Հասարակագիտական ստուգատեսի մեկնարկ․ Հանդիպում Աշոտ Բլեյանի հետ

Մարտի 1-ին Մայր դպրոցի փոքր դահլիճում տեղի ունեցավ «Հասարակագիտական ամենամյա ստուգատես 2022»-ի մեկնարկը, որն այս տարի նախատեսված էր իրականացնել կրթահամալիրի հիմնադիր Աշոտ Բլեյանի հետ հանդիպում-քննարկմամբ։ Հանդիպմանը ներկա էին Միջին-Ավագ դպրոցների սովորողներ, դասավանդողներ, Քոլեջի ուսանողներ։ Ամբողջ քննարկման ընթացքում բոլորը շատ ակտիվ էին, տիարին ուղղում էին իրենց հետաքրքրող ամենատարբեր հարցեր, որոնց տիար Բլեյանը մեծ սիրով էր պատասխանում։ Մեր քննարկման հիմնական թեման էր «Հայաստանի հանրապետությունն այսօր»։ Թեման արդիական էր, այդ պատճառով էլ թե՛ հարցերն էին շատ, թե՛ քննարկման ընթացքն էր ակտիվ ու հետաքրքիր։ Սովորողները նախապես լսել էին տիար Բլեյանի տարբեր հարցազրույցները, պատրաստել հարցեր, որոնք առաջացել էին դիտել-լսելու ընթացքում։ Այսպիսով, քննարկումը դարձավ ավելի առարկայական, կենդանի և ազատ, սովորողները հարցեր էին հնչեցնում, որոնք վերաբերվում էին մեր օրերում տեղի ունեցող ռուս-ուկրաինական պատերազմին, տարածաշրջանային և աշխարհաքաղաքական իրողություններին։ Մենք խոսում էինք պետության կարևորության, խաղաղության, պատմական սխալների վերաբերյալ, որոնց հետևանքները կրում ենք հիմա։ Փորձում էինք պարզել մեր հետագա անելիքները, ճանաչել մեր հարևաններին, վերջիվերջո պարզել, թե ով է մեր իսկական դաշնակիցը, իսկ ով՝ թշնամին։ Ինչպես արդեն նշեցի, բոլոր հարցերի լիարժեք պատասխանները լսեցինք տիար Բլեյանից, որի համար շնորհակալ ենք նրան, այսպիսի քննարկման և ստուգատեսային մեկնարկի համար։ Քննարկումը, իսկապես, հաջող սկիզբ էր հասարակագիտական ստուգատեսի համար, որը սկիզբ է դնում ստուգատեսային ամսվա մեր անելիքներին։ 

Оставьте комментарий