Ազգային արժեքներ և քաղաքականություն․ Տիգրան Հայրապետյան․ Վերլուծություն

Կարող են սխալվել անհատները, հասարակության առանձին խմբեր, բայց ժողովուրդը երբեք չի սխալվում։
Երբեք չի՞ սխալվում․․․

Տիգրան Հայրապետյան

Վերջերս ընթերցեցի Տիգրան Հայրապետյանի նոր հրատարակվող 4-րդ գրքի «Ազգային արժեքներ և քաղաքականություն» հոդվածը։ Տվյալ հոդվածում Տիգրան Հայրապետյանը բարձրացնում է մի հարց, որը իրականում ավելի լուրջ և ավելի արդիական է, քան թվում է առաջին հայացքից։ Հիմա կփորձեմ վերլուծել հոդվածն ըստ հատվածների՝ մի փոքր ներկայացնելով տվյալ հատվածի բովանդակությունը։
Հովդածը սկսվում է քաղաքակրթության կործանման նկարագրով, որտեղ ներկայացվում է, թե ինչպես կարող է պետության անկումը դառնալ նրա հազարավոր տարիների պրոգրեսիայի եզրափակիչը։ Դարեր շարունակ մենք պատմության օրինակներով տեսել ենք տարբեր ցեղերի միավորում, որը հանգեցրել է պետականության կազմավորման, տեսել ենք անհատների շնորհիվ պետությունից կայսրության վերածումը, իսկ վերջում կայսրության անսպասելի կործանումը։ Ժամանակի հետ տեսել ենք և՛ ցեղասպանություններ, և՛ բնական աղետներ։ Հեղինակը գրում է, որ այս ամենի մեջ կա մեկ ընդհանրություն․ դա ժողովրդի ներքին քաոսն է, բարոյալքումը և արժեքների կորստի ժամանակաշրջանը։ Հենց այս պատճառով էլ նրանք կործանվում են և չեն վերականգնվում, քանի որ դառնում են տվյալ ժամանակահատվածի ամենաթույլ և խոցելի օղակն՝ առանց ազգային արժեքների։ Ամբողջ հոդվածը հիմնված է հենց վերոնշյալ ազգային արժեքների գոյության և առկայության վրա։
Դեռ հնագույն ժամանակներից մարդիկ իրենց պետականության կործանման համար փորձել են գտնել պատճառներ։ Շատ մտածողներ նույնիսկ իրենց ժողովրդի և պետության անկումը կապում էին <<աստվածային պատժի>> գաղափարի հետ, որին նրանք արժանանում էին սեփական արատների պատճառով։ Դա ինչ-որ տեղ նույնիսկ պատիժ էր։ Բոլորս էլ մեր օրերում տեսնում ենք օրինակներ, երբ նորմերի բացակայության, իշխանությունների անկարողության հետևանքով պետությունը կրում է անվերադարձ կորուսներ։ Տիգրան Հայրապետյանը ասում է, որ հասարակությունը նախ և առաջ հոգեվարք է ապրում ներսից, հետո միայն վրա է հասնում բնական աղետը կամ արտաքին թշնամին։ Նման օրինակներ մենք շատ ենք նկատել ամբողջ պատմության ընթացքում, երբ պետությունները ներքին քաոսային վիճակի պատճառով սկսել են թուլանալ, որին հաջորդել է մեկ այլ վտանգ՝ հարձակում, որի դեմ թույլ ժողովուրդը այլևս անզոր է եղել։ Իսկ ինչու՞ է այսպես։ Ինչի՞ց է ամեն անգամ առաջանում այդ ներքին թուլությունը, որը դատապարտում է մի ամբողջ ազգի, ժողովրդի կոտորման։
Մեր պատմությունը շատ բանով չի տարբերվում այլ ազգերի պատմությունից։ Հեղինակն այս տեսակետը պնդելու համար բերում է մի գեղեցիկ օրինակ, որտեղ հիշատակում է Խորենացուն, ով Արշակունյաց թագավորության անկումը չէր կապում մեծ տերությունների խարդավանքի կամ հարձակման հետ։ Տիգրան Հայրապետյանը ցիտում է հետևյալ խոսքերը՝

Հասարակությունն ինքն է կռել իր ճակատագիրը․ <<որովհետև վերացան թագավորդ և քահանադ, խորհրդականդ ու ուսուցանողդ, վրդովվեց խաղաղությունն, արմատացավ անկարգությունը, խախտվեց ուղղափառությունը, հիմնավորվեց տգիտությամբ չարափառությունը>>։ Նման արատներով վարակված ժողովուրդը դատապարտված է, և բոլորովին կարևոր չէ, թե ով է կատարելու դահճի դերը՝ Բյուզանդիան թե Պարսկաստանը, արաբները թե մոնղոլները․․․

Խորենացին գիտակցում էր, որ այս ամենը սկիզբն է ապագա ճակատագրի, որին գնում է հայ ազգը։ <<Այնպես չէ մեր վիճակը, ինչ որ հնումն իսրայելցոց ժողովուրդն ուներ, այլ մեր թշվառությունն ավելի է>> ասում էր Խորենացին։ Մարդիկ ապրում էին քաոսի մեջ, չգիտակցելով, թե որն է նրանց հիմնական արժեքն, որով նրանք պետք է ապրեն իրենց կյանքը։ Հենց այս մերօրյա կարևոր հարցն է բարձրաձայնում մի մարդ, ով կարողանում է գեղեցիկ և ռեալ վերլուծել մի բան, որի վրա շատերը աչք են փակում։ Տիգրան Հայրապետյանը ասում է, որ ժամանակի հետ ստեղվծեց որակապես նոր ազգային փիլիսոփայություն։ Ըստ որի մեր պատմությունը դա մի իդեալականացված անցյալ է, որի կործանման ամբողջ մեղքը դրվում է ազգասեր անհատների և <<հրեշավոր>> հարևանների վրա։ Ոչ մի խոսք ազգային իրական ողբերգության մասին։ Ըստ Տիգրան Հայրապետյանի, մենք ժամանակի ընթացքում, հաշվի չառնելով օտար լծի տակ գտնվելու ազգային հոգեբանության աղավաղված ժողովրդի բնական թուլությունը, ոգևորված Հյուսիսի և Արևմուտքի կրթությամբ ու եվրոպական ազատագրական ոգով ներքաշեցինք մեզ պատերազմների մեջ՝ խաղալիք դառնալով այլ Մեծերի ձեռքին։ Ինչի հետևանքով կրեցինք կորուստներ և ոչինչ ձեռք չբերեցինք։ Մենք կռվում էինք մեր ուժերին համապատսխան։ Մեր խնդիրը քաղաքական ոլորտում էր։ Չկար մտավոր ուժը, որը կտաներ ժողովրդին հաղթանակի։ Հենց այս մտավոր ուժն է, որը բացակայում է հայ ազգի մեջ դարեր շարունակ։
Մեր օրերում մենք տեսնում ենք, որ առաջատար են արևմտյան և արևելյան ապրելակերպ հասկացությունները, որոնք իրենց մեջ ներառում են հասարակական հարաբերություններ, տնտեսական կառույցներ, մարդու իրավունքների ինստիտուտ։ Մեր օրերում ցանկացած տնտեսական, քաղաքական առաջընթաց մենք ուղղակիորեն չենք կարող պատկերացնել առանց վերոնշյալ կետերի, հետևաբար պետք է այն ինչ-որ կերպ որդեգրենք, հատկապես հաշվի առնելով այն, որ նույն արևմտյան արժեքներն իրենց մեջ ունեն քրիստոնեական բարոյականությունն ու կանոնակարգը, մարդու իբրև բարձրագույն արժեքի ընդունումը։ Ըստ հոդվածի, եթե մենք <<Ազգային արժեքներ>> ասելով նկատի ունենանք այն կենսակերպը, հասարակական հարաբերությունները, որոնք ձևավորվել են վերջին հարյուրամյակի ընթացքում թյուրք-մահմեդական անժխտելի ազդեցության պայմաններում, ապա բնական է, որ մենք չենք կարողանա այն որդեգրել։ Այստեղ գալիս է մեկ այլ խնդիր, թե ինչպես պետք է կարողանանք ընդունել այդ մեզ <<հարազատ>> արժեքները, առանց կորցնելու մեր սեփականը։
Մենք այս պահին ապրում ենք մի աշխարհում, որտեղ եկեղեցին և հավատքը կրում են ծիսական բնույթ։ Նույն Հայ Առաքելական Եկեղեցու անգործության պայմաններում հանրապետությունում հարմար պայմաններ են ստեղծվել քրիստոնեական աղանդների և այլ հավատքների համար։ Ըստ հեղինակի սա ավելի է զարգացնում պետության ներսում աճող ճգնաժամը։ Մեզ պետք են մեր պապենական ադաթները, որոնք կկարողանան սահմանել մեր իսկական արժեքները, պահպանել դրանք։ Մենք այս պահին արդեն կործանման շեմին ենք։ Մեր օտար ուժերի և սեփական <<ազգանվեր գործիչների>> խաբեությունը, կրոնական-հոգևոր արժեքների փաստացի կորուստը նպաստել են այդ կործանարար ընտրությանը։
Այսպիսով այս բոլոր հիմնախնդիրներին որպես լուծում հոդվածում առաջարկվում է Ազգային Զարթոնքն, նույն Ազգային Ռեֆորմացիան և Վերածնունդը։ Ռեֆորմացիա, որն իր մեջ կընդգրկի մեր ժողովրդի հետ առնչվող բոլոր խնդիրները՝ ընտանիքը, կրոնը, հոգեբանությունը, հասարակական հարաբերությունները, քաղաքական համակարգը և այլն։ Տիգրան Հայրապետյանը առաջարկում է Ռեֆորմացիան սկսել վերևից։ Պետք է սկսվեն նոր, համամարդկային արժեքների հետ ներդաշնակող, հասարակական-քաղաքական բարեփոխումներ։ Ըստ հոդվածի սա է մեր միակ երաշխիքը։ Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ սա հանգեցնում է ինտելեկտուալ ընտրախավի բախտաբաժնին։ Ազգի կենսունակության լավագույն ցուցանիշը կլինի ռեֆորմիստական գաղափարները կրող նոր ընտրախավի առաջադրումը։ Ի վերջո այս ամենը Տիգրան Հայրապետյանը ավարտում է հետևյալ խոսքերով՝

Մենք իրավունք չունենք մոռանալու, որ Օսմանյան կայսրության փլատակների տակ մնացինք միայն մենք ՝ հայրես, իսկ այժմ փլվում է Ռուսական կայսրությունը․․․

Այս ամբողջ հոդվածից հետո, ես սկսեցի ավելի խորը մտորել մեր ազգային արժեքների, նրանց նշանակության մասին։ Ի վերջո, ես համաձայն եմ այն մտքին, որ ազգային արժեքները շարժիչներն են քաղաքականության։ Իրականում հոդվածը ռուս-ուկրաինական պատերազմի օրերին զուգահեռ շատ արդիական է թվում։ Եթե չլիներ հոդվածի վերջին թվականը, ես առաջին իսկ հայացքից էլ կկարծեի, որ այն մերօրյա է։ Ամբողջ հոդվածի գլխավոր ասելիքը, սեփական ազգային արժեքների փոփոխությունը շատ գնահատելի է և կարևոր ամբողջ հայ ագի համար, բայց թե արդյոք որքան ռեալ է նրա իրականացումը, ավելի բարդ է պատկերացնել։ Ցանկացած դեպքում մարդկության պատմությունը վերլուծելիս գալիս ենք այն եզրակացության, որ աշխարհի ցանկացած պետություն սկսում է պատկանել այս կամ այն կայսրությանը։ Դեֆակտո, այս պահին մենք նույնպես Ռուսական կայսրության պռետեկտորատի տակ ենք, բայց չենք մտնում նրա տարածքային ամբողջականության մեջ։ Ժամանակի հետ միասին աշխարհի օրենքն է դառնում կամ լինելը մի հզոր կայսրության մեջ (դե յուրե կամ դե ֆակտո), կամ դառնալը կայսրություն։ Այս պահին մենք, դե յուրե, չենք մտնում Ռուսաստանի կայսրության մեջ, քանի որ ինքներս ժամանակին եղել ենք կայսրություն։ Սրանից կարելի է հետևություն անել, որ մենք իսկապես ունենք և ունեցել ենք այն ազգային արժեքները, որոնք այդքան կարևոր են մեզ համար։ Այո, նրանք ամբողջական և տարածված չեն, բայց նույնիսկ նրանց ամբողջական լինելու դեպքում, մենք պետք է կարողանանք պահելով մեր ազգային արժեքները կազմել այն կայսրության մի մաս, որն ամենաճիշտն է մեր շահերի համար։ Ժամանակի հետ, մեր միակ անելիքը դառնում է սեփական ազգային արժեքներն ամբողջացնելու և պահպանելու գործընթացը։

Оставьте комментарий