Առարկայական ծրագրի կատարելագործումը Ավագ Դպրոցում․ Ամփոփիչ կլոր սեղան

Հասարակագիտական ստուգատեսի շրջանակում մարտի 16-ին Ավագ դպրոցի ընթերցասրահում տեղի ունեցավ ամփոփիչ կլոր սեղան՝ «Պատմություն» առարկայի հեղինակային ծրագրերը Ավագ դպրոցում թեմայով, որտեղ ներկայացան 9-րդ, 10-րդ և 11-րդ դասարանների համահեղինակները «Պատմություն» առարկայի առարկայական ծրագրերի փոփոխություններով, խնդիրներով և դրանց լուծման առաջարկներով։ Կլոր սեղանը կազմակերպվել էր հասարակագիտական ամենամյա ստուգատեսի շրջանակում, որը հնարավորություն տվեց մեզ՝ համահեղինակներիս, ավելի ամբողջական ներկայացնելու մեր ծրագրերը։ Նշեմ, որ մինչ այդ մենք ունեցել ենք երեք  առանձին  կլոր սեղան, որտեղ երեք խմբերը ներկայացրել էին իրենց հեղինակած ծրագրերը, իսկ այս կլոր սեղանը եղավ մեր կատարած փոփոխությունների, լրացումների արդյունքում ծրագրերի ամբողջացման և դրանց արդյունքների ներկայացման հարթակ։ 

Կլոր սեղանին մենք ներկայացանք պրեզենտացիայով, որի օգնությամբ նախ 11-րդ դասարանցիները ներկայացրին  առարկայական ծրագրի իրենց վերլուծությունը, հետո 10-րդ դասարանցիները՝ իրենց կազմած նոր առաջադրանքները, իսկ վերջում՝ 9-րդ դասարանցիները՝ իրենց խաղերը, որոնք դարձել են ուսումնական գործիք դասընթացներն ավելի արդյունավետ կազմակերպելու համար։ 

Այս ամփոփիչ կլոր սեղանը լավ հարթակ էր նաև մեր նոր համահեղինակներին ներկայացնելու համար։ Վերջին շրջանում 10-րդ դասարանի համահեղինակների շարքին միացավ Անի Ապրոյանը, ով կլոր սեղանին ներկայացրեց իր հետազոտական աշխատանքը, որը նույնպես նոր լուծում է՝ ուղղված մեր առարկայական ծրագրի խնդիրներին։ Կլոր սեղանի բոլոր ներկաներն ակտիվ մասնակցում էին, քննարկում և տարբեր առաջարկներ անում։ Այնպես ստացվեց, որ մեր կլոր սեղանին ներկա գտնվեցին նաև այս օրերին կրթահամալիրում հյուրընկալած Արթիկի թիվ 3 դպրոցի սովորողների խումբը։ Նրանք նույնպես մեծ հետաքրքրությամբ էին լսում և մասնակցում հարց ու պատասխանին։ 

Կարծում եմ, որ «Պատմություն» առարկայի հեղինակային ծրագրերի ներկայացման նպատակով կազմակերպած և իրականացրած կլոր սեղանների շարքը մեծ հաջողություն ունեցավ և օգնեց բոլոր համահեղինակներին նախ վեր հանել որոշ խնդիրներ, և հետո միասին լուծել դրանք, իհարկե, մասնակիցների բուռն, ակտիվ քննարկումների արդյունքում։

 Այսպիսով, ամփոփելով իմ խոսքը, ավելացնեմ, որ բոլորս էլ դեռ անելիքներ ունենք, ծրագրերում նոր լրացումներ անելու, դրանց  ավելի կատարելագործման անհրաժեշտություն կա, իսկ նման կլոր սեղանները թույլ են տալիս մատնանշել այդ ուղությունները և օգնում են ավելի մոտիվացնելու մեր հետագա աշխատանքները։

Оставьте комментарий