Մխիթար Սեբաստացուն նվիրված կլոր-սեղանի ամփոփում

Փետրվարի 18-ին Մխիթար Սեբաստացու ծննդյան օրվա առթիվ Ավագ դպրոցի ընթերցասրահում իրականացավ կլոր սեղան։ Որպես սեբաստացի՝ առավել պարտավորված էինք կազմակերպելու մեծ աբբահայր Մխիթար Սեբաստացու հիշատակին նվիրված հավաք-քննարկում, որով ևս մեկ անգամ վերհիշեցինք նրա գործունեությունը, առաքելությունը, ինչպես նաև կապը մեր կրթահամալիրի և Սեբաստացու միջև։ 

Կլոր սեղանին մասնակցում էին 10-րդ և 11-րդ դասարանների պատմության ընտրությամբ դասընթացի սովորողներ, հասարակագետ-դասավանդողներ, նաև տիար Բլեյանը։ Կլոր սեղանը սկսեցինք Մխիթար Սեբաստացու գործունեությունը վերհիշելով։ 10-րդ դասարանի սովորողները ներկայացրին նրա կենսագրությունը, Մխիթար միաբանության պատմությունը և հետաքրքիր փաստեր մեծ աբբահոր մասին։ Հետաքրքիր էր տեսնել սովորողների հետաքրքրասիրությունը իրենց կատարած ուսումնասիրության նկատմամբ։ Հարկ է նաև նշել, որ բոլոր ելույթ ունեցած սովորողները նոր սեբաստացիներ էին, ովքեր դեռ շատ կարճ ժամանակ է, ինչ սովորում են կրթահամալիրում։ Կարծում եմ՝ նրանց համար առավել կարևոր էր այս հավաքը, քանի որ, ի վերջո, նրանք հասկացան, թե ինչու է կրթահամալիրը կրում հենց Սեբաստացու անունը։

Կլոր սեղանի երկրորդ հատվածն ավելի ինտերակտիվ կերպով անցավ։ Սկզբում ես և Արթենին ներկայացրեցինք մեր գործող թարգմանչական, հետազոտական և վերլուծական բլոգները, որոնք Սեբաստացու գործունեության մերօրյա շարունակությունն են։ Իսկ ամենավերջում կազմեկերպեցինք մեր խաղ-վիկտորինան։ Խաղ-վիկտորինան էկեկտրոնային էր, որին միացել էին ներկա գտնվող բոլոր ցանկացողները, իրենց հեռախոսներով։ Հարցերի պատասխանները անանուն էին, բայց մենք տեսնում էինք ամենաշատ միավորներ հավաքած մասնակցի անունը։ Առաջատարի համար ունեինք նախապատրաստած մրցանակ՝ սովորողների կողմից պատրաստված կավե նուռ։ Օրվա հաղթողը Հովսեփյան Անահիտն էր, ով մեծ սիրով և ոգևորությամբ ընդունեց մրցանակը։ Հարցաշարի գլխավոր նպատակը Սեբաստացու մասին տեղեկությունների իմացության ամփոփումն էր, որը, կարծում եմ, ստացվեց։

Կլոր սեղանի ամփոփիչ հատվածում տիար Բլեյանը հանդես եկավ իր դիտարկումներով, խորհուրդներով, նոր մտքերով ու գաղափարներով, նաև կիսվեցինք մեր տպավորություններով, կարծիքներով, հարցերով ու առաջարկներով, որով օրն ավելի գեղեցիկ ավարտ ունեցավ։

Оставьте комментарий