Տիգրան Հայրապետյանի օրը

Մարտի 18-ը, ըստ մեր կրթահամալիրի և հասարակագիտական ստուգատեսի օրացույցիՏիգրան Հայրապետյանի օրն է։ Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես Տիգրան Հայրապետյանի օրը շատ բովանդակալից և հագեցած էր։ Կցանկանամ նշել, որ մարտի 18-ը հենց  յուրօրինակ է նրանով, որ այն քաղաքագետ, հրապարակախոս, վերլուծաբան Տիգրան Հայրապետյանի ծննդյան օրն է։
Եվ այսպես օրը սկսեցինք մեզ համար ավանդույթ դարձած կլոր-սեղանով, որտեղ ամեն տարի ներկայանում են Տիգրան Հայրապետյան ընթերցած-վերլուծած սովորողներն իրենց հետաքրքիր, յուրահատուկ վերլուծություններով։ Այս տարի հանդես եկան Ավագ դպրոցի սովորողների յոթ հոգանոց խումբը, ովքեր ներկայացան Տիգրան Հայրապետյանի նոր լույս տեսնող գրքի հոդվածների ընտրանու վերլուծություններով։ Այս տարի, բացի մեզ շատ ծանոթ երեք գրքերից, մարտի 18-ին լույս տեսավ նաև Տիգրան Հայրապետյանի չորրորդ՝ «Պատերազմ և քաղաքականություն» գիրքը, որի շնորհանդեսին մենք նույնպես ներկա գտնվեցինք։ Մեզ բացառիկ հնարավորություն էր ընձեռնվել ընթերցելու և վերլուծելու 4-րդ գրքի հոդվածները մինչ գրքի լույս աշխարհ գալը։ Առիթը բաց չթողնելով՝ ինքս էլ ընտրեցի նշված գրքի «Ազգային արժեքներ և քաղաքականություն» հոդվածը, որի վերլուծությունը ներկայացրի կլոր սեղանին։ 

Կլոր սեղանը ողջույնի խոսքով բացեց տիար Բլեյանը, ով ոչ միայն Տիգրան Հայրապետյանի լավ գործընկերն է եղել, այլ նաև հնարավորություն է ունեցել դառնալու նրա իսկական ընկերը։ Տիար Բլեյանը հիշեցրեց և պատմեց մի քանի հետաքրքիր դեպքեր իրենց կյանքից, Տիգրան ընկերոջ ծանր և անսպասելի վախճանի մասին և, առհասարակ, խոսեց կլոր սեղանի կարևորության մասին։ 

Սովորողների ելույթներից հետո հաջորդեց գրքի շնորհանդեսը, որը տեղի ունեցալ Հոլիդեյ ինն, «Երևան» սրահում։ Այնտեղ ներկա էին Տիգրան Հայրապետյանի կինը՝ Նազենին, ում նախաձեռնությամբ լույս տեսավ գիրքը, նրա ընկերներից շատերը, «Արմենիա» հեռուստաընկերության աշխատակիցները և շատ այլ հյուրեր։ Շնորհանդեսը տեղի ունեցավ հստակ ծրագրով, ըստ որի նախ մի փոքր ներկայացվեց նոր հրատարակվող գիրքը՝ նրա թրեյլերով միասին, հետո ներկայացան և խոսեցին նրա հարազատներն ու  ընկերները, այնուհետև տեղի ունեցավ պանելային քննարկում, որից հետո հանձնվեցին «Տիգրան Հայրապետյան» ամենամյա մրցանակները «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի երկու սովորողների և մեկ ուսուցչի։ 

Ամբողջ շնորհանդեսը շատ հուզիչ էր, քանի որ ներկաները պատմում էին տարբեր դեպքեր իրենց ընկերոջ և հարազատի կյանքից, փոխանցում էին այնպիսի տեղեկություններ, որոնք հայտնի չէին կամ քիչ հայտնի էին ներկաներին։ Իսկ տեսահոլովակի օգնությամբ խոսեց նաև Տիգրանի մայրը՝ Ֆրիդա մայրիկը, ով ամեն տարի պարտադիր ներկա էր գտնվում կրթահամալիրում Տիգրան Հայրապետյանին նվիրված ուրբաթ-համերգներին, սակայն այս տարի, վատառողջ լինելու պատճառով, էկրանից ներկայացավ։

Միջոցառման վերջում, ինչպես արդեն վերը նշեցի, հանձնվեցին «Տիգրան Հայրապետյան 2022» ամենամյա մրցանակները։ Այս տարի մրցանակին արժանացել էին Ավագ դպրոցի սովորողներ Սոնա Բալայանը և Շուշան Փաշինյանը, դասավանդող Սամվել Թամազյանը։ 

Շնորհանդեսից հետո խմբով  վերադարձանք Մայր դպրոց, որտեղ արդեն սկսվել էր «Ձոն Տիգրան Հայրապետյանին» ուրբաթ-համերգը, և ուրախ նոտաների ներքո էլ ավարտեցինք հերթական Տիգրան Հայրապետյանական օրը։

Оставьте комментарий