիս։ Մի լավ արտի կշտով անց կենալիս էդ տղերանցից մինն ասավ.

— Հայրիկ, յարաբ էս արտի տերը սրա ցորենը կանանչ ա կերել, թե պտի հնձի, կալսի ու հետո ուտի։

Ալևորը զարմացավ, ասավ.

— Այ որդի, էլի մի սարսաղ բան ասեցիր, ախար արտը կանանչուց կուտվի՞։ Մին չի որ չհասնի, չհնձեն, չկալսեն, չչորացնեն ու տանեն ջաղացումը աղան, եդնա հաց անեն, ո՞նց կարան ուտեն։

Տղերքն էլի սուս կացան։

Երբ հասան գեղը, մութն ընկել էր, նրանք հալիվորին հարցրին.— էս գեղումը ո՞վ կա, որ մեզ ղոնախ ընդունի։

— Գնացեք,— ասավ,— Խամցոնց տունը, նրանք գյուռ օջախ են ու ղոնախասեր։

Էն տղերքը գնացին՝ Խամցոնց, ալևորն էլ էկավ իրա տուն։ Աղջիկը հարցրեց.

— Ապի, քիրս ո՞նց էր, էրեխեքը, մեր փեսեն ո՞նց էին։

— Շատ լավ էին բալա ջան, քեզ ու հարցնողանցը շատ բարով էին անում:

— Է, լավ, ապի, գնացիր աշխարհ ման էկար, էլ ուրիշ ի՞նչ տեսար, ի՞նչ իմացար, պատմի տենանք։

— Ի՞նչ պետք է անեի, այ բալա, աշխարք ա էլի, ով ունի՞ ուտում ա, խմում, քեֆ անում։ Ով չունի՝ վայ ա տալի իր սև օրը, արին քրտինք ա անում, որ մի կտոր չոր հաց ունենա։ Հա, էսօր ճամփին ինձ ընկերացան էրկու ջահել տղա, ամա խոսելիս մի էրկու սարսաղ բան ասին։

Ու ալևորը պատմեց կարմունջի բանը։ Աղջիկը ասավ,— Ապի, դու շատ միամիտն ես, նրանք քեզ կապանք են ասել, դու գլխի չես ընկել։ Դու նրանց սարսաղ ես ասել, ամա նրանք սարսաղ չեն։

— Բա ո՞նց որդի, մի մարդ կարա՞ եքա ջրին կարմունջ դառնա։

— Է, ապի, երբ նա ընենց ասավ, դուն էլ կասեիր. «Ես ծեր եմ, որդի, չեմ կարող կարմունջ դառնալ, մինդ ու մինդ կարմունջ դառեք, ես էլ վրովն անց կենամ»։ Էն վախտը նրանցից մինը կբոբիկանար, քեզ կշալակեր, ջուրն անց կկտցներ. նա կդառնար քեզ համար կարմունջ։

— Ղորթ որ է,— գլխի ընկավ ալևորը,— էդ լավ, ասենք, ամա մի մարդ կարա՞ Դվալա սարին նարդիվան դառնա՞։

Ու պատմեց նարդիվանի բանը։

— Է, ապի,— ասավ աղջիկը,— էլի գլխի չես ընկել։ Երբ նա էդպես ասավ, դուն էլ կասեիր. «Ես ծեր եմ, որդի, կարալ չեմ նարդիվան դառնալ, մինդ ու մինդ նարդիվան դառեք, ես էլ վրովը բարձրանամ սարը»։ Էն վախտը նրանցից մինը կսկսեր մի լավ հեքիաթ, յա մի պատմություն, դուն էլ ականջ կանեիր ու սարը հենց կբարձրանայիր, որ չէիր իմանալ, թե ոնց բարձրացար։ Էդ կդառնար քեզ համար նարդիվան։

— Ղորթ որ է,— ասավ հալիվորը,— էդ էլ ես լավ ասում։ Լավ, էդ ասենք էդպես։ Ամա արտը կանանչունց կուտվի՞։

— Է, ապի, ապի,— ասաց աղջիկը,— էս հասարակ կապանքն էլ չես գլխի ընկել։ Ախար մի մարդ երբ պարտքով ա վարում, ցանում, որ հնձի, կալսի, պարտքատերը կգա, կտանի, ուրեմն, նա արտը կանանչուց ա կերել։ Իսկ էն մարդը, որ իրա աշխատանքով ա վարել ու ցանել, նա, իհարկե, որ հնձի, կալսի՝ ամբարը կլցնի ու ինքը կուտի։ Բա էն տղերքը ի՞նչ էլան, ապի,— հարցրեց աղջիկը։

— Գնացին Խամցոնց տուն, բալա։

— Էհ, ապի, էստեղ էլ կացինը քարովն ես տվել։ Ախար նրանք ի՞նչ կմտածեին։ Չէին ասի՞լ էս մարդուն իսկի հասկացողություն չուներ։ Սաղ օրը նրանց հետ ճամփա ես էկել։ Անծանոթ մարդիկ քեզ հետ էկել են քու գեղը։ Բա դու տուն չունեի՞ր, մի կտոր հաց չունեի՞ր, մի էրկու տեղաշոր չունեի՞ր, որ քու ճամփի ընկերներին համեցեք էիր արել քու տունը, քան թե վեր ես ունում՝ ղրկում ուրիշներին։ Որ էդ բանը իմանան, մենք ծիծաղատեղ կդառնանք մարդկանց աչքին։

Ու աղջիկը ձեռաց մի եղալի կլոր գաթա թխեց, տասներկու հատ էլ ձու էփեց, բոխչումը կապեց ու ասավ.— Ապի, էս տար էն տղերանցը տուր, ասա. աղջիկս նեղացավ, որ ձեզ իմ տունը չեմ կանչել, հիմի ձեզ համար էս ղրկել ա, անուշ արեք։

Ալևորը բոխչեն վեկալավ գնաց, ամա միտն էկավ, որ բան չի կերել՝ սոված ա, մի ձուն կլպեց, գաթի պռնկիցն էլ մի քիչ կտրեց, կերավ, նոր բոխչեն բերեց էն տղերանցը։

Տղերքը գլխի ընկան, որ աղջիկն էլ իրանց ա կապանք ղրկել.— Էս ո՞նց ա, հայրիկ,— ասեց մեկը,— ձեր աշխարհումը տարին տասնմեկ ամիս ունի՞։ Լիսնյակն էլ օրապակաս ա՞։

Հալիվորը էլի բան չհասկացավ, էկավ տուն, ասավ.

— Մի սարսաղ բան էլ հիմի ասին, թե ձեր տարին տասնմեկ ամիս ա ու լիսնյակն էլ՝ օրապակաս։

— Է՜, ապի, ապի, ինձ խայտառակ արիր։ Բերանդ կրակ էր ընկե՞լ։ Ի՞նչ կլիներ, որ ճամփին ձուն չէիր կերել ու գաթի պռնկիցն էլ չէիր կտրել։

Միամիտ ալևորը որտեղի՞ց հասկանար, որ աղջիկը իր կապանքովը ասել ա տղերանցը, որ իրա տարիքը թամամել ա ու ինքն էլ թամամ լուսնի պես հասած ա։

Մեկել օրը աղջիկն ասեց.

— Ապի, գնա, էն տղերանցը համեցեք արա մեր տունը, թող գան քու օջախումը մի կտոր հաց կտրեն։

Ալևորը գնաց հրավիրեց։ Տղերքը էկան։ Նրանք սրտով ուղում էին միամիտ ալևորի խելոք աղջկանը տեսնել։ Աղջիկը նրանց շատ քաղաքավարի ընդունեց, ասավ.

— Շատ ցավում եմ, որ իմ հերը ձեր ասածները չի հասկացել, ձեզ պես ճամփի ընկերներին իր տունը չի հրավիրել, հիմի ես խնդրում եմ մեր մի կտոր հացը կտրեք ու հետո բարով գնաք ձեր ճամփեն։

Աղջիկը նրանց հետ զրից էր անում, հերն էլ կերակուրը պատրաստում, հացի թադարեք տեսնում, դուս ու տուն անում։

Տղերքը տեսան, որ աղջիկը համ շատ խելոք ա, համ իմաստուն ա, համ էլ շատ սիրուն ա։ Համա չեն հասկանում. շատ ամաչելուցը, թե մորուց ա՝ աչքերի մինը վախտ-վախտ շլվում ա։ Տղերանց մեկը ասավ.— Օթախը շատ լավն ա, ամեն բան կարգին սարքին, ամա ափսոս, որ բուխարիկը մի քիչ ծուռն ա։

Աղջիկը գլխի ընկավ, որ խոսքն իր մասին ա, ետ դառավ ու քաղաքավարի ասաց.

— Սեր պատվական ղոնախներ, դուք բուխարիկի ծռնությունը թողեք, նրան թամաշ արեք, թե ծուխը ինչքան կանոնավոր ա դուրս տանում։

Տղերքը խելքամաղ են լինում աղջկա շնորհքի, տեսքի ու խելքի վրա։ Նրանցից մինը առաջ ա գալիս ու ասում.— Խանում աղջիկ, մենք ճամփորդ չենք, ես էս երկրի իշխանի որդին եմ, սա էլ իմ ընկերն ա։ Մենք շորներս փոխել ենք, ման ենք գալի, որ ժողովրդի չարն ու բարին իմանանք։ Դրա հետ ես մի նպատակ էլ ունեմ. ուզում եմ ինձ համար խելոք մի նշանած ճարեմ: Հիմի քեզնից լավը սաղ աշխարհումը չեմ գտնի։ Դու ես, որ կաս ինձ համար։ Թե դու համաձայն ես, ձեռքդ տուր, մենք հույս աստծու՝ բախտավոր կլինենք։

Աղջիկն էլ շատ հավանեց տղին։ Սրանք նշանվեցին, հետո պսակվեցին ու իրանց մուրազին հասան։

Ինչպես Բիսէյն էր հավատում։ Ագուտագավա Ռյունոսկե

Բիսէյը կանգնած էր ցածում` կամրջի տակ, և սպասում էր նրան:
Բարձրում, նրա գլխավերևում, պատատուկներով կիսով չափ պարուրված քարե բարձր բազրիքի ետևում, ժամանակ առ ժամանակ երևում էին կամրջով անցնողների սպիտակ քղանցքները` մայրամուտի վառ արեգակով լուսավորված և քամուց թեթևակիորեն ծածանվող… Իսկ նա չէր գալիս:
Փոքր-ինչ անհանգստացած` Բիսէյը մոտեցավ և սկսեց նայել հանդարտ գետին, որով չէր լողում և ոչ մի նավակ:
Գետի երկայնքով սեղմ պատնեշ կազմած` աճում էր կանաչ եղեգնուտը, իսկ եղեգնուտի վրա այստեղ-այնտեղ կորվել էին ուռիների խիտ սաղարթները: Իսկ գետը թեև լայն էր, սակայն եղեգնուտներով սեղմված ջրի մակերևույթը նեղ էր թվում: Մաքուր ջրի ժապավենը, ոսկեզօծելով սադափային միակ ամպաքուլայի արտացոլումը, հանդարտ գլորվում էր եղեգնուտների միջով… Իսկ նա չէր գալիս:
Բիսէյը հետ քաշվեց ջրից և առափնյա ծանծաղուտով ետ ու առաջ քայլելով` ունկ դրեց մթնշաղով լցվող մեղմորեն հագեցող լռությանը:
Երթևեկությունը կամրջի վրա արդեն լռել էր: Ո’չ քայլերի ձայն, ո’չ սմբակների դոփյուն, ո’չ սայլերի դղրդյուն. Այնտեղից ոչինչ չէր լսվում: Քամու սոսափ, եղեգնուտի խշշոց, ջրի ճողփյուն… հետո ինչ-որ տեղ սուր կռնչաց ձկնկուլը: Բիսէյը կանգ առավ. ըստ ամենայնի սկսվում էր մակընթացությունը, ջուրը, արշավելով տղմոտ ծանծաղուտի վրա, ցոլցլում էր ավելի մոտիկ, քան առաջ… Իսկ նա չէր գալիս:
Բարկացած խոժոռվելով` Բիսէյն սկսեց արագ-արագ քայլել կիսամութ ծանծաղուտով, կամրջի տակ: Այդ ընթացքում ջուրը կամացուկ, քայլ առ քայլ ողողում էր ծանծաղուտը: Եվ նրա մաշկին դիպավ տիղմի զովն ու ջրի թարմությունը: Նա վեր պարզեց աչքերը` կամրջի վրա արդեն մարել էր մայր մտնող արեգակի պայծառ փայլը, և մայրամուտի աղոտ-կանաչավուն երկնքում սևին էր տալիս քարե բազրիքի հստակ ուրվագիծը… Իսկ նա չէր գալիս:
Բիսէյը վերջապես կանգ առավ:
Ջուրը, արդեն լիզելով նրա ոտքերը, փայլելով առավել ցոլքերով, քան պողպատն է պսպղում, ալիքվում էր կամրջի տակ: Անկասկած, չի անցնի մեկ ժամ, և անգութ մակընթացությունը կողողի նրա և’ ծնկները, և’ փորը, և’ կուրծքը: Ոչ, ջուրն ավելի արագ է բարձրանում, և ահա` նրա ծնկներն արդեն ծածկվեցին գետի ալիքներով… Իսկ նա չի գալիս:
Հույսի վերջին շողն աչքերում` Բիսէյը հայացքը նորից ու նորից հառում էր երկինք` կամրջին:
Նրա կուրծքը ողողող ջրի մակերևույթին վաղուց արդեն խտացել էր իրիկվա կապույտը, և մշուշի միջով նրա ականջին էր հասնում ուռիների ու խիտ եղեգնուտի թախծոտ խշշոցը: Եվ հանկարծ, հպվելով Բիսէյի քթին, ցոլցլացնելով սպիտակ փորիկը, ջրից դուրս թռավ մի ձկնիկ և անցավ նրա գլխավերևով: Բարձրիկ երկնքում վառվեցին դեռևս հատուկենտ աստղերը: Եվ նույնիսկ պատատուկներով պարուրված բազրիքի ուրվագիծը լուծվեց արագորեն վրա հասնող մթությանը… Իսկ նա չէր գալիս:
Կեսգիշերին, երբ լուսնի լույսը ողողում էր եղեգնուտն ու ուռիները գետի երկայնքով, ջուրն ու զեփյուռը, կամացուկ փսփսալով, Բիսէյի մարմինը կամրջի տակից զգուշորեն տարավ դեպի ծով: Սակայն Բիսէյի հոգին ուղղվեց դեպի երկնքի սիրտը, լուսնի ցոլքը թախծոտ` գուցե այն պատճառով, որ նա սիրահարված էր: Թաքուն լքելով մարմինը, նա սահուն բարձրացավ աղոտ լուսավորվող երկինք` ճիշտ այնպես, ինչպես գետից համրաձայն բարձրանում է տիղմի հոտը, ջրի թարմությունը…
Իսկ հետո, հազարավոր տարիներ անց, այդ հոգուն, որն անթիվ անգամ կերպարանափոխվել էր, վերստին մարդկային կյանք վստահվեց: Դա հենց այն հոգին էր, որն ապրում է իմ մեջ: Այդ պատճառով, թող որ մեր ժամանակներում` այնուհանդերձ, ես ընդունակ չեմ ոչ մի լուրջ բանի, և գիշեր թե ցերեկ ապրում եմ երազանքներով և միայն սպասում, թե ինձ կայցելի զարմանահրաշ մի բան: Ճիշտ այնպես, ինչպես Բիսէյն էր, աղջամուղջի մեջ, կամրջի տակ սպասում իր սիրած էակին, որը չի գալու երբևէ:
Տպավորիչ և խորը ստեղծագործություն էր։ Ստեղծագործության վեռնագիրը շատ է համապատասխանում նրա մտքին, ասելիքին, քանի որ նրա ասելիքն էր, որ ցանկացած մարդ սպասում է ինչ-որ հրաշքի, փոփոխության ի վերուստ, բայց չգիտակցելով, որ հրաշքը գալիս է հենց իրենից՝ կորցնում է իր ժամանակը և սուզվում հուսահատության մեջ։ Երազանքը, սպասման դրությունը մարդու հոգում է ի ծնե և դա բնական է, որ ցանկացած մարդ սպասում է դրան, նրան։

Հսկա շենքերը հուր ու ծխի մեջ…Եղիշե Չարենց

Հսկա շենքերը հուր ու ծխի մեջ,
Շենքերը հսկա վառվում են, փլչում:
Բոցերը՝ կարմիր նայադների պես
Ծխերի միջից երկինք են թռչում:
Այն ո՞րտեղ էին, ո՞ւր էին պահված
Փերիներն ալվան կրակի, հրի,
Անմահ Վահագնի հարսներն հրավարս,
Նայադները այս կարմիր փրփուրի:
Երգով ու ծափով երկինք են թռչում՝
Դեպի արևի գիրկը մոռացված.
Շենքերը, սակայն, փլչում են, փլչում`
Նրանց կարոտին ողջակեզ դարձած:
2
Մոխիրի միջից — կարմիր կրակներ:
Միթե չի՞ մարել, միթե չի հանգել:
Աչքեր են կարծես — կասկածոտ, հրոտ:
Բոցկլտում են` հին հրդեհին կարոտ:
Մոխիրի միջից հսկում են, հսկում,
Չե՞ս տեսնում մահը — աչքերի ոսկում:
Ահա խնդացին: Չե՞ս սոսկում հրից —
Հե՛յ, հասե՛ք — հասե՛ք. հրդեհ է նորից:

Կանաչ առավոտը։ Ռեյ Բրեդբերի. Կիրակնօրյա ընթերցանություն

  1. Կարդալ պատմվածքը։
  2. Դուրս գրել անհասկանալի բառերն ու բառարանի օգնությամբ բացատրել։
     հար-միշտ
    խփշտել-ագահաբար ուտել
    կոշտուկ-մարմնի վրա մաշկի կոշտացած տեղ
  3. Պատմվածքի մեջ ո»րն էր ոչ իրական, ձեր կարծիքով։ Դուրս գրեք այդ հատվածները։

Երբ արևը մայր մտավ, նա նստեց արահետի մոտ և պարզ ընթրիք պատրաստեց, հետո պատառ-պատառ բերանը տանելով և մտածկոտ ծամելով՝ լսում էր, թե ինչպես է ճտճտում կրակը։ Մի օր էլ անցավ, հար և նման մյուս երեսունին՝ առավոտից կոկիկ ու համաչափ փոսեր փորել, հետո սերմեր ցանել, ջրել թափանցիկ ջրանցքների ջրով։ Հիմա հոգնատանջ, կապարի պես ծանրացած մարմնով նա պառկել, նայում էր երկնքին, որտեղ մութի մի երանգին հաջորդում էր երկրորդը։

Նրա անունը Բենջըմին Դրիսքըլ էր։ Նա երեսունմեկ տարեկան էր։ Մի ցանկություն ուներ, որ Մարսը կանաչի, ծածկվի սաղարթախիտ բարձր ծառերով, որոնք օդ, շատ օդ կստեղծեն։ Թող նրանք աճեն տարվա բոլոր եղանակներին, զովացնեն քաղաքը ամառվա տապին, պատսպարեն ձմեռային քամիներից։ Ինչ ասես, որ չեն կարող անել ծառերը… Նրանք բնությանը գույներ են հաղորդում, ստվեր տալիս, հողից բերք ստանում կամ դառնում են մանկական խաղերի թագավորություն, ուր կարելի է մագլցել, խաղալ, կախվել ճյուղերից… Հրաշք, որ սնունդ և ուրախություն է պարգևում, ահա թե ինչ է ծառը; Բայց ամենից առաջ ծառը կենաց աղբյուր է և մեղմ խշշոցի աղբյուր, որը շոյում է ականջներդ, գիշերը օրոր շրշում, երբ պառկած ես լինում ձյունաճերմակ անկողնում…

Նա պառկած լսում էր, թե ինչպես մուգ գույնի հողը հավաքում է իր զորությունը, սպասում է անձրևի, որ չկա ու չկա… Ականջը հողին հպած՝ նա լսում էր գալիք տարիների քայլքը և տեսնում էր, թե ինչպես այսօր ցանած սերմերը կանաչ շիվեր են արձակում ու ձգվում վեր, երկինք, սաղարթ տալիս, և ողջ Մարսը դառնում է արևոտ ու պայծառ անտառ։

Վաղ առավոտյան, երբ դալուկ արևը հազիվ դուրս է գալիս բլուրների վրա, նա ոտքի է ելնում, արագ խփշտում է տաք նախաճաշը, հանգցնում ածխակոթերը, շալակում է ուսապարկը և տնկում, զգույշ հարթեցնում հողը, ջրում և քայլում առաջ, սուլելով ու նայելով պարզկա երկնքին, որը կեսօրին ավելի պայծառ է դառնում ու ավելի տաքացնում…

— Քեզ օդ է հարկավոր,– ասաց նա իր վառած օջախին։ Խարույկը կենդանի, վառվռուն ընկեր է, որը կատակով խածում է մատներդ, իսկ ցուրտ գիշերներին տաք ննջում է կողքիդ՝ քնկոտ վարդագույն աչքերը կկոցած…– Մեզ բոլորիս օդ է հարկավոր։ Այստեղ, Մարսի վրա օդը նոսր է, շատ շուտ հոգնում ես, ինչպես Անդերում, Հարավային Ամերիկայում։ Շնչում ես ու չես հագենում, ոչ մի կերպ չես հագենում։

Նա շոշափեց կրծքավանդակը։ Ինչպե՜ս էր լայնացել երեսուն օրվա ընթացքում։ Այո՛, այստեղ պետք է կամ խոր շնչես, որ թոքերդ ընդարձակես, կամ ավելի շատ ծառ տնկես։

— Ահա թե ինչու եմ այստեղ,— ասաց նա։

Կրակը ճայթյուն արձակեց։

— Դպրոցում մեզ պատմում էին Ջոնի Ափլսիդի մասին։ Թե ինչպես էր նա շրջում Ամերիկայում և խնձորենիներ տնկում։ Իմ գործն ավելի կարևոր է։ Ես անկում եմ կաղնիներ, ծփիներ, թխկիներ և այլ ծառեր՝ կաղամախի, շագանակենի, մայրի։ Ես ոչ թե պտուղներ եմ ստեղծում ստամոքսի համար, այլ՝ օդ թոքերի համար։ Մարդու հավատը չի գալիս, թե որքան թթվածին կավելանա, երբ վերջապես աճեն այդ բոլոր ծառերը։

Նա հիշեց Մարս հասնելու առաջին օրը։ Ուրիշ հազարավորների նման դիտում էր մարսյան խաղաղ առավոտը և մտածում. «Ինչպե՞ս եմ վարժվելու այստեղ։ Ի՞նչ եմ անելու։ Իմ սրտով աշխատանք կգտնե՞մ»։

Եվ կորցրեց գիտակցությունը։

Ինչ-որ մեկը նրա քթին անուշադրի սպիրտով լի սրվակ մոտեցրեց, Նա հազաց և ուշքի եկավ։

— Ոչինչ, կկազդուրվեք,– ասաց բժիշկը։

— Իսկ ի՞նչ կատարվեց ինձ հետ։

— Այստեղ օդը շատ նոսր է։ Ոմանք դժվար են հարմարվում։ Հավանաբար, դուք պետք է Երկիր վերադառնաք։

— Ոչ,– նա նստեց, բայց նույն պահին էլ աչքերը մթնեցին, և Մարսը կարծես փախավ ոտքերի տակից։ Ռունգերը լայնացել էին, նա թոքերին ստիպում էր ագահորեն ներս քաշել դատարկությունը։– Ես կվարժվեմ։ Ես պետք է մնամ։

Նրան հանգիստ թողեցին։ Նա պառկել էր, շնչում էր, ինչպես ավազին ընկած ձուկը և մտածում. «Օ՜դ, օ՜դ, օ՜դ։ Նրանք ինձ ուզում են ետ ուղարկել օդի պատճառով»։ Եվ շրջեց գլուխը, որպեսզի տեսնի Մարսի հովիտներն ու բլուրները։ Նայեց և տեսավ, որ աչքը ինչքան կտրում է՝ ոչ մի ծառ չկա։ Չորս կողմը համատարած արգավանդ սևահող էր, բայց ոչ մի կանաչ շյուղ։ «Օ՜դ,– մտածում էր նա՝ աղմուկով ներս քաշելով անգույն դատարկությունը,– օ՜դ, օ՜դ»։ Նույնիսկ բլուրների գագաթներին, ստվերոտ լանջերին, նույնիսկ գետափին՝ ո՛չ ծառ կար, ո՛չ խոտ։ Պատասխանը ծնվեց ոչ թե գլխում, այլ կոկորդում և թոքերում։ Եվ այդ միտքը մի ումպ մաքուր թթվածնի պես իսկույն զորացրեց նրան։ Ծառեր ու խոտ։ Նա նայեց իր ձեռքերին և ափերը վերև շրջեց։ Նա խոտ կցանի և ծառ կտնկի։ Ահա նրա աշխատանքը՝ պայքարել այն ամենի դեմ, ինչը կարող է խանգարել իր այստեղ մնալուն։ Ինքը հատուկ պատերազմ կհայտարարի Մարսի դեմ՝ կենսաբանական պատերազմ։ Հնագույն մարսյան հողի բույսերը միլիոնավոր հազարամյակների ընթացքում այլասերվել և ոչնչացել էին։ Իսկ եթե տնկեր նոր տեսակներ, երկրագնդում աճող ծառեր՝ ճյուղառատ պատկառուկներ, լացող ուռիներ, մագնոլիաներ, հզոր էվկալիպտներ… ի՞նչ կլինի։ Միայն ենթադրել կարելի է, թե ինչ հանքային հարստություններ է թաքցնում այստեղի հողը, որովհետև հին պարտեզները, ծաղիկները, թփերը և ծառերը ուժասպառվելուց էին ոչնչացել։

— Ես պետք է ոտքի կանգնեմ,– բացականչեց նա,– պետք է տեսնեմ Կազմակերպչին։

Ամբողջ կես օր Կազմակերպչի հետ որոշում էին, թե որ բույսերը կարելի է աճեցնել։ Ամիսներ, եթե ոչ տարիներ են հարկավոր, որպեսզի սկսեն տնկիներ գցել։ Սննդամթերքը սառած վիճակում թռչող սառցալուլաների մեջ բերվում է Երկրից։ Միայն մի քանի սիրողներ հիդրոպոնիկ եղանակով այգիներ են աճեցրել։

— Այնպես որ առայժմ ինքնուրույն գործենք,- ասաց Կազմակերպիչը,– հնարավորին չափ սերմեր կհայթայթենք, նաև՝ որոշ գործիքներ։ Հիմա հրթիռներում նեղվածք է։ Քանի որ առաջին ավանները հանքերի հետ են կապված, վախ ունեմ, որ կանաչ տնկարկների ձեր ծրագիրը հաջողությամբ չպսակվի։

— Բայց դուք ինձ թույլ կտա՞ք։

Նրան թույլատրեցին, հատկացրին մի մոտոցիկլ։ Նա ծանրոցատեղը լցրեց սերմերով ու տնկիներով, գնում էր ամայի հովիտները, թողնում էր մոտոցիկլը և աշխատելով, ոտքով ւսռաջ էր շարժվում։

Այդ ամենը սկսվեց երեսուն օր առաջ, և այդ օրից սկսած՝ նա ոչ մի անգամ ետ չէր նայել։ Ետ նայել կնշանակեր՝ ընկճվել։ Անսովոր չոր եղանակ էր և հազիվ թե որևէ սերմ ծլած լիներ։ Չորս շաբաթվա ջանքերը ապարդյո՞ւն։ Նա նայում էր միայն առաջ, առաջ էր շարժվում ընդարձակ, արևոտ հովտով՝ ավելի ու ավելի հեռանալով Առաջին քաղաքից և սպասում, սպասում էր, թե երբ է անձրև տեղալու։

… Նա ծածկոցը քաշեց ուսերին, չոր բլուրների վրա կուտակվում էին ամպերը։ Մարսը անկայուն է, ինչպես ժամանակը։ Արևախանձ բլուրները պատվում էին գիշերային սառնությամբ, և նա մտածում էր հարուստ սևահողի մասին՝ այնքան սև ու փայլուն, որ քիչ էր մնում ինքն իրեն կոշտուկների վերածվեր, մտածում էր սրսուռ հողի մասին, որից կարող էին լոբու ահռելի ցողուներ աճել, պատիճներից հսկայական չտեսնված հատիկներ թափվեին ու դղրդացնեին հողը։

Կիսանիրհ խարույկը մոխրանում էր։ Օդը շարժվեց, հեռվում կարծես սայլ էր դղրդում՝ ամպրոպ էր։ Անսպասելի խոնավության հոտ եկավ։ «Այս գիշեր,— մտածեց նա և ձեռքը մեկնեց ստուգելու՝ անձրև գալի՞ս է, թե ոչ,— այս գիշեր»։
Ինչ-որ բան ընկավ հոնքին։ Նա արթնացավ։

Քթի վրայից դեպի շրթունքը սահեց մի կաթիլ։ Երկրորդն ընկավ աչքը և մի պահ մշուշեց այն։ Երրորդը դիպավ այտին։

Անձրև…

Սառը, փաղաքուշ, թեթև թափվում էր բարձր երկնքից, ինչպես կենաց հեղուկ, որ բուրում էր կախարդանքով, աստղերի, օդի բույրերով, որ իր հետ բերում էր սև փոշի, լեզվի վրա նույն համն էր թողնում, ինչ հին խերեսը։

Անձրև։

Նա նստեց։ Ծածկոցը իջավ, բամբակյա երկնագույն վերնաշապիկի վրա մութ բծեր երևացին։ Կաթիլները հետզհետե խոշորանում էին։ Խարույկն այնպիսի տեսք ուներ, կարծես մի անտեսանելի գազան կրակը տրորելով, վրան պար էր եկել, ու մնացել էր միայն թանձր ծուխը։ Անձրև տեղաց։ Հսկայական սև երկնակամարը հանկարծ ճեղքվեց վեց երկնագույն մասերի և փլվեց։ Նա տեսավ տասնյակ միլիարդավոր շիթեր։ Ցած թափվելիս նրանք օդում մնացին ճիշտ այնքան, որքան պահանջվում էր, որպեսզի էլեկտրական լուսանկարիչը պատկերելու համար որսա պահը։ Նորից մառախուղ և ջուր, ջուր…

Նա թրջվել էր մինչև ոսկորները, բայց նստել ու ծիծաղում էր դեմքը վեր պահած, և կաթիլները զարնվում էին քունքերին։

Նա ծափ զարկեց, վեր թռավ և պտտվեց իր փոքրիկ ճամբարի շուրջը։ Գիշերվա ժամը մեկն էր։ Անձրևը գալիս էր երկու ժամ անընդմեջ, հետո դադարեց։ Երևացին մաքուր լվացված աստղերը, պայծառ, ինչպես երբեք։

Բենջըմին Դրիսքըլը ցելոֆանե պայուսակից չոր հագուստ հանեց, հագավ, պառկեց և երջանիկ քուն մտավ։
Արևը դանդաղ դուրս եկավ բլուրների արանքից։ Ճառագայթները պատնեշը հաղթահարելով՝ մեղմորեն շոյեցին գետինը և արթնացրին Դրիսքըլին։

Նա մի քիչ էլ ճմլկոտվեց վեր կենալուց առաջ։ Մի ամբողջ ամիս, երկար ու շոգ ամիս աշխատել էր, աշխատել ու սպասել… Բայց այսօր ոտքի ելնելով, առաջին անգամ շրջվեց այն կողմը, որտեղից եկել էր։

Առավոտը կանաչ էր։

Որքան աչքը կտրում էր, դեպի երկինք էին ձգվում ծառերը։ Ոչ թե մեկ-երկու, ոչ թե տասնյակ, այլ հազարավոր ծառեր, որ տնկել էր ինքը։ Եվ ոչ թե մանր-մունր թփեր, բարակ շիվեր, այլ հզոր բներով, շենքերի բարձրության հսկայական ծառեր, կանաչ-կանա՜չ, վիթխարի, կլոր, փարթամ սաղարթով, որ արծաթավուն երանգ ուներ, քամուց շրշացող տերևներով, բլրալանջերին աճած ծառերի երկար շարքեր, կիտրոնի ծառեր ու լորենիներ, կարմրածառեր ու պատկառուկներ, կաղնիներ ու ծփիներ, թխկիներ, բարդիներ, թեղիներ, հաճարենիներ, խնձորենիներ, նարնջի ծառեր, էվկալիպտներ՝ աճած հորդ անձրևից և սնված օտար կախարդական հողով։ Նրա աչքերի առջև նոր շյուղեր էին աճում, նոր բողբոջներ էին պայթում։

— Անհավանակա՜ն է,– բացականչեց Բենջըմին Դրիսքըլը։

Բայց հովիտը և առավոտը կանաչ Էին։

Հապա օ՜դը…

Ամենուր, կենարար հոսանքի նման, ինչպես լեռնային գետ, հորդում էր թարմ օդը, թթվածինը, որ ստեղծում Էին կանաչ ծառերը։ Ուշադիր նայելիս երեում Էին դրանց վճիտ կոհակները; Թարմ, մաքուր, կանաչ, զով թթվածինը հովիտը դարձրել էր գետի ավազան։

Եվս մի վայրկյան, և քաղաքում կբացվեն դռները, մարդիկ դուրս կվազեն թթվածնի հրաշքին ընդառաջ, կուլ կտան, կշնչեն լիաթոք, այտերը կվարդագունեն, քթները կսառչեն, թոքերը նորից ուժ կառնեն, սրտները կարագանան, իսկ հոգնած մարմինները կհանձնվեն պարի տարերքին։

Բենջըմին Դրիսքըլը խոր-խոր շնչեց խոնավ կանաչ օդը և ուշակորույս եղավ։

Մինչ նա ուշքի կգար, դեպի դեղին արևը ձգվեց էլի հինգ հազար ծառ։

Խիզախը կամ Աներկյուղը։ Ղազարոս Աղայան

Էլել է, չի էլել՝ մի պառավ։ Այս պառավը մի որդի է ունենում մինուճար։ Տղան երբ որ մեծանում է՝ լսում է, որ աշխարհումս շատ երկյուղալի բաներ կան, որոնցից պետք է հեռու մնալ։ Ասում է.

― Ա՛խ, ինչպե՜ս կցանկանայի, որ մեկ տեսնեի, թե ի՛նչ բան է երկյուղը։

Պառավը շատ տեղ է տանում տղային, շատերի մոտ աշակերտության տալիս, որ մեկ արհեստ սովորի, բայց նա ոչ մեկի մոտ չի մնում և ասում է մորը.

― Ես ուզում եմ տեսնել, թե ի՛նչ բան է երկյուղը․ եթե այդպիսի արհեստավոր կա՝ ինձ տուր նրա մոտ, ես այնտեղ կկենամ։

― Որդի՛, երկյուղը ո՛չ արհեստ է, ո՛չ արհեստավոր,― ասում է մայրը,― այդ բանը ամեն մարդու սրտում էլ կա. եթե դու ոչ մի բանից չես վախենում, ուրեմն՝ քո սրտումդ երկյուղ ասածը չկա, դու աներկյուղ ես։

― Մա՛յր, այդ երևի լավ բան է, որ ամեն մարդի սրտում էլ կա,― ասում է տղան,― ուզում եմ ես էլ ունենալ, բայց որտե՞ղ գտնեմ, որտե՞ղ ձեռք բերեմ։

― Աստված մի՛ արասցե, որդի՛, այդպես բան չես անիլ,― ասում է պառավը և երկյուղալի դեմքով բացականչում.― Ո՜հ… որ իմանաս՝ ի՜նչ երկյուղալի և սարսափելի բաներ կան աշխարհիս երեսին…

― Որտե՞ղ են այդ սարսափելի բաները, մա՛յր, հապա ինչո՞ւ ես ոչ մեկ անգամ չեմ տեսնում։

― Հապա սարսափելի չե՞ն քառասուն հարամիքը[1]. ամբողջ աշխարհս դողում է նրանց ձեռին, նրանց երկյուղից ոչով սիրտ չի անում նրանց հողումը ոտք դնել։

― Ուրեմն՝ նրանց որ տեսնեմ, անպատճառ կվախենա՞մ, մա՛յր։

― Աստված մի՛ արասցե, որդի՛, իհարկե կվախենաս, քար լինի՝ կհալչի նրանց երկյուղից։

Աներկյուղը մյուս օրը ճանապարհ ընկավ ու գնաց երկյուղ փնտրելու։ Նա ոչինչ չուներ, այլ միայն մի պարկ ուներ շալակին, մի կտոր չոր հաց ուներ կռնատակին և մի չոր մահակ՝ ձեռին։

Ճանապարհին ով որ պատահում էր ու հարցնում, թե՝ ուր ես գնում, նա պատասխանում էր.

― Գնում եմ երկյուղ փնտրելու։

― Գիժ կլինի սա,― ասում էին հանդիպողները և գլխները թափ տալիս։

Աներկյուղը գիժ չէր և ո՛չ հիմար։ Նա շատ խելոք էր մտածում, բայց երբեք խելոք չէր խոսում։ Նա տեսնում էր, որ իր շրջապատի մարդիկը բոլորն էլ հիմար են, ոչ մեկն իր նման չի մտածում, այս պատճառով ինքն ավելի ևս հիմարանում էր և նրանցից ավելի էլ հիմար բաներ ասում։ «Շատ էլ որ ասեմ, թե՝ ես իմաստուն եմ, ո՞վ կհավատա»,― մտածում էր Աներկյուղը. «Լավն այն է, որ գործով ցույց տամ, թե՝ ես հիմար չեմ, իսկ քանի որ գործ չկա, խոսքը նշանակություն ունենալ չի կարող»։

Այսպես են լինում առհասարակ բոլոր կարգե դուրս մարդիկը։ Նրանք որովհետև նման չեն լինում բոլոր մյուսներին, այդ պատճառով գիժ են համարվում։ Բայց հետո, երբ այդ գիժ համարվածները դառնում են նշանավոր և երևելի մարդիկ, ամբոխը զարմանում է, թե ինչպե՛ս նրա պես գիժ տղան խելոք մարդ դառավ։

Մեր Աներկյուղը գլխիցը ձեռք վեր առած՝ գնաց հասավ քառասուն հարամիների բնակարանը։

Մի ահռելի ժայռի մեջ էր նրանց բնակարանը։ Ժայռի մեջը փուչ էր, ու բազմաթիվ միջանցքների ու սենյակների պես բաներ կային նրանում։ Հին ժամանակները այդտեղ երկաթահանք էր եղել։ Հանքահանները, ժայռը փորելով՝ հանել էին երկաթաքարը, ով գիտե քանի հարյուր տարի, և մեջեմեջ սյուներ թողնելով, որ ժայռը վերևից չփլչի, շինել էին ստորլեռնյա ահագին մաղարեք[2], զաղեք[3], քարայրներ, որոնցից ամեն մեկը մյուսի հետ միացած էր մի միջանցքով և առանձին ճանապարհով դեպի դուրսը։

Հարամիների համար այդ բնակարանը մի անմատչելի ապաստարան էր։ Պատ և տանիք չուներ, որ քանդեին, ահագին սարին ի՞նչ կարող էին անել, իսկ ներսը մտնել կարող էին միայն հատ-հատ, և ո՞վ կհամարձակվեր ինքն իրան քառասուն հարամու բերանը գցել։ Այս պատճառով ահա այդ քառասուն հարամիքը ահ ու սարսափ էին տարածել շրջակա գյուղերի և քաղաքների վրա։ Գազանների պես դուրս էին գալիս իրանց անմատչելի տնից ու հարձակվում էին քարվանների, հոտերի, նախիրների և քաղաքների ու գյուղերի վրա և թալանում, կողոպտում, հափշտակում ամենայն ինչ, մինչև անգամ շատ աղջիկ ու կնիկ, և բերում լցնում իրանց բնակարանը։

Ահա՛ այս բնակարանը գնաց Աներկյուղը։

Եթե Աներկյուղը ոչ մի երկյուղ չուներ հարամիներից, հարամիքը ավելի ևս երկյուղ չէին ունենալ նրանից ու պիտի ընդունեին իբրև մի անմեղ տղայի, որ դեռ չգիտե, թե՝ աշխարհումս ինչ կա, ինչ չկա։

— Ո՞ր քամին է բերել քեզ մեզ մոտ,- հարցրեց նրան ավազակապետը,- ո՞ւր ես գնում և ինչո՞ւ համար ես եկել մեզ մոտ։

Աներկյուղը պատասխանեց.

— Ես ոչնչից չեմ վախենում և չգիտեմ՝ ի՞նչ բան է երկյուղը։ Լսեցի, որ դուք շատ երկյուղալի մարդիկ եք, եկել եմ, որ տեսնեմ, թե՝ ի՛նչ կա ձեզանում, որ մարդիկ այնքան վախենում են ձեզանից։

Ավազակապետը ծիծաղեց տղայի պարզամտության վրա և ասաց.

— Մեզանից այն մարդիկն են վախենում, որոնք մի բան ունեն և գիտեն, որ այն բանը մենք պիտի խլենք նրանցից ու զրկենք նրանց՝ իրանց ունեցածից, իրանց սիրած բանից։ Իսկ դու, որովհետև ոչինչ չունես և զուրկ ես նույնիսկ Աստուծո տված խելքից, իհարկե որ չես վախենալ։

— Բայց ես ուզո՛ւմ եմ վախենալ. ինչպե՞ս անեմ, ուրեմն, և ո՞ւր գնամ, որ վախենամ, որ իմանամ, թե՝ ի՛նչ բան է վախը։

— Եթե այդքան ցանկանում ես՝ մեզ մոտ կաց և կտեսնես։

— Շատ շնորհակալ կլինեմ,– ասաց Աներկյուղը և անձնատուր եղավ ավազակապետին։

Ավազակապետը մի դաժան դեմքով մարդ էր։ Հաստ-հաստ ու խիտ մազերով հոնքերը կախ էին ընկած խոր ընկած կոպերի վրա, բայց տակից բորբոքված կրակի նման կայծեր էին արձակում նրա աչքերը։ Կուրծքը լայն էր, ինչպես մի սարի լանջ, և բրդբրդոտ, ինչպես խոզի բաշ։ Վիզն այնպես հաստ էր, ինչպես մի մամռապատ կոճղ, և այնպես ջլուտ, որ կարծես ցուլի վիզ լիներ։ Եթե Աներկյուղը վախկոտ լիներ՝ նրան տեսնելուն պես կսարսափեր, բայց ավազակապետը նրան թվաց իբրև մի գոմեշ կամ ուղտ, որոնք չնայած իրանց արտաքին ահռելիությանը՝ սովոր մարդկանց վրա ոչ մի երկյուղ չեն ազդում, այլ իրանք են վախենում նրանցից։ Աներկյուղն այնպես էր նայում հսկայի վրա, ինչպես գոմեշ խրտնեցնել և վախեցնել ուզող մի երեխա։

— Այս տղան մեզ շատ պետք կգա,– ասաց ավազակապետը մյուսներին։- Մենք սրան կարող ենք լրտես շինել և ուղարկել զանազան տեղեր, ուր մեզ չի կարելի գնալ։ Բայց պետք է նախ և առաջ փորձել սրա աներկյուղությունը։

Աներկյուղին սիրով պահպանեցին մի քանի օր. նրան ձիապահի և խոհարարի պաշտոն տվին, և հետո, նրա աներկյուղությունը փորձելու համար, ավազակապետն ասաց նրան.

— Այս քանի օր է՝ փորս սաստիկ ցավում է, եթե մի լավ հալվա եփես ինձ համար, ես կուտեմ և կառողջանամ. միայն թե՝ այդ հալվան պիտի եփես այսինչ գերեզմանատանը գիշեր ժամանակ և այն էլ՝ նոր թաղած մեռելի կողքին։

Այս պատվերը տվավ ավազակը, իսկ ինքը վաղօրոք գնաց մտավ իր ասած գերեզմանումը թաք կացավ։

Երբ լավ մթնեց՝ Աներկյուղը նույն տեղը կրակ վառեց և սկսեց հալվան եփել։ Շերեփը ձեռին խառնում էր հալվան ու մի երգ մռմռում քթի տակին։ Բայց ահա տեսնում է, որ մի բան է խրթխրթում գերեզմանումը, մեկ էլ՝ մեռելը ձեռքը հանում է գերեզմանիցը և մեկնում դեպի տղան, ողորմություն ուզելու պես։ Աներկյուղը շերեփը լցնում է հալվայով, փչելով հովացնում և ածում է մեռելի ափը։ Նա ներս է քաշում կուռը (թևը), տվածն ուտում է և էլի մեկնում ձեռքը։ Աներկյուղը մեկ էլ է լցնում շերեփը հալվայով, հովացնում և ածում մեռելի ափը։ Այսպես կրկնվում է երեք անգամ։ Բայց չորրորդ անգամ էլ որ մեկնում է՝ նա, փոխանակ հալվայի, կրակոտ խանձուղով խփում է ձեռքին և ասում.

— Քեզ պես անամոթ մեռել չեմ տեսել, բավակա՛ն է ինչքան որ կերար. բոլորը որ քեզ ուտացնեմ, էլ իմ աղային ի՞նչ տանեմ. եթե որ այդպես ուտելու ախորժակ ունեիր, էլ ո՞ւր էիր մեռնում. երևի, բանից ես փախել և ընկել մեռելների կարգը։

Մեռելը մեկ էլ է պարզում ձեռքը։

— Ասացի, որ էլ չե՛մ տալ, խելք ունես՝ ձեռքդ ե՛տ քաշիր, թե չէ՝ կրակով կայրեմ։

Մեռելը չուզեց ձեռքը ետ քաշել, Աներկյուղը պինդ բռնեց ձեռքիցը և խանձուղով այրեց։ Հսկան վեր թռավ տեղիցը և ընկավ Աներկյուղի վրա, բայց նա իր անվեհերությունը չկորցրեց, այլ՝ ջուխտ ոտները գրկեց և հսկային գետին գլորեց։ Նա վեր կացավ փախավ, որ Աներկյուղը իրան չճանաչի։ Աներկյուղը հալվան տարավ ավազակապետին տվավ և պատմեց մեռելի արարմունքը։

— Օ՜… այդպես բան չի լինիլ,– ասաց նա,– երևի վախեցել ես, և աչքիդ այդպես է երևացել։

— Կարելի է,– ասաց Աներկյուղը՝ չիմանալով, թե ի՛նչ բան է աչքին երևալը.– ուրեմն, եթե վախն այդ է՝ ես նրա գլխին լավ օյին դրի։

Ավազակապետը այս փորձից հետո Աներկյուղին շինեց իր լրտեսը և լրաբերը։ Նրան ուղարկում էր ամեն տեսակ վտանգավոր տեղեր, և նա գնում էր երբեմն ձիով, երբեմն ոտքով և ամեն հանձնարարություն այնպես էր կատարում, որ ավազակներն իրանց նպատակին չհասնեն և հաջողություն ունենալու տեղ անհաջողության հանդիպեն։

Այս պաշտոնի մեջ նա բավական վարժվեցավ թուր և նիզակ բանացնելում, ձիով ու հետի արշավանք անելում և դարձավ ավազակների մեջ ամենից կտրիճը, բայց ավազակ չդառավ, այլ՝ ավազակներ կոտորող։ Նա երբ որ հանդիպում էր մի քարվանի՝ նրանց զգուշացնում էր, թե ի՛նչ տեղ պիտի իջնեն, և իմաց էր տալիս, թե՝ այսինչ ժամանակ պիտի հարձակվեն ավազակները, բայց չվախենան, ինքն օգնության կհասնի։ Եվ ճշմարիտ. երբ գնում էին հարձակմունք գործելու թե՛ քարվանի և թե՛ գյուղի վրա՝ նա փոխում էր իր գդակը, դեմքը ծածկում և հարձակվում ավազակների վրա. որի՝ գլուխը ջարդում, որի՝ կուռը կոտրում, ավազակներից հափշտակում, վերադարձնում տերերին և ինքը կրկին խառնվում նրանց մեջ և հետները գնում։ Մեկ, երկու, երեք այսպես որ արավ՝ ավազակապետի սիրտը կասկած ընկավ, և այն մտքին եկավ, որ այս բանն անողը Աներկյուղն ի՛նքն է և ո՛չ ուրիշ մարդ…

 

Տողատակեր

  1.  Հարամի — ավազակ, կողոպտիչ
  2.  Մաղարա — քարայր
  3.  Զաղա — քարանձավ

Զանգի-Զրանգի։ Ղազարոս Աղայան

Մարդ ու կնիկ մի տղա ու մի աղջիկ են ունենում․ տղան հասած է լինում արդեն, իսկ աղջիկը դեռ բարուրումն է լինում։ Այս աղջիկը դեռ հազիվ հինգ ամսական եղած՝ սրանց տանը տարօրինակ բաներ են պատահում։ Երբ ոչ ոք չի լինում տանը, բացի ծծկեր աղջկանից, գալիս տեսնում են, որ շատ ուտելու բաներ կան պակասած։ Բադիով[1] կաթն է լինում դրած՝ տեսնում են դատարկված, մածուն է լինում՝ նույնպես, տաշտումն է՛լ հաց չի մնում, բղուղներումը[2]՝ յուղ․ այսպես և ուրիշ շատ բաներ։ Կարծում են, որ գող պիտի մտած լինի տուն, բայց տղան ուրիշ բան է մտածում և ոչ ոքի բան չի ասում։

Մեկ անգամ, երբ ոչ ոք չի լինում տանը, տղան թաք է կենում մի մութ քնջում և տեսնում է, որ ի՞նչ, ահա՛ իր ծծկեր քույրը վեր կացավ, թողած բաժինը կուլ տվավ, ընկավ տաշտի վրա, տեսավ՝ հաց չկա, այլ միայն խմոր է հունցած, ընկավ խմորի վրա և տաշտը մաքուր սրբեց, հետո ընկավ դեսուդեն, շատ հոտոտեց, տեսավ՝ էլ բան չկա, սուս ու փուս գնաց իր տեղը պառկեց, ինչպես մի անմեղ երեխա։

Մայրը դուրս էր գնացել թոնիրը վառելու․ երբ որ եկավ, որ խմորը գնդե, տեսավ՝ խմոր չկա։ Տղան դուրս եկավ մի անկյունից, մորը դուրս կանչեց և պատմեց նրան, ինչ որ տեսել էր աչքովը։

Մայրը չհավատաց, թե ինչպե՞ս կարելի է, այդպես բան չի լինիլ։

Տղան ասաց.

― Ուրեմն, դո՛ւք գիտեք, այդ դուք, այդ ձեր աղջիկը, ինչ կուզեք՝ արեք․ ես այս տանը չեմ կարող մնալ․ դա որ մի քիչ էլ մեծանա, մեզ ամենքիս էլ կուտի․ դա դև է, դա վիշապ է և ոչ թե աղջիկ։

Այս ասաց տղան ու հեռացավ իրանց տանից։ Քիչ որ հեռացավ իրանց տանից՝ ճանապարհին նստեց։ Քաղցած էր, ուտելու հաց չուներ, մի քանի հատ չորցրած ծիրան ուներ ջեբումը, հանեց կերավ և կորիզները թաղեց այնտեղ։ Այդ կորիզներից հետո երեք ծիրանի ծառեր դուրս եկան։

2Տղայի անունը Թաթուխ էր։ Թաթուխը գնաց ընկավ չոլեչոլ, որ դուրս գա մի ուրիշ աշխարհ, բայց ո՛չ քաղաք գտավ, ո՛չ գյուղ․ տեսավ՝ մի հովտի մեջ ոչխարներ են արածում, գնաց դեպի այն կողմը։ Գնաց տեսավ, որ ոչխարների մոտ հովիվ չկա։ Երեկոյան դեմ, երբ ոչխարի հոտը թեքվեց դեպի իր փարախը, Թաթուխն էլ նրանց հետ գնաց։ Երբ որ հոտը փարախ հասավ, մեկ մարդ ու կնիկ դուրս եկան մի քարայրից, երկուսն էլ կույր, կթեցին իրանց ոչխարները շոշափելով, իրանց ուտելու բաժինը վերցրին մի ջոկ ամանում, տարան հաց բրդեցին մեջը և սկսեցին ուտել։ Թաթուխը կամաց մոտեցավ բրդած ամանին և մի կողմից էլ ինքն սկսեց ուտել։ Կույրերը չիմացան, որ մի նոր հացընկեր ունին, և թեև չկշտացան այս անգամ, բայց ձայն չհանեցին։ Այս բանը կրկնվեց մի քանի անգամ։ Մեկ օր էլ մարդն ասաց կնկանը.

― Ա՛յ կնիկ, այս քանի օր է՝ ես քաղցած եմ մնում, կաթն ամեն օրվա չափ է լինում, բայց ես չեմ կշտանում։

Կնիկն էլ ասաց.

― Ա՛յ մարդ, ես կարծում էի, թե դու սովորականից շատ ես ուտում, էնդուր[3]եմ ես քաղցած մնում․ ուրեմն, մենք երկուսս էլ քաղցած ենք մնում, չլինի՞ թե՝ մի ուրիշ մարդ մասնակից է լինում մեր սեղանին։

― Շատ հավանական է, որ այդպես լինի։ Ես մի ուրիշ բան էլ եմ նկատել։ Մինչև հիմա ոչխարները մենք էինք տուն քշում, բայց հիմա իրանք իրանց են ներս գնում, երևի մի քշող կա նրանց։ Գիտե՞ս ինչ է. հաց ուտելիս, երբ որ ես կհազամ, դու իսկույն երկու ձեռքդ մեկնի՛ր, ես էլ մյուս կողմից կպարզեմ, և այսպիսով, եթե մեր կողքին մարդ լինի, կգրկենք նրան։

Երեկոյին հաց ուտելիս մարդ ու կնիկ կատարեցին իրանց պայմանը և մեր Թաթուխին իրանց ճանկը գցեցին։

― Ո՞վ ես դու― ասացին,― ինչո՞ւ ես քեզ թաքցնում մեզանից։

Թաթուխն ասաց.

― Ես մի օտարական մարդ եմ, եկել եմ ձեր օջախն եմ ընկել, դուք եղեք ինձ հայր ու մայր, ես կլինիմ ձեզ որդի, հովվություն կանեմ և ձեզ կպահպանեմ։

― Շա՛տ լավ,― ասացին,― ուրեմն, քեզ հենց Աստված է ուղարկել մեզ համար, մենք զավակ չունինք, դո՛ւ եղիր մեզ որդի։3Մյուս օրը հայրը Թաթուխին պատվեր տվավ և ասաց.

― Լսի՛ր, որդի․ երբ ոչխարը կտանես արածացնելու, ո՛չ ձախ կողմի սարը կտանես և ո՛չ աջ, այլ՝ ուղիղ մեր դեմուդեմի սարը կտանես։

― Շա՛տ լավ,― ասաց Թաթուխը, բայց հոր պատվերը չկատարեց։ Երկրորդ օրը հոտը քշեց ձախակողմյան սարը և հանդիպեցավ այնտեղ մի դիվական հարսանիքի։ Հավաքվել էին բոլոր քաջքերը և զուռնով ու դափով հարսանիք էին անում։ Սրանք որ տեսան Թաթուխին՝ գնացին բռնեցին և քաշ տվին տարան իրանց խնջույքը։ Ասացին.

― Տեսնում ես՝ հարսանիք է, մենք ամենքս զբաղված ենք, պետք է մեզ համար փայտ կոտրտես։

Թաթուխը հոժարեցավ և, կացինը ձեռքն առած՝ սկսեց ճեղքել մի ահագին գերան։ Հենց որ գերանի ճեղքը բաց արավ մի քանի սեպով, կանչեց բոլոր քաջքերին, թե՝ եկեք, եկեք, շո՛ւտ արեք, ձեզ մի նոր օյին ցույց տամ, որ ձեր հարսանիքի խնդությունը ավելի կատարյալ լինի։ Հավաքվեցան բոլոր քաջքերը, նույնիսկ՝ փեսացուն ու հարսնացուն էլ։

― Աբա՜,― ասացին,― ի՞նչ օյին պիտի ցույց տաս։

Թաթուխն ասաց.

― Ձեռքներդ դրե՛ք այս ճեղքումը, ես հետո ցույց կտամ։

Ամենքն էլ շտապելով ձեռքները դրին գերանի ճեղքումը, որ շուտով տեսնեն օյինը։

Թաթուխն իսկույն սեպերը հանեց, և բոլոր քաջքերը միաբերան սկսեցին աղիողորմ ոռնալ։

― Վա՜յ, վա՜յ, կոտորվեցինք, այս ի՞նչ արավ այս մարդը․ մի՞թե այսպես օյին կլինի։

Թաթուխն ասաց.

― Այդ դեռ առաջաբանն է, օյինը հետո պետք է լինի։ Ասացե՛ք, դո՞ւք եք հանել իմ հորն ու մոր աչքերը և որտե՞ղ եք պահել… Մինչև նրանց աչքերը չտաք, ձեզ փրկություն չկա։

― Այո՛, այո՛, վա՜յ, վա՜յ,― ասաց մեկը, որի սիրտը ամենից շատ էր կսկծում ցավից…― Ահա այնտեղ է, այնտեղ, այն թփի տակին, գնա՛ վերցրու և ազատիր մեզ։

Թաթուխը գնաց վերցրեց աչքերը և եկավ հարցրեց.

― Աչքերը գտա, բայց ինչպե՞ս պետք է սաղացնեմ։

― Աչքերը կդնես իրանց տեղը և մեր նորահարսի աղլուխովը[4] կշփես, իսկույն կառողջանան։

Թաթուխը գնաց վերցրեց նորահարսի աղլուխը։

― Դե, հիմա ազատի՛ր մեզ,― աղաղակեցին ամենքը։

― Կազատեի, բայց ո՞վ է երաշխավոր, որ դուք ձեր վրեժը չեք լուծիլ և մեծ պատառս ականջս չեք թողնիլ։ Չէ՛, այդ հույսը մի՛ ունենաք ինձանից, ձեզ փրկություն չկա, լացե՛ք ձեր սև օրը։

Դևերի հարսանիքը սուգի փոխվեցավ։ Աղաչանք, պաղատանք չազդեցին նրա վրա, ու ի՜նչ խելք կլիներ, եթե փրկեր։ Կացինը ձեռն առավ մեր Թաթուխը և մեծից սկսած մինչև փոքրի գլուխները ջախջախեց, և այն սարը սրբեց դարանագործ դևերից։4Երեկոյին, երբ որ տուն դարձավ, կույրերի աչքերը դրավ իրանց տեղը, շփեց քաջքուհու աղլուխովը, և նրանք իսկույն առողջացան։ Փաթաթվեցին Թաթուխին և, փոխ առ փոխ համբուրելով, չգիտեին ինչպես հայտնեն իրանց շնորհակալությունը և սրտների ուրախության անչափությունը։

Այս դեպքից սիրտ առած՝ մյուս օրը Թաթուխն իր հոտը քշեց դեպի աջակողմյան սարը։ Հենց որ սարի գագաթը հասավ, մի ահագին մռնչյուն լսեց, նույնը լսեցին և ոչխարները և դողդողալով սկսեցին ետ-ետ քաշվիլ։ Թաթուխը չկտրեց նրանց առաջը, բայց ուզեց ի՛նքն աչքովը տեսնել, թե ինչ գազան էր այդ մռնչողը։

Գնաց ձայնի ուղղությամբ, մինչև հասավ մի քարայրի, որի դռանը նստած մռնչում էր իրան անծանոթ մի գազան։ Եթե ասեր՝ առյուծ է, առյուծ չէր, եթե ասեր՝ վագր է, վագր չէր, եթե ասեր վարազ է, վարազ չէր, բայց ինչ որ էր՝ մի սարսափելի գազան էր և իր կազմվածքովը ավելի շան նմանություն ուներ, միայն՝ շանից տասնապատիկ մեծ։

Մինչդեռ Թաթուխը, մի քարի տակ թաք կացած, գազանին էր մտիկ տալիս, գազանն արդեն վաղուց էր նկատել նրան։

― Է՜յ մարդ,― կանչեց գազանը մարդկային լեզվով,― ես ծնունդի վրա եմ, կարող չեմ տեղիցս շարժվիլ, ե՛կ ինձ ծնեցրու, մի՛ վախենար, քեզ մի վնաս չի լինիլ։

Երբ որ գազանը մարդու լեզվով խոսեց, Թաթուխը սիրտ առավ՝ ասելով մտքումը. «Մարդու լեզվով խոսողը մարդու խղճմտանք էլ կունենա, գնամ ազատեմ»։

Թաթուխը երբ որ մոտեցավ գազանին, գազանն ասաց.

― Եթե ջուխտ ծնեմ՝ քեզ ուտելու եմ, իսկ եթե կենտ՝ կյանքդ քեզ կընծայեմ։

― Դո՛ւ գիտես,― ասաց Թաթուխը,― յա՛ բախտ, ինչ կլինի՝ կլինի։

Գազանի ցնկնած առաջին կորյունը Թաթուխը ձգեց իր հովվական պարկի մեջ, երկրորդը՝ նմանապես, երրորդից հետո տեսավ, որ էլ չկա, այն դրավ գազանի առաջին և ասաց.

― Ահա՛ այս մեկն ես ցնկնել, և կարժե՞ր միթե սրա համար այդչափ մռնչալ։

Գազանն ամաչեց իր գազանությունից.

― Գնա՛,― ասաց,― կյանքդ քեզ եմ նվիրել, և եթե քո հոտն այս կողմը բերես, կարող ես ապահով լինել իմ կողմից, քեզ մի վնաս չի լինիլ։

5Թաթուխը տուն տարավ նորածին լակոտները, որոնց աչքերը դեռ խփած էին, ու նրանց կերակրեց ոչխարի կաթով։ Այդ լակոտները մեծացան ու դառան իբրև ամենահավատարիմ շներ իր համար։

Թաթուխը նրանց մեկի անունը դրավ Զանգի, մյուսինը՝ Զրանգի։ Երբ որ մի տեղ էր գնում, տանում էր հետը, իսկ տանը եղած ժամանակ նրանց պահում էր շղթայակապ։

Սրա վրա անցավ տասը տարի կամ մի քիչ ավելի կամ պակաս, այդ Աստված գիտե. Թաթուխն ուզեց գնալ դեպի իր ծննդարանը, որ տեսնե՝ ի՞նչ վիճակի մեջ են այժմ իր ծնողները։ Իր այս միտքը հայտնեց իր նոր հորն ու մորը, նրանք էլ կամք տվին այն հուսով, որ շուտով կվերադառնա։ Թաթուխը մի աման կաթով լցրեց, դրեց թարեքին[5] և հորն ու մորն ասաց.

― Նայեցեք այս կաթին․ երբ որ տեսնեք՝ գույնը փոխել է, կարմրել է կամ սևացել, իմացեք, որ ես մի նեղության մեջ եմ, իսկույն կարձակեք իմ Զանգին ու Զրանգին, նրանք ինձ օգնության կհասնեն։

Թաթուխը գնաց և հասավ երեք ծիրանի ծառերին, որոնք արդեն շատ բարձրացել և ահագին կոկ ծառեր էին դառել։ Իջավ այդտեղ, փոքր-ինչ հանգստացավ և հետո գնաց իր ծննդարանը։ Ի՞նչ ծննդարան… էլ ո՛չ մի շունչ չկար կենդանի, ամբողջ գյուղը մնացել էր կանգուն, բայց մեջը բնակիչ չկար։ Թաթուխը ձիով էր գնում, հետն էլ մի խուրջին[6] ուներ՝ ճամփի պաշարով լիքը։ Ձին քշեց ուղղակի դեպի իրանց տուն և իջավ դռանը։ Մտավ ներս և, ո՜վ հրաշք, տեսավ՝ իր քույրը նստած իրանց օջախի առջև, և ուրիշ ոչ ոք։ Քույրը վեր կացավ, փաթաթվեց եղբոր շլնքին[7], ասելով.

― Դու բարո՜վ ես եկել, հազա՜ր բարով, իմ եղբայր, իմ աչքիս լույս, ո՞ւր էիր, ինչո՞ւ ուշացար այսքան։― Այս ասաց քույրը և շտապելով դուրս եկավ դուռը։

Տեսավ՝ ձին կապած, խուրջինը վրան։ Խուրջինն ամբողջ կուլ տվավ և ներս գնաց եղբոր մոտ ու հարցրեց.

― Եղբա՛յր ջան, քեզ մատաղ, առանց խուրջինի՞ ես եկել։

― Այո՛,– պատասխանեց Թաթուխը և իսկույն հասկացավ, որ խուրջինը կուլ է տվել։

Քույրը մեկ էլ դուրս եկավ և ձիու մեկ ոտը կերավ ու ներս գալով հարցրեց.

― Եղբա՛յր ջան, քեզ մատաղ, ձիդ երե՞ք ոտով ես բերել։

― Այո՛,― պատասխանեց Թաթուխը։

Քույրը դուրս գնաց և ձիու երկրորդ ոտն էլ կերավ ու ներս գալով հարցրեց.

― Եղբա՛յր ջան, քույրդ քեզ մատաղ, ձիդ երկո՞ւ ոտով ես բերել։

― Այո՛,― պատասխանեց եղբայրը։

Քույրն շտապով դուրս գնաց և երրորդ ոտը կերավ ու էլի ներս գալով հարցրեց.

― Եղբայր ջան, ձիդ մի՞ ոտով ես բերել։

― Այո՛,― ասաց Թաթուխը, որի սիրտն արդեն սկսել էր դողդողալ։ «Ձին ուտելուց հետո պիտի ինձ էլ ուտի․ ի՞նչ պիտի անեմ ես, ինչպե՞ս պիտի ազատվեմ»,― մտածում էր նա։

Քույրը դուրս գնաց, չորրորդ ոտն էլ կերավ, էլի ներս եկավ և հարցրեց.

― Եղբա՛յր ջան, ոտքո՞վ ես եկել։

― Այո՛, քույրիկ ջան, ոտքով եմ եկել, ոտքով էլ պիտի գնամ, բայց չգիտեմ՝ պիտի թողնե՞ս, թե՞ ոչ։

― Վո՜ւյ, քոռանամ ես, եղբա՛յր ջան, ինչպե՞ս կթողնեմ, ահա քանի տարի է աչքս քո ճանապարհին է, թե՝ երբ պիտի եղբայրս գա, որ սրտիս մեջ տեղ տամ նրան։ Ով գիտե քաղցած ես, սպասի՛ր, ես գնամ քեզ համար հաց բերեմ։

Քույրը դուրս գնաց թե չէ՝ տան անկյունից մի աքաղաղ դուրս եկավ և ասաց Թաթուխին.

― Ա՛յ տղա, քույրդ գնաց ատամները սրելու, որ գա քեզ ուտի, ճար ունես՝ տե՛ս։

― Ի՞նչ ճար անեմ, չգիտեմ,― ասաց տղան։

Աքաղաղն ասաց.

― Մուշտակդ հանիր, մեջը մոխրով լցրու, հերթիցը[8] կախ արա, ինքդ դուրս եկ, փախիր։ Նա կգա՝ կընկնի մուշտակիդ վրա, աչքերը մոխրով կլցվեն, մինչև նա աչքերը կմաքրե, դու բավական տեղ գնացած կլինիս։

Ինչպես ասաց աքաղաղը, տղան էլ այնպես արավ ու փախավ։ Աղջիկը եկավ, տեսավ՝ եղբայրը չկա, մուշտակն ընկավ աչքովը, կարծեց նա ինքն է՝ եղբայրը, գազանի պես վրա ընկավ, քրքրեց, մոխիրը թափվեց վրան և աչք ու բերան լցրեց։ Տեսավ որ խաբված է՝ սաստիկ կատաղեց, շուտով թափ տվավ մոխիրը, աչքերը սրբեց ու վազեց եղբոր հետևից։

Թաթուխը բավական հեռացել էր. ետ մտիկ տվավ, տեսավ՝ քույրն արդեն հասվեհաս է, ինքն էլ ջանք արավ, հասավ ծիրանի ծառերին և մագլցեց մեկի վրա։

Քույրը հասավ, փորձեց ինքն էլ բարձրանալ ծառը, չկարողացավ, սկսեց ատամներով կրծել ծառի բունը և այնքան կրծեց, որ բոլորովին կտրեց։ Կտրած ծառն ընկավ երկրորդ ծառի վրա, տղան էլ նույն ծառի ծայրին նստեց։ Աղջիկն սկսեց կրծել երկրորդ ծառը։ Սա էլ կոտրվեց, ընկավ երրորդ ծառի վրա։ Աղջիկն սկսեց կրծել երրորդ ծառը։

Այս միջոցին Թաթուխի հայրագիրն[9] ու մայրագիրը[10] նայեցին նշան դրած կաթին, տեսան, որ կարմրել է, իսկույն արձակեցին Զանգի-Զրանգին։ Մտերիմ գազաններն իսկույն գտան իրանց տիրոջ հետքը, տեսան, թե ո՛ր կողմն է գնացել և ի՛նչ ճամփով, հսկայական ոստյուններ անելով մի ակնթարթում հասան իրանց տիրոջը։ Վերջին ծառն արդեն ընկնելու վրա էր, երբ որ նրանք հասան։ Թաթուխը նրանց տեսավ թե չէ՝ կանչեց վերևից.

― Զանգի-Զրանգի, հենց հո՛ւպ տվեք, հենց կո՛ւլ տվեք, որ մի պուտ արյուն կաթի։

Նրանք էլ այնպես հախռեցին[11] աղջկանը և այնպես կուլ տվին, որ միայն մի պուտ արյուն կաթեց մի տերևի վրա։

Տղան իջավ ծառիցը, Զանգի-Զրանգին փաթաթվեցին նրա ոտներին և կաղկանձելով հայտնեցին իրանց ուրախությունը տիրոջ ազատության համար։ Թաթուխն էլ նրանց գլխները շփեց և հայտնեց իր շնորհակալությունը։ Հետո արյունոտ տերևը վերցրեց, ծալեց, դրավ ծոցումը և ընկավ ճամփա։ Շատ գնացին թե քիչ՝ սրանք հանդիպեցին մի քարվանի։ Քարվանի տերը որ տեսավ Թաթուխի շները՝ շատ հավանեց և ասաց մտքումը. «Եթե այս առյուծանման շներն իմս լինին, էլ հարամուց երկյուղ չեմ ունենալ, հարյուր հարամի (քարվան կտրող ավազակ) էլ որ լինին, սրանք երկուսով ամենի պատասխանն էլ կտան»։

Հետո, դառնալով Թաթուխին, ասաց.

― Այ տղա, ե՛կ այդ շները տուր ինձ. քանի ջորի որ ուզես՝ իմ քարվանից վերցրո՛ւ իրանց բեռներով։

― Բոլոր քարվանդ էլ որ տաս, էլի չեմ տա,― ասաց Թաթուխը։

― Ուրեմն, դու քո երկու շանով ավելի՞ հարուստ ես, քան թե ես իմ ահագին քարվանով։

― Կարծեմ որ այդպես է,― պատասխանեց Թաթուխը։― Քո ահագին քարվանը քո կյանքը չի փրկիլ, դեռ կարող է քո մահվանդ էլ պատճառ լինել, որովհետև եթե հարամիքը գան՝ առաջ քեզ կսպանեն, հետո ապրանքդ կտանեն, իսկ իմ կյանքս ապահով է, քանի որ սրանք կան։ Ուզենամ՝ այս րոպեիս քո բոլոր քարվանդ ձեռիցդ կխլեմ սրանց օգնությամբ, բայց ես հարամի չեմ, որ այդպես անեմ։

Այսպես խոսելով բավական տեղ գնացին, հետո քարվանի տերն ասաց.

― Որովհետև շներդ ինձ չես տալիս ոչ մի գնով, ե՛կ ես քեզ մեկ հեշտ բան կասեմ, եթե իմանաս՝ իմ քարվանը քեզ, իսկ եթե ոչ՝ քո շներն ինձ։

Թաթուխն ասաց.

― Համաձայն եմ. ասա՛, տեսնեմ՝ ի՞նչ պիտի ասես։

― Ահա՛ տես իմ այս ձեռիս գավազանը․ եթե իմանաս, թե՝ սա ինչի՞ է, իմ քարվանը քեզ, իսկ եթե չիմանաս՝ քո շներն ինձ։

― Շատ բարի,― ասաց Թաթուխը և սկսեց իր գիտեցած բոլոր ծառերի անունը տալ, ասելով՝ հոնի է, զկռի է, սզնի է, բոխի է, աճարքի է, լորի է, թխկի է, տկողնի է, կաղնի է… և այսպես շատ ծառերի անուն տվավ, մինչև որ բոլոր գիտցածը հատավ, բայց ոչ մեկն էլ այն չէր։ ― Ուրեմն, շներն ի՛մն են,― ասաց քարվանի տերը,― կապիր դրանց և տուր ինձ։

― Սպասի՛ր, դեռ էլի մտածեմ,― ասաց Թաթուխը.― մի ծառի անուն գիտեմ, ահա՛ լեզվիս ծայրին է, բայց ուղիղ միտս չի գալիս, որ ասեմ․ ես հաստատ գիտեմ, որ ա՛յն պիտի լինի։

Այս միջոցին ծոցումը մի բան սկսեց ճրրալ ու վերջը որոշ ձայնով ասաց. ― Ճրրր… ճրրր ճա՛պկի[12], ճրր ճա՛պկի, ճա՛պկի։― Այս ասողը ծոցումը դրած արյունի կաթիլն էր։

― Գտա՜, գտա՜,― բացականչեց Թաթուխը և, գավազանից բռնելով, ասաց,― ճապկի է։

― Գտա՛ր,― ասաց քարվանի տերը,― քեզ արժանի է իմ քարվանը։

― Բոլոր քարվանդ ինձ հարկավոր չէ,― ասաց Թաթուխը,― ես մի հովիվ մարդ եմ, վաճառական չեմ. մի բեռը շորեղեն տուր, տանեմ ինձ համար աղջիկ ուզեմ, պսակվեմ, այդ էլ բավական է ինձ։

Քարվանի տերն ընտրեց ընտիր ճոթեղեն[13] և, ինչ զարդ ու զարդարանք որ պետք էր հարսի ու փեսայի համար, բարձեց մի ջորու վրա և տվավ Թաթուխին։

Մի քիչ որ հեռացավ Թաթուխը՝ տեսավ, որ ծոցումը մի բան է պրպտում։ Ձեռքը ներս տարավ, որ տեսնի՝ ի՞նչ է, և դուրս քաշեց մի ահագին օձ։ Արյունի կաթիլը դառել էր օձ և գլուխն արդեն հանել էր և մեկնել դեպի Թաթուխի բուկը։ Թաթուխը դեն շպրտեց այդ օձը, որ ամեն մի վայրկյանում հաստանում և երկարում էր, որ վիշապ դառնա, և ասաց իր շներին.

― Զանգի-Զրանգի, հենց հո՛ւպ տվեք, հենց կո՛ւլ տվեք, որ մի պուտ արյուն չկաթի։

Շներն այսպես էլ արին և վիշապ աղջկա հետքը կտրեցին։

Թաթուխը հասավ տուն՝ ամեն բարիք բարձած ջորուն։ Իր համար աղջիկ ուզեց, պսակվեց։

Նրանք հասան իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին։

  1.  Բադիա — պղնձե կամ արծաթե խորունկ ջրաման
  2.  Բղուղ — պանրի, թթվի, յուղի երկար կճուճ
  3.  էնդուր — դրա համար, այդ պատճառով
  4.  Աղլուխ — թաշկինակ, գլխաշոր
  5.  Թարեք — պատին ամրացրած հորիզոնական տախտակ վրան զանազան իրեր դնելու համար, դարակ
  6.  Խուրջին — ուսին կամ գրաստի վրա դնելու, բրդից գործված երկաչքանի տոպրակ
  7.  Շլինք — վիզ, պարանոց
  8.  Հերթ — երդիկ
  9.  Հայրագիր — որդեգրի հայրացուն
  10.  Մայրագիր — որդեգրի մայրացուն
  11.  Հախռել — խժռել, լափել
  12.  Ճապկի — հոնազգիների ընտանիքին պատկանող ծառ
  13.  Ճոթեղեն — կտորեղեն

Հնարագետ ջուլհակը։ Ղազարոս Աղայան

(Ավանդություն)1Շահ-Աբասի ժամանակ հեռու աշխարհից դերվիշի[1] հագուստով մի մարդ է գալիս Սպահան քաղաքը։ Քաղաքի ընդարձակ հրապարակի մեջ այդ դերվիշը մի մեծ շրջան է քաշում փայտով, ինքն էլ կշտին նստում լուռ ու մունջ։ Անցուդարձ անողները նայում են և զարմանալով հարցնում, թե՝ դու ո՞վ ես, այս ի՞նչ բան է, որ դու քաշել ես. արդյոք մի թալիսման չէ՞ սա, և մեզ համար բարի՞, թե՞ չար թալիսման է… Դերվիշը բնավ չի խոսում։ Ամբողջ քաղաքը վարանման մեջ է ընկնում, թե՝ սա ի՞նչ կնշանակե արդյոք։ Վերջը իմաց են տալիս Շահ-Աբասին, թե՝ այսպիսի մի դերվիշ է եկել…Շահ-Աբասը իր գիտնականներից մեկին ուղարկում է, որ տեսնե ի՞նչ բան է, ի՞նչ է դերվիշի ուզածը, ինչո՞ւ է ժողովրդին սարսափի մեջ գցել։

Գիտնականը գնում է և ասում դերվիշին. — Ո՛վ մարդ, ես հասկանում եմ քո միտքը։ Քո շրջանը նշանակում է երկինք։ Դատարկ է մեջը։ Այդ նշանակում է, որ դու ուզում ես երկինքը կապել, որ ոչ մի ամպ չլինի այնտեղ, որ է՛լ անձրև չգա, սով ընկնի մեր աշխարհքը։ Գիտե՛մ, գիտե՛մ, որ դու կարող ես այդ բոլորն անել, բայց խղճա՛ մեզ, այդպես բան մի՛ անիլ, ինչ որ ուզես՝ քեզ կտա թագավորը…

Դերվիշը բնավ չխոսեց և գիտնականի երեսին անգամ չնայեց։ Բայց ժողովուրդը, լսելով գիտնականի բացատրությունը, ավելի մեծ երկյուղի մեջ ընկավ։ Էլ չէին ասում, թե՝ գուցե սխալ էր գիտնականի բացատրությունը, այլ դրա հակառակ՝ լուն ուղտ շինելով, պատմում էին իրար, թե. «Բա չե՞ք ասիլ, դերվիշը մի ամենազոր մարդ է, այսինչ երկրում հեղեղ և կարկուտ է թափել, բոլոր բնակիչներին կոտորել, այնինչ տեղ յոթը տարի շարունակ կապվել է երկինքը, ոչ մի կաթիլ անձրև չի եկել, սով է ընկել երկիրը, բոլորեքյանք[2] կերել են միմյանց…»։ Մյուս օրը Շահ-Աբասն ուղարկեց մի ուրիշ գիտնական։

— Գիտե՛մ, գիտե՛մ, ով ես դու, մա՛րդ Աստուծո,— ասում է գիտնականը։— Քո շրջանը նշանակում է երկիրս։ Դատարկ է մեջը։ Դրանով ուզում ես ասել, որ ժանտախտով պիտի դատարկես մեր երկիրը։ Խնայի՛ր մեզ. խնայի՛ր, ի սեր Ամենակալին, այդպես բան մի՛ անիլ, ինչ որ ուզենաս՝ քեզ կտանք։

Դերվիշը դարձյալ մնաց լուռ։ Ավելի ևս սաստկացավ ժողովրդի երկյուղը, և նորանոր առասպելներ տարածվեցին քաղաքի մեջ։

Բոլոր գիտնականները հաջորդաբար գնացին դերվիշի մոտ, և բոլորն էլ, ունքը շինելու տեղ, աչքն էլ հանեցին, փոխանակ ժողովրդի կասկածը փարատելու, նրան ավելի երկյուղի ու սնահավատության մեջ գցեցին։

2Թագավորը կարծում էր, որ դերվիշի արածը մի հասարակ հանելուկ պիտի լինի, և իրան համար շատ ամոթ էր համարում, որ այդ հասարակ հանելուկը լուծող մի գիտնական չունի։ Այսպիսի մտատանջությունով նա մեկ օր ծպտված ման էր գալիս Սպահանի Հայոց թաղումը, ուր հանդիպեցավ մի տարօրինակ բանի։ Մի տանիքի վրա ցորեն կար փռած աղունի համար, ոչ ոք չկար մոտը, բայց մի երկայն եղեգ կար ցցված, որ ինքն իրան անդադար տարուբերվելով քշում էր ճնճղուկներին։ «Այս հրաշքի գաղտնիքը պետք է տան մեջը փնտրել»,— ասաց թագավորն ու ներս գնաց տուն և այնտեղ տեսավ մի ջուլհակ, որ կտավ էր գործում։

Երբ որ թագավորը ներս մտավ՝ ողջունեց ջուլհակին, ջուլհակը նայեց նրա վրա, իսկույն ոտքի կանգնեց, խոր գլուխ տալով պատասխանեց նրա ողջույնին, հետո սկսեց շարունակել իր գործը։ Ջուլհակի աջ ու ձախ կողմին մի-մի օրորոց կար դրված։ Երբ որ նա սկսեց գործել՝ օրորոցներն էլ սկսեցին օրորվիլ տանիքի ինքնաշարժ եղեգի պես։ Օրորոցում եղած երեխաները ծերունու թոռներն էին, որոնց մայրերը, տան մի անկյունում նստած՝ ճախարակով բամբակ էին մանում կտավի համար։ Իր հարսներին գործից չգցելու համար հնարագետ ջուլհակը տանիքի եղեգից մի թել էր կապել, թելի մեկ ծայրը փաթաթել կտավի սանրին, որ իր տարուբերվելովը շարժում էր եղեգը։ Օրորոցներից նմանապես թելեր ուներ կապած, որոնց հակառակ ծայրերը իր աջ ու ձախ մատներին էր փաթաթել։ Աջ ձեռքով մաքուքը[3] նետելիս՝ աջ կողմի օրորոցն էր օրորվում, ձախով նետելիս՝ ձախ կողմինը։ Այսպիսով, նա մեկ անգամից երեք գործ էր կատարում։

Թագավորն այդ ամենը նկատեց և գովեց իր մտքումը նրա հնարագիտությունը, միայն նրա ոտքի կանգնելով խոր գլուխ տալը թագավորի մեջ կասկած ձգեց, թե՝ չլինի՞ իրան ճանաչեց։ Այս բանն ստուգելու համար թագավորը մի մութ հարցմունք արավ նրան.

— Չլինի՜մ, չլինի՜մ…

— Մի՞թե, մի՞թե…— պատասխանեց ջուլհակը։

Թագավորը, «չլինիմ, չլինիմ» ասելով՝ ուզեց ասել ծերունուն. «Եթե ինձ ճանաչեցիր՝ չլինի թե երևցնես այդ բանը, թող մեր մեջը մնա»։ Իսկ ծերունին պատասխանեց՝ «Մի՞թե, մի՞թե», այսինքն՝ «Մի՞թե ես հիմար եմ և այդքանը չգիտեմ»։

— Քանիսի՞ մեջն ես, վարպե՛տ,– հետո հարցրեց թագավորը։

— Երկուսս լրացրել, երեքի մեջն եմ մտել,— պատասխանեց ջուլհակը։

Թագավորի այս հարցմունքը ջուլհակի հասակին էր վերաբերում։ Ջուլհակը պատասխանեց, որ երկու ոտքով ման գալն արդեն վերջացրել է, հիմա գավազան է գործ ածում՝ իբրև երրորդ ոտք, մեկ խոսքով՝ ծերացել է։

Թագավորն այսպիսի շատ մութ հարցմունքներ արավ և բոլորի պատասխանն էլ ստացավ դարձյալ մութ կերպով։ Տեսավ, որ ծերունի հայը մի հնարագետ և հանճարի տեր մարդ է թե՛ գործով և թե՛ խոսքով, մտածեց, որ միայն սա՛ կարող է դերվիշի պատասխանը տալ։

— Դու, որ այդչափ հնարագետ ես,— ասաց թագավորը,— եթե մի քանի սագ ուղարկեմ քեզ մոտ՝ կարո՞ղ ես փետրել նրանց։

— Դրա քաջ վարպետն եմ ես,— ասաց ջուլհակը։

3Այս պատասխանն ստանալուց հետո թագավորը գնաց։ Շատ չանցավ՝ ջուլհակի մոտ եկան թագավորի գիտնական նազիր-վեզիրները։

«Ահա՛ եկան թագավորի սագերը, իրա՛վ որ լավ փետրելու թռչուններ են»,— ասաց ջուլհակը ինքն իրան։

Թագավորը տուն գնալով սաստիկ բարկացել էր գիտնականների վրա և սպառնացել էր, որ եթե գոնե մի մարդ չգտնեն, որ դերվիշին պատասխան տա, նրանց բոլորին էլ կաքսորե։ Այսպես նեղի գալով՝ որոշեցին դիմել հնարագետ ջուլհակին, որի համբավը նրանցից մեկը լսել էր։

— Վարպե՛տ եղբայր, կարող չե՞ս արդյոք մի պատասխան տալ մեր տարօրինակ հյուրին, որ ժողովրդի վրա սարսափ է տարածել,— ասացին գիտնականները և պատմեցին դերվիշի դեպքը, որ արդեն հայտնի էր ջուլհակին։

— Ինչո՞ւ չէ… կարող եմ… բայց մեծ ծախք կպահանջվի դրա համար։ Պետք է ձեռք բերել մի կախարդական գավազան, մի անմահական սխտոր և մի ոսկի ձու ածող հավ։

Գիտնականները մնացին ապշած։

— Դրա ծախքը մե՛նք կվճարենք,— ասացին նրանք ուշքի գալով,— միայն՝ մենք չենք կարող գտնել այդ բաները, ինչ որ դու ես ասում։

— Երեք բան է իմ ուզածը, և ես ի՛նքս կգտնեմ, միայն՝ ամեն բանի համար մի գլխարկ լիքը ոսկի է պետք։ Դուք երեք հոգի եք, ամենքդ ձեր գլխարկովը մեկ ոսկի կբերեք, ես էլ կգամ դերվիշին պատասխան կտամ։

Գիտնականները ճարահատած համաձայնեցին։ Գնացին երեք գլխարկ ոսկի բերին, տվին ջուլհակին։ Այսպես փետրելով նրանց, ինչպես պատվիրել էր թագավորը, վեր կացավ առավ իր հոնի գավազանը, մի գլուխ հոտած սխտոր, ոտի մեկը կոտրած մի հավ, և գնաց սարսափ տարածող դերվիշի մոտ։

Հավաքվեցին բոլոր քաղաքացիք, ներկա էր և թագավորը՝ իր բոլոր իշխաններով։

Ջուլհակը չխոսեց դերվիշի հետ. նա լուռումունջ իր գավազանի ծայրով մի խոր ակոս քաշեց շրջանի մեջտեղով ծայրե ի ծայր և այսպիսով դերվիշի շրջանը երկու հավասար մասի բաժանեց և նստեց նրա դեմ հանդիման։

Դերվիշը երկար մտածեց, գլուխը թափ տվավ. վերջը մի գլուխ սոխ հանեց, դրավ առջևը։

Ջուլհակը, առանց երկար մտածելու, իսկույն իր սխտորը հանեց, դրավ իր առջևը։ Բարկացավ դերվիշը և իր ջեբից հանեց մի բուռ կորեկ և շաղ տվավ ամբողջ շրջանի մեջ։

Ջուլհակը փեշի տակից հանեց իր հավը, որ իսկույն կտկտալով կերավ բոլոր կորեկը։

Դերվիշն էլ մինչև վերջը չսպասեց, իսկույն վեր կացավ և մռմռալով հեռացավ-գնաց…

Թագավորը մոտեցավ ջուլհակին և խնդրեց, որ բացատրե այդ հանելուկի նշանակությունը։

— Ո՛ղջ լինի թագավորը,— ասաց ջուլհակը։— Այս մարդը մի խելագար դերվիշ է։ Երևակայել է, որ ինքը մի շատ զորեղ իմաստուն մարդ է և կարող է մեր ամբողջ աշխարհքին տիրել։ Իր քաշած շրջանով ուզում էր մեզ հասկացնել, թե իրա՛նն է բոլոր մեր երկիրը։ Ես չուզեցա հասկացնել նրան, որ այդ խելագարություն է, այլ՝ կես արի մեջտեղից, որով ուզեցա ասել՝ թե կեսն էլ իմն է։ Նա բարկացավ և իր սոխով ինձ պատերազմ հայտնեց կամ ուզեց ասել՝ մեր մեջ դառնություն կծագի, կռիվ կլինի։ Ես էլ իմ սխտորով հասկացրի նրան, որ ես փախչող չեմ, թեկուզ կռվից էլ վատթար բան պատահի։ Նա կորեկով ինձ սպառնաց, որ իր զորքերն անհամար են։ Ես էլ իմ հավով ցույց տվի, որ ահա՛ այսպես կջարդեմ ես քո անհամար զորքը։ Դրա վրա նա տեսավ, որ է՛լ չի կարող մեզ վախեցնել, փախավ-գնաց…

Քաղաքացիք շատ ուրախացան, որ վերջապես ազատվեցին դերվիշի տալիք երևակայական սովից ու մահից, և ամենքը միաբերան գոչեցին. «Կեցցե՜ ջուլհակը»։

Շահ-Աբասը, որ շատ արհեստասեր թագավոր էր, գովեց ջուլհակին և հետո հարցրեց.

— Ի՞նչ արիր իմ սագերին, լավ փետրեցի՞ր, թե՞ ոչ…

— Ո՛ղջ լինի թագավորը, այո՛, լա՜վ փետրեցի, ահա՛ նրանց փետուրները,— ասաց ջուլհակը և թագավորի առջևը դրավ մի պարկ ոսկի։

— Քե՛զ են արժանի այդ ոսկիքը,— ասաց թագավորը,— դու ավելի օգտակար գործադրություն կգտնես դրանց համար։ Մի այդքան էլ իմ գանձարանից ստացիր և մի մեծ գործարան բաց արա. թող ծաղկի քո արհեստը իմ երկրիս մեջ։ Այսուհետև իմ պալատի դռները միշտ բաց են քեզ համար, թող իմ հովանավորությունը լիուլի տարածվի քո իմաստուն ժառանգների և քո ազգի վրա։

 

Տողատակեր

  1.  Դերվիշ — մահմեդականների թափառաշրջիկ կրոնավոր, խև
  2.  Բոլորեքյան — բոլորը, ամենքը, բոլորը միասին
  3.  Մաքուք — մաքոք

Յոթ աստղերը

  1. Կարդալ հեքիաթը։
  2. Դուրս գրել անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրել։
    երաշտ-անձրևի տևական պակասություն գարնանը և ամռանը, որ վնասում է բուսականության աճմանը:
    կաղկանձել-ցավից վնգստալ
  3. Հեքիաթը վերապատմել 5 նախադասությամբ։
    Ժամնակով մի երկրում երաշտ է լինում և ջրի բոլոր աղբյուրները ցամաքում են, թողնելով մարդկանց, կենդանիներին և բույսերին ծարավ։ Այդ երկրում մի աղջիկ է լինում, և մի օր էլ այս աղջկա մայրը հիվանդանում է և անընդհատ ջուր է ուզում, այդ պատճառով էլ աղջիկը գնում է ջուր փնտրելու, և ճանապարհիվ հոգնածությունից քնում է, իսկ արդնանալով տեսնում է մի կուժ սառը ջուր կողքին դրված։ Աղջիկը կուժը վերցնելով ուզում է խմել, բայց հիշելով մորը վազում է տուն, բայց ճանապարհին պատահական կանգնում է մի շատ պոչի վրա և ներեղություն խնդրելով տալիս շանը մի կում ջուր, և զարմանալին այն էր, որ հենց այն պահին, որ աղջիկը ջուր տվեց շանը, կուժը տեղում դարձավ արծաթյա։ Այսպես աղջիկը վերցնելով արծաթյա կուժը վազում է տուն մոր մոտ, իսկ հասցնելուն պես, մայրը ասում է, որ աղջիկը առաջինը պետք է ջուրը խմի և հենց այդ պահին կուժը դառնում է ոսկյա։ Մի փոքր անց դուռը մի մուրացկան է թակում և ջուր խնդրում, իսկ աղջիկը մի քանի կաթիլ ջուր նրան տալուց հետո նկատում է, որ ջրի մեջ յոթ ադամանդներ, որոնք հետո դարձան յոթ աստղերը։

Յոթ աստղերը

Ժամանակով մի երկրում երաշտ եղավ, և գետերը ցամաքեցին։ Նույնիսկ ջրհորներում ջուր չմնաց։ Ծառ ու ծաղիկ չորացան, հարյուրավոր կենդանիներ սատկեցին։

Այդ երկրի մայրաքաղաքում մի ջահել աղջիկ էր ապրում՝ անունը Աշա։ Նրա մայրը հանկարծակի հիվանդացավ և շարունակ ջուր էր ուզում։ Աշան գնաց ջուր ճարելու։ Երկար փնտրեց խեղճ աղջիկը, բայց այդպես էլ ոչ մի կաթիլ ջուր չգտավ։ Եվ հուսահատ ու տխուր որոշեց տուն վերադառնալ։

Երկար քայլելուց հոգնեց, նստեց հանգստանալու և ինքն էլ չիմացավ, թե ինչպես խոր քուն մտավ։ Երբ արթնացավ, շատ զարմացավ՝ կողքին տեսնելով մի կուժ լիքը սառը ջուր։ Նա վեր թռավ և ուրախությունից սկսեց պարել։ Ապա փորձեց մի կում խմել, բայց հիշեց մորը և, երկու ձեռքով կուժն ամուր պահած, տուն վազեց։

Վազելիս չնկատեց ճանապարհի մեջտեղը պառկած շանը և տրորեց պոչը։ Շունը ցավից կաղկանձեց, բայց, տեսնելով ջրով լի կուժը աղջկա ձեռքին, մոռացավ ցավը ու մի քիչ ջուր խնդրեց։ Աշան գլխի ընկավ, որ շունը շատ ծարավ է, և մի կում ջուր տվեց նրան։ Կուժը տեղնուտեղը արծաթ դարձավ։

Աշան շատ ուրախացավ ու, գրկելով արծաթե կուժը, վազեց տուն։ Նա մոտեցավ մոր մահճակալին ու նրան մեկնեց ջրով լի կուժը։ Բայց մայրը հրաժարվեց առաջինը խմել։

— Աղջիկս,— ասաց նա Աշային,— նախ դու խմիր, գիտեմ, որ շատ ես ծարավ։

Ասելուն պես արծաթե կուժը ոսկի դարձավ։

Աշան հենց ուզեց մի կում խմել, դռան հետևից լսվեց մուրացկանի ձայնը։ Աղջիկը գնաց ու իմացավ, որ մուրացկանը ջուր է խնդրում։ Եվ կուժը տարավ նրան։ Անմիջապես յոթ ադամանդներ հայտնվեցին կժի մեջ, ու սառը ջուրը սկսեց աղբյուրի պես հորդալ։ Երջանիկ մուրացկանը խմեց-խմեց, մինչև կշտացավ։

Իսկ յոթ ադամանդները, որ շողշողում էին ջրի մեջ, երկինք բարձրացան ու դարձան յոթ աստղեր։